Բաժիններ՝

Դատարանն անհետ կորած զինծառայող Վահե Մանուկյանին ճանաչել է մահացած

Անհետացումից շուրջ մեկ տարի անց դատարանը մահացած է ճանաչել նոյեմբերի 12-ին դիրքերից hետ եկող, բայց ճանապարհին անհետացած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին: Տեղեկությունը 168.amի հետ զրույցում փոխանցեց Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը: Նա դեռ չգիտի՝ արդյո՞ք փոխհատուցում կստանա պետությունից, որպեսզի մանկահասակ երեք երեխաների կարիքներն ինչ-որ կերպ հոգա:

«Հիմա թղթերը մարզպետարանից ուղարկել են ՊՆ սոցվարչություն, պետք է հարցում անեն՝ նոր մնացածը պարզ կդառնա»,- ասաց Վահե Մանուկյանի այրին՝ նշելով, որ դատավճիռը և փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարանի ընդունարան:

Կարդացեք նաև

Նա հավելեց՝ Վահե Մանուկյանի զորամասից նաև փոխանցել են տեղեկանք առ այն, որ նա ընդգրկվել է նոյեմբերի 12-ից նոյեմբերի 26-ը ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնելու ցուցակներում, և որ ծառայությունն իրականացվել է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

Այս գործով փաստաբան Սլավիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Անձը համարվել է մահացած ճանաչված վճռի հրապարակման պահից, այսինքն՝ ունի մահացածի կարգավիճակ, ընդ որում,  զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ, ինչը փաստաթղթերով հաստատվում է»:

Անդրադառնալով ընտանիքին տրվող պետության փոխհատուցման կարգին՝ փաստաբանը նկատեց, որ այն, ինչ նախատեսված է նմանատիպ կարգավիճակ ունեցող զինծառայողների համար, նույնը նաև այս դեպքում է:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում զինծառայողի անհետացման փաստով քրգործ էր հարուցվել նախ դասալքության հատկանիշներով: Ավելի ուշ ՔԿ-ն տվյալներ է ստացել, որ պայմանագրային զինծառայողին սպանել է անհայտ անձը, և դադարեցրել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որով զինծառայողին վերագրվում էր դասալքություն։

Վահե Մանուկյանի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր՝ եղբոր անհետանալուց հետո թակել է պետական բոլոր մարմինների դռները.

«Մի քանի անգամ գնացել ենք Պաշտպանության նախարարություն, բայց նախարարությունից ասում են՝ գործը Քննչականում է, Քննչականն էլ ասում է՝ սպասեք մեր պատասխանին: Սեպտեմբերի 27-ին դատն է եղել, դատից հետո, սակայն, որոշումը դեռ չի կայացվել: Ես բոլորից պահանջում եմ իմ եղբոր պատասխանը»:

Ամուսնու միջադեպից հետո երեք մանկահասակ տղաների հոգսն իր ուսերին կրող Լիանան պատմել էր. «Էստեղից-էնտեղից օգնելով՝ ապրում ենք, բայց մի անգամ օգնողը երկրորդ անգամ դժվար օգնի: Տղաներս շատ են հիշում պապայի մասին: Ամեն օր հարցնում են՝ պապան ո՞ւր ա, ու ես ինչքան էլ խաբում եմ-ասում եմ՝ պապան աշխատում է, բայց դե, երեխա են, նստում են՝ իրար մեջ խոսում են՝ գիտե՞ս, Ալեն, պապան կորել ա, գիտե՞ս Արման, պապան… Երբ դեռ դասալքության հոդվածն էր, ասել եմ՝ փախել է, թող գտնեն-բերեն, 50 տարի դատեն, ես համաձայն եմ, բայց թող միայն գտնեն: Եթե չեն կարողանում գտնել, ուրեմն պարտավոր են երեխաներին պահելու»:

Հիշեցնենք՝ 33-ամյա Վահե Մանուկյանը ծառայում էր Վայոց ձորի մարզում։ Նա անհետ կորել է 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։

Միջադեպից ամիսներ անց՝ հունվարի 27-ին, երբ դեռ Վահե Մանուկյանին վերագրվում էր «դասալքությունը», ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մեկ է՝ մի բան լավ չեմ հասկանում։ Նոյեմբերի 12-ին, Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետանում (Վահե Մանուկյան)։

ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնում։ Ես այդ մասին իմանում եմ Վայոց ձոր կատարած մարզային այցի ժամանակ, այն էլ՝ լրիվ պատահական խոսակցությունից։ Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է: Գրություն եմ ուղարկել նաև Քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։ Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է։

Պայմանագրային ծառայող է, հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինը իմ հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում, չի եղել։ Այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել, և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել է հարևան հայկական դիրքում, որից հետո իր դիրք վերադառնալուց հետո անհետացել է։

Կորած զինծառայողն ամուսնացած է, ունի երեք երեխա, ու նրա դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում։ Ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես եմ հասկանում ՊՆ-ից և Քննչականից եկող գրություններից։ Դժվար է ասել, թե իրականում ինչ է պատահել, բայց այս միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։ Հուսով եմ, որ այս գործի մանրամասները շուտափույթ կպարզվեն, իսկ զինծառայողի գտնվելու վայրն ու անհետանալու հանգամանքները կպարզվի»։

Տեսանյութեր

Լրահոս