Բաժիններ՝

«Եթե Արցախի, Ջերմուկի կողմից ինքնաթիռ է գալիս, երեխաներս ասում են՝ պապան է». այսօր Վահե Մանուկյանը կդառնար 35 տարեկան

Մարտի 19-ին անհետ կորած զինծառայող Վահե Մանուկյանը կդառնար 35 տարեկան: Մանկահասակ երեք երեխաները դեռ սպասում են հոր վերադարձին: Վահեի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, 168.am-ի հետ զրույցում հուզմունքով պատմեց.

«Անընդհատ պապայի մասին են խոսում: Եթե Արցախի, Ջերմուկի կողմից ինքնաթիռ, ուղղաթիռ է գալիս, երեխաներս ասում են՝ պապան է. մեծ տղաս անգամ ինձնից հեռախոսն է խնդրում, որ նկարի»:

Մինչև 2018 թվականը Վահեն ընտանիքը պահելու համար պարբերաբար արտագնա աշխատանքի էր մեկնել, բայց ահա 2018-ի նոյեմբերի 27-ից պայմանագրային զինծառայության էր անցել, մասնակցել էր 44-օրյա պատերազմին, իսկ պատերազմից հետո Վայքի N զորամասում էր ծառայությունն իրականացրել՝ հակառակորդի հետ շփման գծին շատ մոտ: 2021 թվականի նոյեմբերին հենց այս դիրքից էլ անհետացել էր:

Կարդացեք նաև

Թեև երկար իրավական գործընթացներից հետո այսօր Վահե Մանուկյանը ճանաչվել է սպանված, սակայն կինը դեռ հույս ունի՝ ամուսինը ողջ է, թեկուզև՝ գերեվարված.

«Կուզենայի էստեղ լիներ՝ իր ծննդյան օրը նշեինք. ամեն տարի մի հետաքրքիր բան կազմակերպում էի իր համար, բացառություն էր 2018 թվականը, երբ իր ծննդյան օրը դիրքերում էր:

Վերջին անգամ խոսեցի անհետանալու օրը, հետո ցանկացավ երեխաների հետ խոսել, բայց մինչև կանչեցի բակից՝ արդեն անհասանելի էր»:

9, 7 և 5 տարեկան տղաների հոգսը Լիանայի ուսերին է. իսկ ապրուստի միջոցը՝ դատարանի կողմից ամուսնու սպանությունը հաստատվելուց հետո միայն վերջերս նրան տրվող ամենամսյա փոխհատուցումն է:

Ավելի վաղ այս գործով փաստաբան Սլավիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Անձը ճանաչվել է մահացած՝ վճռի հրապարակման պահից, այսինքն՝ ունի մահացածի կարգավիճակ, ընդ որում, զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ, ինչը փաստաթղթերով հաստատվում է»:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում զինծառայողի անհետացման փաստով քրգործ էր հարուցվել նախ դասալքության հատկանիշներով: Ավելի ուշ ՔԿ-ն տվյալներ էր ստացել, որ պայմանագրային զինծառայողին սպանել է անհայտ անձը, և դադարեցրել էին նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որով զինծառայողին վերագրվում էր դասալքություն։

Վահե Մանուկյանի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր՝ եղբոր անհետանալուց հետո թակել է պետական բոլոր մարմինների դռները. «Մի քանի անգամ գնացել ենք Պաշտպանության նախարարություն, բայց նախարարությունից ասում են՝ գործը Քննչականում է, Քննչականն էլ ասում է՝ սպասեք մեր պատասխանին: Սեպտեմբերի 27-ին դատն է եղել, դատից հետո, սակայն, որոշումը դեռ չի կայացվել: Ես բոլորից պահանջում եմ իմ եղբոր պատասխանը»:

Ամուսնու միջադեպից հետո երեք մանկահասակ տղաների հոգսն իր ուսերին կրող Լիանան պատմել էր. «Էստեղից-էնտեղից օգնելով՝ ապրում ենք, բայց մի անգամ օգնողը երկրորդ անգամ դժվար օգնի: Տղաներս շատ են հիշում պապայի մասին: Ամեն օր հարցնում են՝ պապան ո՞ւր ա, ու ես ինչքան էլ խաբում-ասում եմ՝ պապան աշխատում է, բայց դե, երեխա են, նստում են՝ իրար մեջ խոսում են՝ գիտե՞ս, Ալեն, պապան կորել ա, գիտե՞ս Արման, պապան… Երբ դեռ դասալքության հոդվածն էր, ասել եմ՝ փախել է, թող գտնեն-բերեն, 50 տարի դատեն, ես համաձայն եմ, բայց թող միայն գտնեն: Եթե չեն կարողանում գտնել, ուրեմն պարտավոր են երեխաներին պահելու»:

Հիշեցնենք՝ 33-ամյա Վահե Մանուկյանը պայմանագրային զինծառայության էր անցել Վայոց ձորի մարզում։ Նա անհետ կորել է 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։

Միջադեպից ամիսներ անց՝ հունվարի 27-ին, երբ դեռ Վահե Մանուկյանին վերագրվում էր «դասալքությունը», ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մեկ է՝ մի բան լավ չեմ հասկանում։ Նոյեմբերի 12-ին, Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետանում (Վահե Մանուկյան)։

ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնում։ Ես այդ մասին իմանում եմ Վայոց ձոր կատարած մարզային այցի ժամանակ, այն էլ՝ լրիվ պատահական խոսակցությունից։ Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է: Գրություն եմ ուղարկել նաև Քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։ Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է։

Պայմանագրային ծառայող է, հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինը իմ հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում, չի եղել։ Այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել, և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել է հարևան հայկական դիրքում, ապա իր դիրք վերադառնալուց հետո անհետացել է։

Կորած զինծառայողն ամուսնացած է, ունի երեք երեխա, ու նրա դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում։ Ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես եմ հասկանում ՊՆ-ից և Քննչականից եկող գրություններից։ Դժվար է ասել, թե իրականում ինչ է պատահել, բայց այս միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։ Հուսով եմ, որ այս գործի մանրամասները շուտափույթ կպարզվեն, իսկ զինծառայողի գտնվելու վայրն ու անհետանալու հանգամանքները կպարզվի»։

Ու թեև Վահե Մանուկյանը դատարանի վճռով ճանաչվել է մահացած, այդուամենայնիվ ոչ նրա անհետանալու, և ոչ էլ մահվան հանգամանքների մասին որևէ բան հայտնի չէ։ Եվ նրա մանկահասակ երեք երեխաները սպասում են հոր վերադարձին՝ «Անընդհատ պապայի մասին են խոսում»։

Տեսանյութեր

Լրահոս