Բաժիններ՝

Ազգային գաղափարախոսության ջահակիրն ու սերունդների պահապանը

«…Ահա թողնում եմ ձեզ մշտախոս կտակ, որ հայն իր հայրենատուր հողեն չբաժնվի: Զի հողն պետք է Կենաց և մահու օր պինդ գրկել։ Երբ հողն կորսնցեք, ձեր կեանքն ալ հողին հետ կը կորսուի»,- մեծ հոգևորական, ազնվագույն հայ, ազգային-ազատագրական պայքարի ջահակիր, հասարակական-քաղաքական գործիչ, հոգևոր-մշակութային գործիչ, գրող, փիլիսոփա Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի խոսքերն են: Նա սերունդներին կտակեց սիրել ու պահպանել Հայոց հողը և ուղղեց իր հայրապետական հորդորը. «Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի»: Այսպես էր նա սահմանում հայ ժողովրդի ապրելու բանաձևերից մեկը: Եվ նրա կերպարը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը այսպես պիտի բնութագրեր. «Մեծ մարդ, շա՛տ մեծ…փիլիսոփա բանաստեղծ, ով օրենք չէր ճանաչում, օրենք չգիտեր, օրենքից բարձր էր, ինքն էր ստեղծում օրենքներ…»:

Խրիմյան Հայրիկը Հովհաննես Թումանյանի համար այն եզակի ազգային գործիչն էր իր ապրած դարաշրջանում, որ նրան նվիրել էր չորս գեղարվեստական ստեղծագործություն՝ երկու բանաստեղծություն՝ «Հայ ուխտավորին», «Կաղնի» և երկու արձակ երկ, որոնք տպագրվել են Խրիմյան Հայրիկի մահվան առիթով՝ «Երկու հայր», «Խրիմյան Հայրիկի օրերից մինը»…

Հայ դպրոցականն իր դասագրքերում միշտ հանդիպել է այդ բանաստեղծություններին, որոնք Հայոց Հայրիկին նվիրված գրական դիմանկար-կտավներ են, որոնցով Մեծն Թումանյանն արտահայտել է իր դրվատանքը Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ, ում վիճակված էր ապրել ծանրագույն ժամանակներում, երբ մեր պատմական բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում, հայ ժողովուրդը ենթարկվում էր ցեղասպանության և հայրենազրկման: Վեհափառ Հայրապետն իր տեսակով, իսկապես, այդ դարավոր անսասան Կաղնին էր, ում Օսմյանյան կայսրության կողմից հետապնդումներն անգամ չխոչընդոտեցին, որ նա 1879 թվականին (դեռևս Վասպուրականի հոգևոր առաջնորդ ընտրված ժամանակ), եռանդուն աշխատանքներ ծավալեր, օժանդակեր Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։

Հրատարակել է «Արծվի Վասպուրական» պարբերականը, որի էջերում նա վեր է հանել ոչ միայն հայ մշակույթի գործիչների, հայ մատենագիրների ժառանգությունը, այլև քարոզել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ նպաստելով ազգային ինքնության զարթոնքին:

Կարդացեք նաև

Խրիմյան Հայրիկի կյանքն ու գործը դուրս է իր ապրած ժամանակի ծիրից: Նրա վիթխարի գործին անդրադարձել են ոչ միայն ժամանակակիցները՝ սկսած Մաղաքիա պատրիարք Օրմանյանից, այլև չեն դադարել ուսումնասիրել մինչ օրս. հիշենք պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանդյանին, ով բազմաթիվ աշխատություններ է նվիրել Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսին և արդի հայ պատմագիտության մեջ հիմնադրել է նոր ուղղություն՝ խրիմյանհայրիկագիտություն: Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն անդրադարձել էր Խրիմյան Հայրիկի գրակա՛ն ժառանգությանը՝ ցույց տալով նրա ինքնատիպ գրականության ու փիլիսոփայական մտքի ակունքները, որ գալիս է Հայոց միջնադարից:

Խրիմյան Հայրիկը մեծագույն ազգային գործիչ ու հոգևորական էր, ում բարեխնամ ձեռքերում էին հայ մշակույթի գործիչները… Փաստերը բազմաթիվ են: Սակայն կա պատմության մեջ մի դրվագ, որն ավելի է բացահայտում Հայոց Հայրիկի մարդկային վեհությունը:

Հիշենք Հովհաննես Թումանյանի՝ «Երկու հայր» հուշապատումը.

«…1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մէջ էր եւ Ա. գիւղի ծերունի Տէր Սարգիսը։

-Հայրիկի աջը կուզեմ համբուրել,- խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին։

-Բարով, տէր հայր,- աջը մեկնեց Հայրիկը, քահանան համբուրեց ու ետ եկաւ, կանգնեց դահլիճի մէջտեղը հոգնած, խորտակուած։

-Որտեղի՞ց կու գաս։

-Սասունի կողմերից. ես Ա.-ի Սարգիսն եմ…

-Ա.-ի Տէր Սարգի՞սը…

-Այո, Հայրիկ։

-Է՞…

-Ես քսան հոգուց գերդաստան ունէի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպէս…

-Է հիմի…

-Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես… այնպէս, եկել եմ… եկել եմ… Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…

Ու Հայրիկի առջեւ կանգնած էր մարդը, որ ամէն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։ Երկուսն էլ լուռ էին։

-Քանի՞ որդի կորցրիր, տէր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։

-Ամէնքը միասին քսան, Հայրիկ։

-Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան՝ եղաւ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, Տէր Սարգիս…
Քահանան ցնցուեց ու լուռ կանգնած էր։

-Ո՞ւմ վիշտն է մեծ, Տէր Սարգիս…

-Հայրիկինը…

-Դէ ե՛կ, տէր Սարգիս, մօտ եկ, աջդ դիր գլխիս, աղօթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։

Ասաւ ու գլուխը խոնարհեց։

Քահանան շտապեց առաջ, աջը դրաւ իր Հայրապետի գլխին, սկսաւ աղօթք մրմնջալ ու աչքերը լցուեցին արտասուքով…

Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին…

Նրա առջեւ խոնարհուած էր հայոց Հայրիկը… »:

…Հայոց Հայրիկի կերպարը ժողովրդին հայտնի է Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի վրձնած կտավներով… Տեղին կլիներ, որ երբևէ մի հայ նկարիչ նրա կերպարը սերունդներին փոխանցեր նաև ա՛յս դրվագում:

Մեր ազգային գոյապայքարը չի ավարտվել:

Հիշենք, որ Արցախը մեզ համար թերթված էջ չէ: Եվ քանի՛ սերնդի նվիրական ջանք էլ պահանջվի, մենք Արցախը վերաազատագրելով՝ հասնելու ենք Արևմտյան Հայաստան ու վերականգնելու ենք պատմական արդարությունը՝ մեր ճանապարհին չմոռանալով նաև Խրիմյան Հայրիկի գաղափարական դասերը. «Այնտեղ, ուր զենքն է խոսողը, ուր սուրեր կշողշողան, այնտեղ ի՞նչ գործ ունին խնդիրք ու աղերսաթուղթք…»:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս