«Մարդը մեքենայով գալիս է Երևան աշխատելու, ստիպված ծախսը պետք է ավելացնի. մտածե՞լ են, որ սա կբերի անշարժ գույքի գների ավելացման, Երևանում տների գները Լոս Անջելեսի գներից անցել է». Վահագն Սահակյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ասելով, որ «մարզերից Երևան մտնող մեքենաները պետք է մարդիկ որոշակի կետում կայանեն և հանրային տրանսպորտով երթևեկեն Երևանում, սակայն այս ամենը ժամանակ է պահանջում և դրա համար պետք է լինեն ավտոկայանատեղիներ»։

Ըստ փոխքաղաքապետի, այս ծրագիրը քաղաքային իշխանության ռազմավարական նպատակներից է։

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը դիտարկելով մայրաքաղաքի երթևեկությունը, հանրային տրանսպորտի իրավիճակը, վստահ է՝ քաղաքային իշխանությունն այս տեմպերով չի կարողանալու հասնել դրան։

Դեռևս տարիներ առաջ է ասել, որ եթե այսպես շարունակվի, ապա քաղաքային իշխանությունները ստիպված են լինելու արգելել՝ մի օր՝ կենտ համարանիշներով մեքենաների մուտքը Երևան, մի օր՝ զույգ։ Սակայն սա էլ խնդրի լուծում չէ։

Կարդացեք նաև

«Քաղաքային իշխանությունը պատկերացում չունի, թե ինչ քանակի մեքենաների ու ինչ տարածքների մասին է խոսքը, որտեղ պիտի զբաղեցնեն մեքենաները ու դրանից հետո ինչքանով է մեծանալու քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։ Բավական չէ, որ մեր քաղաքային ճանապարհների կահավորվածությունը շրիշակից ներքև է, մի հատ էլ սրանք որոշել են, որ այս իրավիճակում կարող են այնքան տարածք տրամադրեն, որ այդ բոլոր մեքենաները, որոնք գալիս են Երևան՝ կայանեն, հետո մտնեն Երևան։

Սրանք ո՛չ այդ ավտոկայանատեղիները սարքող են, ո՛չ էլ կահավորող, որովհետև եթե լուրջ հսկողություն չլինի, Աստված գիտի, թե ինչեր կարող են լինել։ Մարդիկ իրենց մեքենաները կայանում են բակերում, վրայից պետհամարանիշները գողանու-տանում են, հետո հեռախոսահամար թողնում, թե՝ այսքան գումար բերեք, համարանիշները տարեք, ուր մնաց՝ քաղաքից դուրս ավտոկայանատեղիում թողնեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահագն Սահակյանը։

Վահագն Սահակյանի խոսքով՝ այնպես չէ, որ մարզերից Երևան մուտք է գործում, օրինակ, 1000 մեքենա, դրանց թիվն ավելի շատ է։ Մայրաքաղաքի մեքենաների թիվը օրական 2 անգամ ավելանում է այդ հոսքից։ Այս խնդրի լուծումն այլ տեղ է, պարզապես քաղաքային իշխանությունը բավականաչափ խելացի չէ, որպեսզի գտնի կամ տեսնի այդ լուծումները։

«Մեկը չկա, հարցնի՝ այդքան մեքենա ինչո՞ւ է գալիս Երևան, մի հատ թող սրանով հետաքրքրվեն, սոցհարցում անեն, հասկանան՝ այդ մեքենաների ո՞ր մասն է գալիս աշխատելու, ո՞ր մասը՝ «տաքսավատ» անելու։ Բերում տանեցիներին իջեցնում են շուկա առևտրի, իրենք գնում տաքսու տակ քշում են, հետո երեկոյան տանեցիներին վերցնում, գնում են տուն։

Պետք է մտածեն, այնպես անեն, որ այդ մեքենաներին այդքան անհրաժեշտություն չլինի Երևան մտնելու, բոլոր բիզնես կենտրոնները հորդորեն, օգնեն, գոնե որոշ մասը հանեն Երևանից դուրս, ոչ թե բոլորը կենտրոնացնեն Երևանում, մարդիկ էլ ստիպված այնպիսի տեղ կանգնեցնեն իրենց մեքենաները, որ մի քանի հազարով տուգանվեն։ Սրա մասին թող մտածեն, վաղուց էր պետք մտածել, պետք է նախարարությունները հանեին Երևանից, ոչ թե բուհերը, որովհետև բուհերն այստեղից հանելուց հետո Երևանը դառնալու է ոչ թե գյուղ, այլ գեղ։ 

Կարճ ասած՝ այս սխեման քաղաքային իշխանությունը չի կարողանալու կյանքի կոչել, միայն խոսակցություններ են, ուզում են ցույց տան, թե ինչ-որ բան են անում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց Երևան-Սևան ճանապարհի ամենօրյա ծանրաբեռնվածության վրա, ինչը նրան ստիպում է  մտածել, որ 2-3 տարի հետո եթե այդ ճանապարհը չլայնացնեն, ուղղակի կոլապս է լինելու նաև այդ ճանապարհին։ Մինչդեռ իշխանություններն այդ տարածքների հարակից հողերը շարունակում են վաճառել, մինչև օրս չունեն ծրագիր, թե այդ ճանապարհները երբ ու որքան են լայնանալու։ Եթե նման ծրագիր ունենային, ապա հարակից հողերը պետք է պահեին, այլ ոչ թե թույլ տային ամեն մեկը գներ, իր «դուքանը» դներ այդ ճանապարհներին։

«Պատկերացնո՞ւմ եք, մարդը մեքենայով գալիս է Երևան, որպեսզի աշխատանք կատարի, ու ստիպված ծախսը պետք է ավելացնի՝ մեքենան կանգնեցնի Երևանին հարակից ինչ-որ հատվածում ու օգտվի հանրային տրանսպորտից։ Իսկ մտածե՞լ են, որ սա կբերի անշարժ գույքի գների ավելացման, ամեն ինչ անում են գներն արհեստական բարձրացնելու համար, որովհետև այսօր Երևանում տների գները Լոս Անջելեսի տների գներից անցել է, սա խայտառակություն է։

Սրանք «Արարատցեմենտը» վերցրեցին, իբր պետականացրեցին, բայց ունեցվածքի բաժանում են անում, դրանից հետո ցեմենտի գինը բարձրացավ, իրենք հայտարարում են, թե չէ՝ չի թանկացել, բայց գործարանից ռեալ թանկ են գնում։ Այս մարդիկ բացահայտ սուտ են խոսում»,- շեշտեց Վահագն Սահակյանը։

Հարցին՝ հանրային տրանսպորտն այս իրավիճակում կարո՞ղ է իրական այլընտրանք դառնալ նման ծրագիրը կյանքի կոչելու համար, Վահագն Սահակյանը պատասխանեց՝ երբեք։

«Մենք չունենք նման տրանսպորտային համակարգ, առաջիկայում չենք էլ կարող ունենալ։ Կամ էլ պետական պարտքը մի 2 մլրդ դոլարով կրկին կավելացնեն, որպեսզի այդքան մեքենաներ բերեն։ Մեր կանգառներում հանրային տրանսպորտի միջոցները գալիս ու կուտակվում են, չեն կարողանում տեղավորվել, ինչպե՞ս են պատրաստվում, օրինակ, լուծել խնդիրը»,- ընդգծեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031