Բաժիններ՝

«Կատարվում է ընտրովի արդարադատություն՝ Արտյոմ Հարությունովը նստած է զուտ նրա համար, որ ինքը Արտյոմ Կանևսկոյն է». Փաստաբան

Օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Արտյոմ Հարությունովի (մականունը՝ Արտյոմ Կանևսկոյ) փաստաբանների ներկայացրած միջնորդության քննարկումը։ Ա. Հարությունովի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի գրավով ազատ արձակվի իր պաշտպանյալը, սակայն ներկայացված միջնորդությունը մերժվել է։

168.amի հետ զրույցում Վարդուհի Էլբակյանը, անդրադառնալով Ա. Հարությունովի ձերբակալության գործին և դատարան ներկայացրած միջնորդության մերժմանը, տեղեկացրեց, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին և կալանավորվել հուլիսի 1-ին. նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։

«Ըստ մեղադրանքի որոշման, իբրև Ա. Հարությունովը մի շարք պաշտոնատար անձանց դրդել է, որպեսզի ակնհայտ կեղծ տեղեկատվություններ օգտագործելով՝ իրեն տրամադրեն ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ անձնագիր, այն էլ՝ այլ մարդու անուն-ազգանունով։ Խնդիրն այն է, որ անձնագիրը մինչ օրս չի հայտնաբերվել, և այն, իմ կարծիքով՝գոյություն չունի։ Ա. Հարությունովի լուսանկարով մեկ փաստաթուղթ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից, որն անձնագիր հանելու համար առաջին ձևի փաստաթուղթ է, այնտեղ առկա է Ա. Հարությունովի լուսանկարը, որով նույնացում չի կատարվել։

Գուցե նրա նմանությամբ կարելի է ենթադրել, բայց այնտեղ առկա է ստորագրություն, որի հետ կապված՝ Արտյոմ Հարությունովը հայտնել է, որ ինքը երբեք Վաղարշապատի անձնագրային բաժանմունքում չի եղել, որևէ տեղ չի լուսանկարվել, մատնահետք չի տվել։ Նա ունեցել է իր անուն-ազգանունով անձնագիր և այլ անձի անուն-ազգանունով անձնագրի կարիք չի ունեցել։ Որպեսզի ապացուցվի, որ այս անձնագիրը Արտյոմ Հարությունովինը չէ, անգամ մենք ենք միջնորդել, որպեսզի ստորագրության նմուշ վերցվի։ Վարույթ իրականացնող մարմինը ստորագրության նմուշ է վերցրել, որպեսզի պարզի՝ այս ստորագրությունը համընկնո՞ւմ է Հարությունովի ստորագրության հետ, թե՞ ոչ։ Այս պահին դեռևս չկան փորձաքննության արդյունքները»,- նշեց Վարդուհի Էլբակյանը։

Այս գործում փաստաբանին մտահոգել է ոչ այնքան գործի ելքը, որքան Արտյոմ Հարությունովի խափանման միջոցը։ Քանի որ վստահ է՝ եթե որոշեն գործն ուղարկել դատարան, ապա այն լուծվելու է Ա. Հարությունովի օգտին։ Չնայած նախաքննական բոլոր նյութերին այս փուլում չեն տիրապետում, բայց այն նյութերը, որոնք տրամադրվել է փաստաբանին, հիմք են տալիս գալ այն եզրակացության, որ հասնելու են արդարացման։

«Մեզ համար զավեշտալին այն է, որ Արտյոմ Հարությունովի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց։ Քանի որ այս հոդվածը որպես պատիժ՝ նախատեսում է տուգանք, և առավելագույնը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում միչև 4 տարի ժամանակով։ Այսինքն, եթե այստեղ լինեին ծանրակշիռ հանգամանքներ՝ մարդը նախկինում դատապարտված լիներ և այլն, այդ դեպքում նորմալ կլիներ խափանման միջոց կալանավորումը։

Նման դեպքերում, երբ դատարաններում քննարկումներ են տեղի ունենում, միշտ ասում եմ, որ 38.308 հոդվածի առաջին մասով, որքանով ես հնարավորություն եմ ունեցել հարցումներ կատարել՝ կալանավորված մարդ չկա։ 308 հոդվածով կա, բայց 38.308 հոդվածով չկա։ Իմ կարծիքով՝ այստեղ կատարվում է ընտրովի արդարադատություն, Արտյոմ Հարությունովը հանրությանը հայտնի է՝ որպես Արտյոմ Կանևսկոյ, նա հայտնի է հասարակության որոշակի շրջանակների, և քրեական գործում մեզ տրամադրված նյութերում առկա է մեկ զեկուցագիր, որը հիմք է տալիս ենթադրելու, որ Ա. Հարությունովը նստած է զուտ նրա համար, որ ինքը Արտյոմ Կանևսկոյն է։

Այսինքն, այստեղ ոչ թե իրականացվել է արդարադատություն կամ հետապնդում, այլ ինչ-որ շրջանակների անհրաժեշտ է եղել, այդ շրջանակները մեզ համար անհայտ են, որ Արտյոմ Կանևսկոյը պետք է որոշակի ժամանակահատվածով գտնվի անազատության մեջ։ Այս պարագայում, երբ մենք կարծում ենք, որ հիմնավոր կասկածը բացակայում է, երբ Հարությունովը դատապարտված չի եղել, նկարագրվում է դրականորեն, անգամ գրավ ենք միջնորդել, սա էլ՝ այն դեպքում, երբ ընդհանրապես պետք է գրավի մասին խոսք չլիներ»,- ասաց Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացրած երկու միջնորդությունները երկու անգամ արդեն մերժվել են՝ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում։ Մի դեպքում դրել են պատժի խստությունը, ինչը փաստաբանի համար տարօրինակ է, քանի որ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձը, որի մեղքը չի ապացուցվել, դատարանը գրավն անգամ բավարար չի համարում։ Սա էլ՝ այն դեպքում, երբ ծանր հանցագործություններ կատարող անձանց դեպքում կիրառվում են գրավներ։

«Մերժման որոշումը դեռևս չեմ ստացել, բայց սա զավեշտալի իրողություն է. ընդամենը չորս նախադասությամբ դատախազը հայտարարեց, որ վերաքննիչ բողոքն անհիմն է, որը ենթակա է մերժման, վարույթն իրականացնող մարմինն ըստ էության հայտարարեց, որ միանում է դատախազի կարծիքին, սակայն միևնույն ժամանակ՝ ասաց, որ եթե դատարանը, այնուամենայիվ, կսահմանի գրավի այնպիսի չափ, որը բավարար երաշխիք կհամարվի, ապա այդ դեպքում կրկին թողնում են դատարանի հայեցողությանը։ Կարելի է ենթադրել, որ դեմ չեն, որպեսզի գրավը կիրառվի։ Միանշանակ խտրականություն եմ տեսնում իմ պաշտպանյալի և մյուսների նկատմամբ. եթե 104, 34.104 և այլ ծանր հոդվածներով կարող է կիրառվել գրավ, ապա ինչո՞ւ իմ պաշտպանյալի նկատմամբ չի կիրառվում։

Այլ բան չկա այստեղ մտածելու, քան այն, որ սա կոնկրետ խտրական վերաբերմունք է տվյալ անձի նկատմամբ։ Կարծում եմ՝ հիմնավոր կասկածը բացակայում է, եթե հիմնավոր կասկածը բացակայում է, ապա այդ դեպքում անձի նկատմամբ խափանման միջոց չպետք է ընտրվի։ Կրկնում եմ՝ ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում իմ պաշտպանյալը, այստեղ բացակայում են կալանավորման հիմքերը, տվյալ դեպքում մենք առնչվում ենք արդար դատաքննության խախտման հետ։ Այսինքն՝ եթե Հարությունովի փաստարկները ներկայացվում է, և չի ներկայացվում որևէ հակափաստարկ, արդեն իսկ խախտվում է Հարությունովի հիմնարար իրավունքներից մեկը՝ ազատության իրավունքը։ Այսինքն՝ այս պահին մենք ունենք արձանագրած մի քանի նորմերի խախտում»,- շեշտեց Վարդուհի Էլբակյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ միջնորդության մերժման ոոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, կդիմեն նաև Բարձրագույն դատական խորհրդին, քանի որ, փաստաբանի բնոշմամբ, այն որոշումները, որոնք կայացվել են, որևէ աղերս քրեական դատավարության հետ չունեն։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս