ԱՄՆ-Իրան ռազմական էսկալացիան շարունակվում է. ճգնաժամի կառավարելի սցենա՞ր, թե՞ գլոբալ վտանգ

Հուլիսի 18-ի վաղ առավոտյան ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) իրականացրած ռազմական գործողությունները նոր և ավելի ընդգրկուն փուլ են թևակոխել՝ դուրս գալով Հորմուզի նեղուցի սահմաններից և տարածվելով Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական և հարավային շրջանների ուղղությամբ։

Յոթերորդ օրը շարունակվող այս ռազմական արշավը նպատակաուղղված է Իրանի ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ վերահսկման և հետախուզական կայանների, ստորգետնյա զինապահեստների և ռազմածովային կարողությունների համակարգված թուլացմանը։ Գործողությունների ընթացքում, որոնք ներառում են՝ ինչպես կործանիչ ինքնաթիռների, այնպես էլ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառում, էականորեն կաթվածահար է եղել Հորմուզի նեղուցի ռազմավարական երթևեկությունը՝ ի պատասխան իրանական կողմի հրթիռային հարվածների, որոնք ուղղված էին Պարսից ծոցի տարածաշրջանային դաշնակիցներին։

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատում են հարձակումների աշխարհագրական ընդլայնումը՝ արձանագրելով հարվածներ Յազդի, Ահվազի և Խուզեստան նահանգի տարածքում, ինչպես նաև հարավային Իրանում ենթակառուցվածքային օբյեկտների՝ մասնավորապես կամուրջների և օդանավակայանների ոչնչացումը։

Իրավիճակը սրվում է Թեհրանի կողմից հնչող կոշտ հռետորաբանությամբ. Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու հնարավորության մասին՝ նշելով, որ ռազմական հետագա էսկալացիայի դեպքում Իրանն այլևս չի սահմանափակվի ընթացիկ հակազդման ռազմավարությամբ, և, որ «ոչ մի քաղաքական սահման անվտանգ չի լինի»։ Այս հայտարարությունը վկայում է դիմակայության որակական փոփոխության մասին, որտեղ կողմերից յուրաքանչյուրը հավակնում է ռազմավարական նախաձեռնությանը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգային ողջ ճարտարապետությունը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ռազմական գործողությունների շարունակականությունը և Իրանի՝ «լայնածավալ հարձակողական գործողությունների» անցնելու սպառնալիքը թելադրում են հակամարտության էսկալացիայի երկու հիմնական սցենար։ Նրա խոսքով, առաջինը՝ ռազմական բախումների ինտենսիվացումն է՝ ընդգրկելով Պարսից ծոցի պետությունների տարածքը, ինչը կարող է հանգեցնել գլոբալ էներգակիրների շուկայում կոլապսի և լայնածավալ տարածաշրջանային անկայունության։ Երկրորդը, նրա խոսքով, Իրանի կողմից իր «պրոքսի» ուժերի ակտիվացումը ողջ Մերձավոր Արևելքով, ինչն ԱՄՆ-ին կստիպի ընդլայնել թիրախների աշխարհագրությունը՝ սպառնալով Թեհրանի կայունությանը։

Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ այս գործընթացները հղի են ոչ միայն ուղղակի ռազմական կորուստներով, այլև աշխարհաքաղաքական նոր դաշինքների ձևավորմամբ և ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներով։

«Հարավային Կովկասի համար այս դիմակայությունը կրում է էքզիստենցիալ ռիսկեր՝ հաշվի առնելով տարածաշրջանի սերտ կապն Իրանի հետ։ Հակամարտության խորացումը կարող է հանգեցնել Իրանի հարավային սահմաններից ուշադրության և ռեսուրսների կտրուկ տեղափոխման դեպի հյուսիս։ Իրանի ապակայունացումը կամ ռազմական հյուծումը կթուլացնի նրա զսպիչ դերը Հարավային Կովկասում։ Արդյունքում՝ տարածաշրջանը դառնում է մեծ տերությունների շահերի բախման նոր թատերաբեմ, որտեղ Հայաստանի համար Իրանի՝ որպես հուսալի հարևանի դերակատարումը կարող է հայտնվել լուրջ փորձության տակ։ Սակայն չի բացառվում նաև, որ Իրանն այս ուղղությամբ ևս զգոն քաղաքականություն վարի, հաշվի առնելով հնարավոր բոլոր ռիսկերը, այդ թվում՝ այն ռիսկը, որն Իրանը տեսնում է Հարավային Կովկասում ապագա ամերիկյան ներկայության հետ»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։

Նրա որակմամբ, այս ռազմական հակամարտության երկարաձգումը սահմանափակված է ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգով, մասնավորապես՝ մոտեցող ընտրություններով, որոնք Վաշինգտոնի համար Իրանի հետ դիմակայությունը դարձնում են զգայուն։

«Սպիտակ տանը հարկավոր է խուսափել լայնածավալ և անվերահսկելի պատերազմի մեջ ներքաշվելուց, որը կարող է էականորեն վնասել իշխող վարչակազմի վարկանիշին և ապակայունացնել էներգակիրների գլոբալ շուկաները՝ հենց քվեարկությունից առաջ։ Հետևաբար, գործողությունների ինտենսիվությունը, ամենայն հավանականությամբ, կլինի սահմանափակ ժամանակահատվածով, ինչը նշանակում է, որ Հարավային Կովկասի համար ստեղծված անվտանգային վակուումը կամ Իրանի դիրքերի թուլացումը կարող են ունենալ ոչ թե երկարատև ռազմավարական փոփոխության, այլ «կառավարվող ճգնաժամի» բնույթ։

Այնուամենայնիվ, նույնիսկ կարճաժամկետ այս սրացումը բավարար է, որպեսզի տարածաշրջանային դերակատարները փորձեն հաշվարկել իրենց ռիսկերը և առավելագույնս օգտվել Իրանի՝ ներքին ճնշման տակ գտնվելու պահից։ Իրանն, իհարկե, զսպող որոշակի քաղաքականություն է վարում նաև Հարավային Կովկասում, զուգահեռաբար ներքին առումով պատրաստվել է երկարատև դիրքավորման, հասկանալով, որ ԱՄՆ-ի հետ հեշտ չէ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք կլինեն երկարատև ու կայուն»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափի վերագործարկման թեմային՝ վերլուծաբանը գտնում է, որ այս հարցով որևէ նորություն չկա։

«Ռեգիոնում դեռևս չկա շահագրգռություն աշխատել այս ձևաչափում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031