Հայոց ցեղասպանության բացառիկ վավերագրերը ռուսական դիվանագիտական աղբյուրներում
Հայոց ցեղասպանության մասին վավերագրական նյութերը գրվել են՝ ինչպես հայազգի, այնպես էլ՝ օտարազգի անհատների ջանքերով: Այդ վավերագրությունները փաստում են Հայոց ցեղասպանության իրողությունը:

Հայ հեղինակները՝ ականատես վերապրածները, գրողները և հրապարակախոսները, իրենց հուշագրություններով ու փաստագրություններով փոխանցել են հայ ազգի ապրած ողբերգությունը:
Միաժամանակ օտարազգի դիվանագետների, միսիոներների և լրագրողների վկայությունները կարևոր դեր են խաղացել միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու գործում։
Վավերագրական այդ նյութերն այսօր ևս հանդիսանում են ցեղասպանության փաստի և պատմական ճշմարտության կարևորագույն ապացույց։

Այս համատեքստում կարևոր են և հիշատակության արժանի ռուս պետական և քաղաքական գործիչ Սերգեյ Սազոնովին ուղարկված վկայությունները Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև նրա ելույթն այդ հարցի շուրջ:
Սազոնովը 1915 թվականին եղել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը: Նա կարևոր դերակատարում է ունեցել նաև հայկական հարցի, ինչպես նաև հայկական բարենորոգումների շուրջ տեղի ունեցած բանակցություններում, և այդ ամենի մասին գրել է իր հուշերում:
Հայոց ցեղասպանության մասին կարդում ենք Սազոնովին ուղարկված 1915 թվականի հունիսի հաղորդագրությունում.
«Կահիրեում ռուսական դեսպանորդ, Արտաքին գործերի նախարար Ս. Դ. Սազոնովին
Հաղորդագրություն թիվ 58
Կահիրե,
25 հունիսի, 1915 թ.
Սիրիայում և նրան հարակից շրջաններում հայերի հանդեպ կատարված դաժանությունները հասնում են անհավատալի չափերի: Թալանը, բռնությունները, կոտորածը և հաճախ ամբողջ հայկական գյուղերի գլխովին ոչնչացումը կրկնվում են անընդհատ, ընտանիքները անողոքաբար բաժանվում են, կանանց խլում են տղամարդկանցից, երեխաներին` ծնողներից և բոլորն ուղարկվում են աքսորի տարբեր ուղղություններով:
Հատկապես դաժանորեն հետապնդվում է հայ հոգևորականությունը, եկեղեցականներին տանջում են, խոշտանգում են, պոկում նրանց եղունգները: Վերջերս 12000-անոց թուրքական զորքերը գրավեցին Զեյթունը, որը ծառայում էր, որպես հայության պատվար և իրեն մոտ չէր թողնում թուրքական ուժերին:
Սպառնալիքներով, խաբեությամբ և խոստումներով թուրքերը դրդեցին հայերին հանձնել Զեյթունը և, գրավելով քաղաքը, ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսան նրա բնակիչների և պաշտպանների հետ:
Հազարավոր մարդիկ ջարդվեցին և կոտորվեցին` չնայած լրիվ անպատժելիության լայն խոստումների…»: (Մեջբերումը՝ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ-ից Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute):

Արդեն իսկ հաջորդ վավերագրությունում կարդում ենք Սազոնովի ելույթը Ռուսաստանի Պետական Դումայում, որում ընդգծվում է Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև Թուրքիայի դաշնակիցների աջակցությունն այդ հարցում.

«Սմիրնով
Արտաքին գործերի նախարար Ս. Դ. Սազանովի ելույթը Պետական Դումայի բացման օրը
9 փետրվար, 1916 թ.
…Ինձ դեռևս նախկինում վիճակվել էր ձեր առջև հիշատակել այդ դժբախտ ժողովրդի չլսված տանջանքների մասին: Դաշնակցային Գերմանիայի բարեհաճ աչքի առջև, թուրքերն, ըստ երևույթին, մտադիր են իրագործել հայ բնակչության լիակատար բնաջնջման մասին իրենց վաղեմի երազանքը, որը (հայ բնակչությունը) չի ենթարկվում մահմեդական զանգվածի ազդեցությանը և, այդպիսով, արգելք է ծառայում թուրքական կայսրությունը իրեն տնտեսապես և քաղաքականապես ենթարկելու գերմանական ծրագրերի համար…»: (Նույն տեղում):

Հատկանշական է, որ Սերգեյ Սազոնովի մատնանշած իրողությունները՝ հայերին կոտորելու և զուգահեռաբար նաև դավանափոխ անելու թուրքական ծրագիրը կարդում ենք նաև Թալեաթի գաղտնազերծված հեռագրություններից մեկում.
«Հալէպի Կուսակալութեան
Պատասխան՝ 2 Դեկտեմբեր 1915 հեռագրին.
Ընդհանուր առաքումներէն (դէպի անապատ) փրկուելու մտածումով իսլամութիւնը ընդունիլ ուզող հայերուն հաղորդեցէք թէ անհրաժեշտաբար պետք է իրենց տարագրութեան վայրերուն մէջ իսլամանան:
17 Դեկտ. 1915. Ներքին գործոց նախարար Թալէադ»: (Անտոնյան Ա., «Մեծ ոճիրը», Բոստոն, 1921, էջ 212):

Հայոց ցեղասպանության ռուսական վավերագրերն անժխտելի փաստեր են, որն ապացուցում է պատմական ճշմարտությունը։ Դրանք ոչ միայն արձանագրում են կատարված ողբերգությունը, այլև բացահայտում են դրա կազմակերպված բնույթը, նպատակները և իրագործման մեխանիզմները։
Զ. Շուշեցի



