2021թ. փետրվարի ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէր. միջազգային հանրությունն այն սվիներով չընդունեց, Փաշինյանի ձևակերպումը բառացի կրկնեց միայն Թուրքիան. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, թուրքագետ Գեղամ Մանուկյանի հետ 168.am-ն այս անգամ թուրքագիտական հարցեր է քննարկել:

Դաշնակցական գործչի դիտարկմամբ, Թուրքիայի Հանրապետության մեկդարյա պատմության ընթացքում տեղի է ունեցել չորս հեղաշրջում, որոնցից երեքը՝ ուղղակի բանակային, ռազմական միջամտությամբ, վերջինը՝ 1997 թվականինը, կոչում են պոստմոդեռն, քանի որ իշխանության փոփոխությունը բանակն իրականացրել է անարյուն, պալատական եղանակով։

Եվ, ի տարբերություն 2016 թվականի փորձի, ըստ Գեղամ Մանուկյանի, նախորդ բոլոր ռազմական հեղաշրջումները հաջողությամբ են պսակվել, քանի որ «զինվորականությունն ուներ արտաքին հզոր ուժերի աջակցությունը, իսկ 2016 թվականին Թուրքիայի զինվորականությունը դրանից զրկված էր և պարտություն է կրել, քանի որ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն էր ստացել ուղղակի զորակցություն այդ ուժերից»։ Բնականաբար, Թուրքիայի նախագահ Էրդողանը չի ընդունի, որ 2016 թվականին որևէ տեսքով աջակցություն ուներ արտաքին ուժերից, նա ռազմական հեղաշրջման փորձի ձախողումը վերագրում է իր ժողովրդի միասնությանը և ողջամտությանը:

Իսկ Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ այս ամենը շատ ուսուցողական է ռազմական բոլոր հեղաշրջումների փորձերի համար։

Կարդացեք նաև

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում երբևէ եղել է ռազմական հեղաշրջման փորձ` հաջողված կամ ոչ, վերը նշվածը կարո՞ղ ենք պրոյեկտել Հայաստանի վրա:

Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալը 1998թ. փետրվարին ի՞նչ էր՝ անարյուն «ռազմական հեղաշրջո՞ւմ», թե՞… 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը ևս որակել էր ռազմական հեղաշրջման փորձ, ընդ որում, կողմնակի միջամտությամբ` նախկիններից մինչև դրսի ուժեր, թեպետ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դա բացառել էր։

– Թուրքիայում զինված հեղաշրջումները լոկ արտաքին ազդեցության հետևանք էին: Այսինքն, ներքաղաքական իրավիճակն արտաքին որոշ ուժերի, հատկապես՝ արևմտյան, Միացյալ Նահանգներին տալիս էր այդ հնարավորությունը՝ «այո» ասելու կամ լռությամբ աջակցելու այն անօրինական հակասահմանադրական գործողություններին, որն իրականացնում էր զինված ուժերը՝ 1960, 1971, 1980, 1997 թվականներին:

Ինչ վերաբերում է 2016 թվականի զինված հեղաշրջմանը, ապա քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ Էրդողանն ունենալով և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի լուռ աջակցությունը, այդ իրավիճակում առավել տիրապետող էր: Չպետք է մոռանալ նաև ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ դեպքը, երբ ռուսական ուղղակի տեղեկությունների հիման վրա էր, որ Էրդողանը փրկվեց մահից՝ ինքնաթիռի հետ կապված: Իհարկե, 2016 թվականին մեծ էր նաև հասարակության և ժողովրդի դերակատարությունը, ինչն ուղղակի արտահայտում էր Էրդողանի ունեցած բարձր վարկանիշը, որի արդյունքում էր նաև, որ հնարավոր եղավ դիմագրավել զինվորականությանը, այդ թվում՝ ժողովրդական դիմադրությամբ կամ դիմադրողականությամբ:

Իսկ Հայաստանի դեպքում խոսել ռազմական հեղաշրջման կամ դրա փորձի մասին, այդ թվում՝ 1998 թվականի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հրաժարականը նկատի ունենալով, սա որևէ աղերս չունի իրականության հետ, որովհետև Տեր-Պետրոսյանի հրաժարականը ներքաղաքական և Հայաստանի քաղաքական գծի շուրջ իշխանության ու ընդդիմության դիրքորոշումների կտրուկ տարբերության արդյունք էր, և ոչ թե բանակն ուներ դրա մեջ որևէ դերակատարություն:

Ավելին, իշխանություն-ընդդիմություն տեսակետների կտրուկ տարբերությունն արտահայտվում էր նաև հասարակության մեջ: Խոսքն Արցախի ապագայի և արցախյան հարցում բանակցային երկու տարբեր պատկերացումների մասին է, որը, կրկնում եմ, արտահայտվեց 1998 թվականի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով: Եվ հետագա 20 տարիների ՀՀ արտաքին քաղաքական գիծը ևս վկայեց, որ Արցախի ապագայի նկատմամբ տեսլականների տարբերությունն էր հրաժարականի պատճառը:

Ինչ վերաբերում է 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, սա ևս անհնար է կոչել ռազմական հեղաշրջման փորձ, որովհետև դասական առումով ռազմական հեղաշրջման փորձերի կամ իշխանափոխությունների ժամանակ գործի են դրվում զինված ուժերի ձեռքի տակ եղած բոլոր գործիքակազմերը: Մինչդեռ Գլխավոր շտաբն ուղղակի հանդես եկավ հայտարարությամբ, և խոսքը վերաբերում էր առհասարակ զինված ուժերի նկատմամբ քաղաքական իշխանության վերաբերմունքին:

Ու պատահական չէ, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը միջազգային հանրության կողմից այդպես էլ սվիններով չընդունվեց՝ բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի: Եվ հենց Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը՝ «ռազմական հեղաշրջման փորձ», բառացի կրկնեց միայն Թուրքիան, և միջազգային այլ կառույց կամ որևէ այլ երկիր ոչ մի խոսք այդ մասին ընդհանրապես չասեց:

– Վերադառնանք Թուրքիային և երկրի բանակի, զինվորականության նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությանը: Կարո՞ղ ենք ասել, որ Էրդողանը մի կողմից՝ ստեղծել է հզոր բանակ, վերջին տարիներին՝ նաև ռազմական արդյունաբերություն, մյուս կողմից՝ նվազեցրել է զինվորականության ազդեցությունը երկրի ներքաղաքական կյանքում և երկրի կառավարման համակարգում, ընդ որում, դա արել է ԵՄ անդամակցությանն անհրաժեշտ բարեփոխումների անվան տակ։ Իսկ հիմա էլ փորձում է փոխել Թուրքիայի սահմանադրությունը, որպեսզի երկիրն ունենա «քաղաքացիական» մայր օրենք, որը թելադրված չի լինի դրսի ուժերի և «խռովարարների» կողմից։ Սրանով ի՞նչ է փորձում կանխել Էրդողանը:

– Թուրքիայում զինված ուժերի տրանսֆորմացիան բավականին ծավալուն թեմա է: Որովհետև տասնամյակներով Թուրքիայի ներքաղաքական կյանքում ունեցած դերակատարության առումով երկրի զինված ուժերը բավականին տրանսֆորմացիայի ենթարկվեց՝ Էրդողանի իշխանության գալուց և նույնիսկ արդեն դրանից առաջ, ինչպես նաև՝ երկրում գյուլենական շարժման ուժեղացմանը, տարբեր անվտանգային կառույցներում գյուլենականների համատարած հայտնվելուն զուգահեռ: Եվ գյուլենականների, իսլամական հակումներով սպայակազմի զորեղ ներկայությունը թուրքական բանակում կանխորոշեցին բոլոր փոփոխությունները, պաշտոնանկությունները, ձերբակալությունները, կալանքները, զինված ուժերի գլխատումը, որոնք տեղի ունեցան Էրդողանի իշխանության օրոք: Եվ այս տրամաբանության մեջ են նաև «Էրգենիկոնին» առնչվող և մյուս բոլոր թղթածրարներն ու դատավարությունները:

Հավելենք, որ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված և ձախողված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված միջոցառմանը, որը նաև հիշեցում էր այն մասին, թե ինչպես 10 տարի առաջ Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին հաջողվեց միասնաբար կանխել այն, Էրդողանը հայտարարել է.

«Մեր պետությունն ունի ավելի քան բավարար հզորություն՝ չեզոքացնելու իր դեմ ուղղված ցանկացած սպառնալիք և ջախջախելու այն դավաճաններին, որոնք կհամարձակվեն գլուխ բարձրացնել։ Չնայած նրան, որ առաջնորդի մահից հետո FETÖ-ն, ըստ էության, կորցրել է մարտական ոգին և զրկվել հույսից, Թուրքիան չի կարող թույլ տալ իրեն թուլանալ այս նենգ ցանցի դեմ պայքարում»:

Սա մի կողմից՝ նշանակում է, որ Թուրքիան չի չեզոքացրել լիովին գյուլենական շարժումից եկող սպառնալիքները, չի մաքրել անվտանգային և ուժային կառույցները «դավաճաններից», մյուս կողմից՝ սա հուշում է Էրդողանի վախերի մասին, ինչպիսին կարող է ունենալ ցանկացած բռնապետ, եթե անգամ երկիրն արտաքին աշխարհում լուրջ գործոն է դարձրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031