Nvidia-ն սկսում է բաժնետոմսերի հետգնման ռեկորդային՝ 150 միլիարդ դոլարանոց ծրագիր. Financial Times

Չիպեր արտադրող հսկայի քայլը հաջորդում է այս տարի բաժնետոմսերի գների աճի տեմպերի որոշակի դանդաղմանը

Սիլիկոնյան հովտի կիսահաղորդչային հսկա Nvidia-ն հայտարարել է ԱՄՆ կորպորատիվ պատմության մեջ երբևէ եղած բաժնետոմսերի հետգնման ամենախոշոր՝ 150 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի մեկնարկի մասին: Ընկերությունը շարունակում է հսկայական շահույթ ստանալ՝ ամուր դիրքեր գրավելով արհեստական բանականության (ԱԲ) մատակարարման շղթայի գագաթնակետին:

Աշխարհի ամենաթանկ ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել բայբեքի՝ հետգնման ծրագրի 150 միլիարդ դոլարով ընդլայնմանը: Այս ցուցանիշը գերազանցում է Apple-ի սահմանած նախկին ռեկորդը՝ 2024 թվականին գրանցված 110 միլիարդ դոլարը, որն ամենախոշորն էր ԱՄՆ կորպորատիվ պատմության մեջ: Արդյունքում՝ Nvidia-ն իրավունք է ստացել մինչև 2028 թվականի հունվարը բաժնետոմսերի հետգնման վրա ծախսելու ընդհանուր առմամբ մինչև 235 միլիարդ դոլար:

Տեխնոլոգիական ոլորտում ԱԲ ենթակառուցվածքների ուղղությամբ հսկայական միջոցների ներդրմանը զուգընթաց՝ Nvidia-ի շահույթը կտրուկ աճում է: Goldman Sachs-ի կանխատեսմամբ՝ ԱԲ ոլորտում կատարվող ներդրումներն այս տարի կգերազանցեն 1 տրիլիոն դոլարը: Հենց այս ընկերության չիպերն են ընկած ChatGPT-ի, Claude-ի և Gemini-ի նման մեծ լեզվական մոդելների հիմքում:

Կարդացեք նաև

OpenAI-ի կողմից ChatGPT-ի թողարկումից (2022-ի վերջ) ի վեր Nvidia-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 1200 տոկոսով: Այդուհանդերձ, 2026 թվականին բաժնետոմսերի արտասովոր աճի տեմպը որոշ չափով դանդաղել է՝ տարվա սկզբից բարձրանալով մոտ 20 տոկոսով, քանի որ շատ ներդրողներ սկսել են կասկածի տակ դնել ԱԲ-ի բումի շարունակականությունն ու կայունությունը:

Nvidia-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշել է, որ նոր ծրագրերն արտացոլում են արհեստական բանականության ոլորտում սպասվող «երկարաժամկետ հնարավորությունների նկատմամբ վստահությունը»:

«Nvidia-ի աճը խթանվում է դեպի արհեստական բանականություն և արագացված հաշվարկներ տանող սերնդափոխությամբ, որը տեղի է ունենում միայն մեկ անգամ կյանքում,-հայտարարել է Հուանգը: -Դրամական միջոցների մեր հոսքը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել այն տեխնոլոգիաներում, որոնք առաջ են մղում այս վերափոխումը, ինչպես նաև կապիտալը վերադարձնել բաժնետերերին»:

Թեև բաժնետոմսերի հետգնման խոշոր ծրագրերը հաճախ վկայում են այն մասին, որ ղեկավարությունը հավատում է սեփական բաժնետոմսերի թերագնահատված լինելուն, կապիտալի մեծածավալ վերադարձները սովորաբար բնորոշ են խոշոր և կայացած ընկերությունների աճի դանդաղման փուլին: Այդուամենայնիվ, ի տարբերություն ժամանակին իր դիրքերը պահպանող Apple-ի, Nvidia-ի վաճառքներն ու հասույթը շարունակում են արագորեն աճել. ընթացիկ տարում կանխատեսվում է հասույթի շուրջ 90 տոկոսանոց աճ:

ԱԲ մրցավազքի առաջատարները՝ OpenAI-ը, Anthropic-ը և SpaceX-ը, հանդիսանում են ընկերության խոշորագույն հաճախորդները: Նույնիսկ Google-ը, որն ունի սեփական ԱԲ չիպերի տեսականին, շարունակում է մնալ Nvidia-ի արտադրանքի խոշոր գնորդն իր ամպային հաշվարկների ստորաբաժանման միջոցով:

S&P Global-ի Visible Alpha վերլուծական հարթակի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2028 ֆինանսական տարին Nvidia-ի ազատ դրամական հոսքերը կեռապատկվեն՝ հասնելով 329 միլիարդ դոլարի, իսկ զուտ շահույթը ընթացիկ ֆինանսական տարում կկրկնապատկվի՝ հասնելով 245 միլիարդ դոլարի:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930