Բաժիններ՝

Ողջ աշխարհում թույլատրված թմրանյութը. Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լաստիգ

Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լաստիգի դասախոսության ամենահետաքրքիր հատվածները:

Սան-Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լաստիգը հավանաբար ամենահանրահայտ ամերիկացի բժիշկն է: Նրա առաջին հանրահայտ «Շաքար. դառը ճշմարտություն» դասախոսությունը դիտել է ավելի քան 4 միլիոն մարդ, 2-րդ «Ճարպոտ հնարավորություն. Ֆրուկտոզա 2.0» վերնագրված դասախոսությունը` քառորդ միլիոն անգամից ավելի: Սկսենք վերջից:

«Ճարպոտ հնարավորություն. Ֆրուկտոզա 2.0»-ի մեջ Լաստիգը պատմում է, թե ինչո՞ւ են յուղազրկված մթերքներն ու առողջ սնունդի մասին գրքերը ճարպակալում հարուցում, ու դրանում ինչ դեր են խաղում սննդային արդյունաբերության հսկաները: Այս տարի Լաստիգի համալսարանական գործընկերները հրապարակեցին սննդամթերքի շուկայի մասշտաբային վերլուծությունը, ուր կա այն հարցի պատասխանը, թե ինչն է իրականում ընկած շաքարախտի համաճարակի ու ճարպակալման հիմքում: Ինքը` Լաստիգը, երկար տարիներ է` պայքար է մղում տարատեսակ մոլորությունների դեմ:

Նա ապացուցում է, որ առողջության ու առողջ սնվելու մասին ժամանակակից պատկերացումները կառուցված են սուտ գաղափարների ու վնասակար օրենքների վրա, որոնք հաճախ շրջանառության մեջ են դրվում սննդային արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից:

Կարդացեք նաև

Սա կոնսպիրոլոգիա չէ: Իր յուրաքանչյուր միտքը դոկտոր Լաստիգն ապացուցում է ազգային ու միջազգային տարատեսակ հետազոտություններով:

Համաշխարհային մասշտաբի խնդիր

Աշխարհում 30 տոկոսով ավելի շատ ճարպակալումով տառապող մարդ կա, քան սովյալներ: Մոլորակի բնակչության 5 տոկոսը` 366 միլիոն մարդ, արդեն հիվանդ են շաքարային դիաբետով: Համաճարակի շեշտակի աճ է գրանցվում հատկապես վերջին 15 տարիներին:

Ճարպակալումն ազգային խնդիր է դառնում այն երկրներում, ուր կա սովի պրոբլեմ: Մանկական ճարպակալության խնդիրը հատկապես արագ է զարգանում: Դա տեղի է ունենում ԱՄՆ-ում ու Ճապոնիայում, Ռուսաստանում ու բոլոր զարգացող երկրներում:

2012թ. դիաբետի բուժումն ամերիկյան բյուջեի վրա 245 միլիարդ դոլար է արժեցել: 2030թ. ամերիկացիների գրեթե կեսը կտառապի ճարպակալմամբ: Մետաբոլիկ սինդրոմի հետևանքների կամ բարդությունների բուժման համար ծախսվում է առողջապահական բյուջեի 75 տոկոսը: Եթե հաջողվեր գոնե դանդաղեցնել շաքարախտի համաճարակը, անհրաժեշտ չէր լինի ոչ առողջապահական ռեֆորմ, ոչ բյուջեի սեկվեստր:

Մետաբոլիկ սինդրոմը միայն գեր մարդկանց խնդիրը չէ: Դա նյութափոխանակության անառողջ կերպն է, որը հանգեցնում է մահացու հիվանդությունների` ինֆարկտի, շաքարախտի ու անգամ քաղցկեղի: Այն հանդիպում է ոչ միայն ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ:

Ինչն է հանգեցնում  ճարպակալման: Գլխավոր առասպելը:

Էներգիայի պահպանման օրենքն ասում է, որ մեր օգտագործած բոլոր կալորիաները, այսինքն` էներգիան, անհրաժեշտ է ծախսել, հակառակ դեպքում դրանք կկուտակվեն օրգանիզմում ճարպի տեսքով: Առողջ դատողությունը հուշում է, որ առողջ լինելու համար պետք է քիչ ուտել, բայց շատ շարժվել: Այս ամենից հետևում է գլխավոր ստահոդ եզրակացությունը. կամ դուք քիչ եք ուտում, կամ շատ եք ծախսում, իսկ եթե դա չեք անում, մեղադրեք ինքներդ ձեզ: Ողջ պատասխանատվությունն ընկնում է մարդու, այսինքն` սպառողի, տուժողի վրա:

Այսպիսի մոտեցման դեմ Լաստիգը վարում է բազմամյա սրբազան պատերազմ:

Նախ՝ ոչ բոլոր կալորիաներն են միատեսակ օգտակար: Տարբեր կերակրատեսակներից նրանք յուրացվում ու պահուստավորվում են տարբեր կերպ: Այդ իմաստով քաղցր կերակուրը շատ ավելի վտանգավոր է, քան ճարպոտը:

Երկրորդ՝ ապացուցված է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը գրեթե չի օգնում նիհարել: Իհարկե, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում է ձևավորել մկանային զանգված, ու ընդհանրապես դրանք օգտակար են առողջության համար, բայց դրանք չեն փոխում կամ գրեթե չեն փոխում կշեռքի վրայի թվերը:

Երրորդ՝ ոչ ամբողջ ճարպն է միատեսակ վնասակար մեր առողջության համար: Ենթամաշկային ճարպը չի սադրում նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ու չի բարձրացնում վտանգավոր հիվանդությունների ռիսկը: Հնարավոր է, այսպես կոչված, ցելյուլիտն այնքան էլ հաճելի տեսք չունի, բայց այն հաստատ առողջության համար վնասակար չէ: Իր հերթին՝ ստամոքսի հատվածի ճարպն անզեն աչքով միգուցե տեսանելի չլինի, բայց այն պարուրում է սիրտը, լյարդը և այլ կենսական կարևոր օրգաններ`  ներկայացնելով իրական վտանգ:

Մարդիկ սկսել են շատ ուտել: Դա կապված է ծանր բիոքիմիական խաթարումների հետ:

Ողջ աշխարհում թույլատրված թմրանյութը:

Առողջ սնվելու մասին հանրամատչելի գրականությունը մեզ սովորեցնում է, որ ֆասթ-ֆուդը վնասակար է, քանի որ նրանում շատ աղ, ճարպ ու շաքար կա: Իրականում ուղեղում պարզապես չկան ճարպին կամ աղին սովորելու մեխանիզմներ, փոխարենը՝ շաքարն աշխատում է այն նույն սկզբունքով, ինչ ուժեղ թմրանյութերը: Ավելին, պարգևատրման համակարգն ուղեղում այնպես է տեղադրված, որ զարգացնելով մի թմրանյութի նկատմամբ կախվածություն` մարդը միաժամանակ զարգացնում է այդ կախվածությունն այլ թմրանյութերի նկատմամբ, որոնք կյանքում չի էլ տեսել, բայց որոնք գործի են դնում նույն այդ կենսաքիմիական գործընթացները:

Եզրակացություն`

Մանկուց քաղցրի սովոր մարդն արդեն իսկ հակված է թմրամոլության և ալկոհոլիզմի:

Այնուամենայնիվ, այսօր քաղցր ըմպելիքները գովազդվում են՝ որպես օգտակար և առողջ՝ «գլյուկոզան օգտակար է ուղեղի համար», իսկ «թեթև» մթերքներում ճարպի բացակայությունը շռայլորեն փոխհատուցվում է շաքարով:

Շաքարն օգտագործվում է նույնիսկ այն կերակուրի կարամելացման ու գունավորման համար, որը քաղցր համ չի ենթադրում, օրինակ, տապակած մսի դեպքում: Այդ պատճառով էլ կես դարի ընթացքում ֆրուկտոզայի կիրառության մակարդակը բարձրացել է 5 անգամ:

Ճարպակալում հարուցող մթերքների վարկանիշային աղյուսակում առաջին 2 տեղերը զբաղեցնում են չիփսերն ու տապակած կարտոֆիլը: Ըմպելիքների շրջանում մեծ տարբերությամբ առաջատարներն են քաղցրացված լիմոնադները, գազավորված հյութերն ու մյուս հյութերը:

Շաքարի ու շաքարային կուլտուրաների սպառումը վերջին 50 տարում մեծացել է 3 անգամ: Այստեղ առաջատար է Բրազիլիան` նախկինում աղքատ մի երկիր, որ արտահանում էր տեղի բնակիչներից շատերի գրպանի համար ոչ մատչելի շաքարը: 20-րդ դարում շաքարն էժանացավ ու դարձավ առաջատարն արդեն սպառողների շրջանում:

Եթե նայենք շաքարախտի համաշխարհային տարածման աշխարհագրությանը, ապա այս հիվանդության հետ կապված ամենամեծ խնդիրները ոչ թե Հյուսիսային Ամերիկայում են առկա, այլ Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Քաթարում, ԱՄԷ-ում և Մալազիայում:

Ինչու են այնտեղ ամենաշատ դիաբետիկները:

Խնդիրը կլիմայի ու մշակույթի մեջ է: Մի կողմից՝ շոգ է, մյուս կողմից` արգելված է ալկոհոլը: Բնականաբար, բոլորը խմում են սառը քացր լիմոնադ: Որոշ իմաստով ալկոհոկը լիմոնադից անվտանգ է, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի սպիրտային խմիչների օգտագործման սահման, որից ավելի ինքը պարզապես այլևս չի կարող խմել, բայց գազավորված ըմպելիք կարելի է խմել լիտրերով:

Ընդամենը 7 տարվա ընթացքում` 2000-2007 թթ., Աշխարհում դիաբետի մակարդակը մեծացել է 5,5-7 տոկոսով: Սրան նպաստող գործոնների ողջ բազմազանությունից ամենաանմիջական դերը խաղում են շաքարն ու աշխաջրածիններով հարուստ այլ սննդատեսակները: Հետաքրքիր է, որ սննդի կալորիականությունն ինքնին այնքան էլ կարևոր չէ: Եթե օրական 150 կիլոկալորիա ավելի օգտագործես, շաքարախտի հավանականությունը կմեծանա ընդամենը 0,1 տոկոսով: Սակայն, եթե այդ 150 կիլոկալորիան դուք հավաքում եք քաղցր գազավորված ընպելիքի միջոցով, հիվանդություն վաստակելու հավանականությունը մեծանում է 11 անգամ:

Աշխարհում գրանցված դիաբետի բոլոր դեպքերի քառորդ մասը հարուցված է ոչ թե ժառանգականությամբ, վերացական սխալ կենսակերպով ու անառողջ սնունդով ու շատակերությամբ, այլ բացառապես և ամբողջովին` շաքարով:

Եզրակացություն`

Դիաբետի համաճարակը կանգնեցնելու համար բավական է միայն սահմանափակել շաքարի կիրառությունը, ինչպես սահմանափակում են ցանկացած այլ թմրանյութի նկատմամբ  հակումը:

Թմրամոլությունն առևտրի շարժիչն է:

Որտեղից է ժամանակակից մարդը շաքար ստանում: Շաքարի մեկ երրորդ մասը մենք ստանում ենք քաղցր հյութերից, մեկ վեցերորդ մասն ուտում ենք աղանդերի տեսքով, շաքարի կեսը թաքնվում է կերակուրի մեջ, որը պարտավոր չէ քաղցր լինել` թանձրուքների, հացի, մակարոնեղենի ու ողջ արդյունաբերական սննդատեսակների մեջ:

Սուպերմարկետներում վաճառվող մթերքների 80 տոկոսը ավելացրած շաքար է պարունակում, ինչը փաթեթավորման վրա հաճախ նշված չէ, քանի որ օրենքը չի պարտադրում նշել:

Շաքարն առևտրի շարժիչն է: Քանի որ շաքարը թմրանյութային էֆեկտ ունի, այն մեզ ստիպում է գնել ու ուտել ավելի շատ:

Վերջին 30 տարում միջին սպառողը սկսել է էականորեն քիչ գումար ծախսել մսի ու կաթնամթերքի համար ու կրկնակի ավելացրել  է կիսաֆաբրիկատների ու քաղցրեղենի վրա ծախսվող գումարի չափը:

Իսկ կառավարությունները ոչինչ չեն անում շաքարային թմրամոլությունը սահմանափակելու ու դրա հետ կապված հիվանդությունների շեշտակի աճող համաճարակի դեմն առնելու համար:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս