Բաժիններ՝

«Ավերակի վերականգնումը թանգարանի խելքի բանը չէ». «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն

Պատմաբան Արտակ Մովսիսյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր Էրեբունի հնավայրի մասին՝ նշելով, որ այն այսօր խայտառակ ավերակ վիճակում է:

«Հուշարձանի, որմնանկարի վրա գնում, խզբզում են: Էրեբունի հուշարձանը գետինը մտնելու վիճակում է հիմա»,- ասել էր պատմաբանը:

«Այդ որմնանկարներն օրիգինալ չեն, իսկ խզբզումն արվել է 10 տարի առաջ: Հիմա նման բան չի արվում: Հազար անգամ ցույց են տվել դա, ու նորություն չէ, սակայն անընդհատ թմբկահարվում է: Մենք միջոցներ չենք ձեռնարկել դրանք քողարկելու համար, քանի որ վերականգնողական աշխատանքների մեծ ծրագիր ունեինք, ավելորդ ծախս չէինք ցանկանում անել: Ամեն անգամ ասում էին, ահա, վերականգնման հետ կապված աշխատանքները սկսում ենք, բայց այդպես էլ մնաց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Հարցին՝ ո՞րն է վերականգնողական աշխատանքների դանդաղեցման, կամ ավելի ճիշտ՝ չսկսման պատճառը, արգելոց-թանգարանի տնօրենը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ֆինանսական մեծ միջոցներ են պահանջվում: Քաղաքական խառը վիճակն էլ դեր ունեցավ: Մեր հարցն ընդգրկված էր քաղաքապետարանի կողմից չորս կարևոր ծրագրերի շարքում, բայց այդպես էլ ոչ ներդրող գտնվեց, ոչ էլ ֆինանսավորում եղավ: Ամբողջ նախագծերն արել էինք, անցկացրել բոլոր փուլերով…»:

Գագիկ Գյուրջյանի փոխանցմամբ՝ խոսքը մոտավորապես 5 միլիոն դոլարի մասին է:

«Աշխատանքները կարելի է սկսել, ասենք, 100 միլիոն դրամով: Երևանի նոր քաղաքապետը դեռ մեզ հետ չի հանդիպել, հենց լինի նման բան՝ կներկայացնենք բոլոր ծրագրերը: Սա պարտադիր պետք է լինի, չի կարող չլինել: Չհասցրեցինք մինչև «Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակը, հիմա գոնե մեկնարկը տանք»:

Ինչ վերաբերում է Արտակ Մովսիսյանի այն դիտարկմանը, թե Էրեբունի հուշարձանը գետինը մտնելու վիճակում է, թանգարանի տնօրենը նկատեց.

«Ընդհանուր առմամբ անհարմար վիճակ է: Կան խնդիրներ, որոնք թանգարանինն են, օրինակ՝ մաքուր, բարեկարգ պահելը, ինչն արվում է: Խնամվում է, բայց ավերակը, իսկ ավերակի վերականգնումը թանգարանի «խելքի բանը չէ»: Սա պետական խնդիր է: Հարցով պետք է զբաղվի Կառավարությունը՝ քաղաքապետարանի հետ միասին»:

Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց նաև, որ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակի պետական հանձնաժողովը թանգարանում որևէ միջոցառում, չգիտես ինչո՞ւ, չի նախատեսել:

«Երևանի տարբեր հատվածներում լինելու են միջոցառումներ, երեկոյան էլ՝ գալա- համերգ, մեզ էլ հրավիրել են»,- նշեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս