Միլիոններ՝ պաշտոնյաներին, բայց խնայվող բյուջե՝ զոհված զինծառայողի ընտանիքի հաշվին․ Ինչո՞ւ են կտրել 3 անչափահաս ունեցող այրու նպաստը
2021 թվականի նոյեմբերին Վայքի N զորամասի մարտական դիրքից անհետացած, ապա դատարանի որոշմամբ մահացած ճանաչված պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի այրին՝ Լիանա Մելիքսեթյանը, ահազանգում է՝ պետությունն իրեն ու իր 3 անչափահաս երեխաներին զրկել է անապահովության նպաստից։
Նոր համակարգի «հարվածը». զոհված զինծառայողի ընտանիքը՝ անապահովության շեմից դուրս
Վահե Մանուկյանի անհետացումից շուրջ մեկ տարի անց դատարանը նրան ճանաչեց մահացած։ Դրանից հետո ընտանիքը, անապահովության նպաստից բացի, սկսեց օրենքով սահմանված կարգով հատուցումներ ստանալ նաև «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից։
Սակայն այս տարվա հուլիսից Սոցիալական ապահովության ծառայությունը զոհված զինծառայողի ընտանիքի եկամուտը «շատ է համարել»․ գերատեսչությունը մերժել է նպաստի տրամադրումը՝ հետևյալ ձևակերպմամբ. «Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը բարձր է ՀՀ կառավարության սահմանած անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից»։
Պաշտոնական գրության մեջ ավտոմատ կերպով հավելել են. «Ձեր ընտանիքը չի ճանաչվել անապահով», իսկ որպես այլընտրանք՝ չզբաղված անդամներին առաջարկել են աշխատանքի խորհրդատվություն։
Զրկված են անգամ կոմունալ վճարումների համար նախատեսված զեղչերից
168․am-ի հետ զրույցում Լիանա Մելիքսեթյանը հուզմունքով պատմեց, որ երեք անչափահաս տղաներից մեկը հատուկ խնամքի կարիք ունի, և ինքն ի վիճակի չէ աշխատել ու համատեղել խնամքը։
«Հիմա նպաստը, գազի, լույսի, ջրի զեղչերը… դուրս եկան։ Մնաց միայն հիմնադրամի տված գումարը։ Ասում են՝ ամենքին հասանելիք 70 ու քանի հազար դրամը հերիք է, թե՝ ցախ կառնես, ինչ կանես, ոնց կանես, ձմեռ կհանես…Հիմա չեմ էլ կարողանա «պլիտա» միացնել, ոչ էլ գազ օգտագործել, որովհետև զեղչերը զրոյացվել են։ Ասում են՝ ձեր ամսական եկամուտը սպառողական զամբյուղին համապատասխան է»,- մանրամասնեց նա։
Զոհված ճանաչված զինծառայողի այրին փաստում է, որ իր շրջապատում նպաստից զրկվել են բազմաթիվ այլ ծայրահեղ անապահով ընտանիքներ. «Մարդ կա՝ 6 մանկահասակ երեխա ունի, ամուսնու սիրտը ստենդավորված է, սկեսուրն ընդհանրապես շարժունակ չէ, բայց իրենցն էլ են կտրել։ Հաշմանդամություն, շաքարային դիաբետ ունեցող երեխայի թոշակն են կտրել»։
Հիշեցնենք, որ անապահովության գնահատման նոր համակարգը, Կառավարության N 840-Ն որոշման համաձայն, 2026 թվականի հուլիսի 1-ից արդեն ամբողջությամբ գործում է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում (Կոտայքի և Սյունիքի մարզերում այն ներդրվել էր դեռ 2025-ի մարտից)։ Այս ռեֆորմին զուգահեռ՝ հարյուրավոր քաղաքացիներ ահազանգում են, որ զրկվել են գոյատևման նվազագույն միջոցներից։
Աղքատության հաշվին խնայողություն՝ պաշտոնյաների բարձրացող աշխատավարձերի ու պարգևավճարների ֆոնին
Մինչ անապահով ընտանիքների հաշվին բյուջետային միջոցներ են խնայվում, Կառավարության անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալ։ Ավելին՝ սեպտեմբերի 17-ին գործադիրը հավանություն տվեց պետական պաշտոնյաների վարձատրության համակարգի փոփոխություններին, որով էականորեն վերանայվում և բարձրացվում են նրանց հիմնական աշխատավարձերը։ Միայն այս ծրագրի իրականացման համար 2027 թվականի պետական բյուջեից կպահանջվի շուրջ 30 միլիարդ դրամ լրացուցիչ միջոց։

