
Էրդողանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում շուտով խաղաղություն կհաստատվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել Հարավային Կովկասում շուտով խաղաղության հաստատվելու վերաբերյալ։
Ինչպես փոխանցում է «TRT Global»-ը, այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Չինաստանում տեղի ունեցած ՇՀԿ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին այդքան երկար է ձգտել», – ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տանը համաձայնագրերի ստորագրումը զգալի խթան է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Թուրքիայի նախագահը նշել է, որ կողմերը հաղթահարել են իրենց տարաձայնությունների մեծ մասը և մոտենում են խաղաղության համաձայնագրի վերջնական փուլին։
Էրդողանը հայտնել է, որ մանրամասն բանակցություններ է վարել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ երկու առաջնորդներն էլ նայում են նույն ուղղությամբ։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ խաղաղության հասնելը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար. կվերսկսվեն երկաթուղային և ճանապարհային կապերը, կբացվեն սահմանային անցակետերը, ինչը դրական ազդեցություն կունենա, առաջին հերթին, առևտրի վրա։
Նրա համոզմամբ՝ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, կշահեն դրանից։
«Ժամանակի ընթացքում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերը անհիմն էին», – եզրափակել է Էրդողանը։