Բաժիններ՝

Վրացի արհեստավորները շուրջ երկու անգամ թանկացրել են հայերին պատկանող մեքենաների ղեկի փոփոխման վճարը

Հայաստանի կառավարության որոշմամբ 2018թ. ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:

Շատերը փորձում են մեքենաները Վրաստանում ձախակողմյան դարձնել, նոր բերել Հայաստան: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանի հաղորդմամբ՝ վրացի արհեստավորների մոտ կիլոմետրերով հերթեր են գոյացել:

«Նրանք չեն հասցնում մեքենաների ղեկն աջից ձախ տեղափոխել: Մեկ մեքենայի ղեկի տեղափոխման համար պահանջվում է 5-7 օր: Պատկերացրեք՝ 30 մեքենայի համար 150 օր է անհրաժեշտ: Ավելին՝ ստեղծված իրավիճակից ելնելով՝ վրացի արհեստավորները շուրջ երկու անգամ թանկացրել են մեքենաների ղեկի փոփոխման վճարը: Շատ դեպքերում ասում են՝ եթե ուզում ես մեքենադ հերթի մեջ առաջ գցենք, բացի այն, որ 1000 դոլար պետք է տաս տեղափոխման համար, մի 100 էլ ավելացրու»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Միսակյանը:

«Նշեմ, որ ղեկի տեղափոխման աշխատանքներով Վրաստանում այսօր զբաղվում են նաև հայ մասնագետները, որոնք այստեղից գնացել են այնտեղ, խոպան, էլի: Գնացել են Վրաստան, այնտեղ սպասարկման կենտրոններ են վարձել ու այդ աշխատանքներով են զբաղվում: Բնականաբար, հնարավորություն կա այդ աշխատանքները նաև Հայաստանում կազմակերպել, բայց մեր խնդիրն աջ ղեկով մեքենաններ ներմուծելու թույլտվություն ստանալն է: Դեմ ենք, որ բերեն ու այստեղ փոխեն, որովհետև մեքենաների անվտանգության խնդիրները դառնում են արդիական: Կան մեքենաներ, որոնք ունեն նաև ձախ տիպը, և ղեկի տեղափոխոււմը հեշտ է ու անվտանգ, կան այնպիսիք, որոնք չունեն նույն մեքենայի ձախ տիպը, հետևաբար՝ տեղափոխման դեպքում խաթարվում է մեքենայի անվտանգությունը: Ով ցանկություն ունի, թող փոխի, ոչ թե լինի պարտադրանք»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Արթուր Միսակյանի փոխանցմամբ՝ մարդիկ նախընտրում են աջ ղեկով մեքենաները, քանի որ մատչելի են, շահագործումն ու պահեստամասերը՝ էժան:

Նշենք, որ ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերում նշվում է, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս