Գեներալն ասում էր՝ կարող է՝ դեմներն ինչ-որ բան են դրել, դեմ են տվել պատին… Նազիկ Ամիրյան
Հուլիսի 14-ը Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարն այս անգամ նկարահանվել է Վաղարշապատ քաղաքում գործող Մանվել Գրիգորյանի անվան թանգարանում, և հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք Մանվել Գրիգորյանի տիկնոջ՝ առաջին հայ կին գնդապետ Նազիկ Ամիրյանի, Մանվել Գրիգորյանի զինակից ընկերներ Վազգեն Վարդանյանի, Արկադի Մարդանյանի, Մարտին Սարգսյանի, Արսեն Մանուկյանի, «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության լրատվության բաժնի պետ Նարինե Մնացականյանի հետ։

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո սա առաջին մեծ հարցազրույցն է Մանվել Գրիգորյանի գործունեության մասին, և հաղորդման հյուրերն առիթ են ունեցել անդրադառնալու նաև այդ օրերին գեներալի շուրջ կատարվողին, այսպես կոչված, «տուշոնկա»-ի աղմկահարույց դրվագին, նրա անվանարկման այլ փորձերին ու երբեմնի ընկերների մեղադրանքներին։
Ստորև ներկայացնում ենք Նազիկ Ամիրյանի հետ մեր զրույցից որոշ հատվածներ՝
- 1989 թվականին Էջմիածնի կամավորական ջոկատների կազմում առաջին անգամ մեկնել ենք Արցախ, Հադրութի տարածաշրջան, և այնտեղ կամավորականները տեղաբաշխվել են գյուղերով։ Ես Մելիքաշեն գյուղում էի, գեներալը՝ Ակնաղբյուրում։ Ջոկատների կազմով իրականացնում էինք պաշտպանական գործողություններ։ Այնուհետև, երբ ջոկատները միավորվեցին և հրամանատար նշանակվեց Մանվել Գրիգորյանը, այդպես ծանոթացանք։

- Մանվել Գրիգորյանն այն գյուղում, որտեղ սկզբում ինքն էր, ընտրվել էր՝ որպես խմբի ղեկավար, որովհետև ամենակայուն, ամենակարգապահ անդամներից էր։ Ու թեև կոնկրետ զինվորական կրթություն չուներ, բայց իրավիճակի ճիշտ գնահատման, որոշումներ կայացնելու հարցում իրեն հավասարը չուներ։
- Ես ասեմ՝ ինչու էր թշնամին Մանվել Գրիգորյանի համար գլխագին սահմանել․ 1992 թ. Արցախի բանակը ձևավորվեց, և սկզբնական ժամանակահատվածում մեր ջոկատները միավորվեցին-մտան Արցախի բանակի կազմի մեջ։ 1993 թվականից արդեն ձևավորվեց բրիգադը, և նույն այդ տարածքը, որտեղ մենք իրականացնում էինք պաշտպանությունը՝ հիմնականում «Հադրութի ձորակի»։ Գյուղերի մի ամբողջ շարան էր, որի սահմանային պաշտպանությունն իրականացվում էր մեր բրիգադի կողմից, և ինչքան էլ ադրբեջանցիները փորձում էին առաջխաղացում ունենալ, կամ ինչ-որ գործողություններ անել, բոլորն անհաջողության էր մատնվում, ու նրանց մոտ արդեն զրույց էր ծավալվում, որ իրենց պարտության պատճառը հրամանատար Մանվելի կազմակերպած գործողություններն են։
- Երբ ազատագրվեցին մեր բավականին մեծ տարածքները, թուրքերը գեներալի համար մեծ գլխագիններ դրեցին, որ եթե ինչ-որ մեկը հաջողի գեներալի կյանքի հանդեպ ոտնձգություն անել, բավականին մեծ գումար կստանա։ Իհարկե, իրենց կողմից դա չհաջողվեց, և դա մնաց իրենց երազանքների մեջ։
- Իր համար, հայրենիք ազատագրած մարդու համար մեծ հրճվանք էր Արցախ գնալը, Արցախն այդպիսին տեսնելը՝ ազատ, անկախ, աճող, զարգացող, գեղեցկացող։ Ընտանիքում ամենամեծ ուրախությունը թոռներն էին, և ամեն մի նոր թոռան ծնունդով նա նորից վերածնվում էր։ Ուխտագնացության էր գնում․ թոռներին հավաքում-տանում հետը, տարին մեկ անգամ պարտադիր Արցախ էին մեկնում ուխտագնացության։ Ուխտագնացության ժամանակ ծանոթացնում էր տարածքների, գյուղերի, դիրքերի հետ, որպեսզի երեխաները փոքրուց հասկանային, թե ի՞նչ է հայրենասիրությունը, ի՞նչ է հայրենի հողը, ի՞նչ է ազատագրված հողը։
- Գիտե՞ք, 2018 թ․ մենք բոլորին ուզում էինք բացատրել, որ այս իշխանությունները, որոնք գալիս են, Արցախը տալու են։ 2018 թվականին մեզ ոչ ոք չէր լսում։ Գեներալի հանդեպ այս գործողություններն արվեցին, որովհետև թերևս միակ մարդը, որ երբեք չէր համաձայնվի Արցախի այսօրվա վիճակի հետ, կլիներ Մանվել Գրիգորյանը։ Նա երբեք չէր համաձայնի և հրաման չէր կատարի․ այսինքն՝ առնվազն հրաման չէին կատարի այն բոլոր տղաները, որոնց, ինչպես 2016 թվականի Ապրիլյանին, նա հավաքելու էր իր շուրջը ու տաներ Արցախ։ Այս իշխանությունները, երևի թե, դրանից խուսափելու համար որոշեցին, որ ամենալավ, ամենահնչեղ թիրախը Մանվել Գրիգորյանն է, և օգտագործեցին նաև հասարակության չհասկացող մասսայի, չգնահատող մասսայի կարծիքը ու կազմակերպեցին այն, ինչ մենք տեսանք։
- Այն, ինչ ցույց էին տալիս, հասարակությանը հետո շատ դժվար էր բացատրել, իսկ իրականությունն այն էր, որ 2016 թվականի Ապրիլյանից հետո գեներալը գրավոր հրաման տվեց ամբողջ Հայաստանի բոլոր երկրապահ բաժանմունքներին ստեղծել պահեստներ, որպեսզի, Աստված չանի, եթե ապրիլյանի նման մեկ այլ դրվագ լինի, խնդիր չունենանք՝ ընդամենը պետությունից զենք ստանանք և գնանք նորից սահմանը պահելու։ Իսկ այդ «պահեստներ» հասկացությունն իշխանությունը, ԱԱԾ-ն շատ լավ օգտագործեց՝ հանրային բացասական կարծիք ստեղծելու համար զինվորի բաժին հասկացությունն օգտագործելով։ Այդ նամակները․․․ մենք նույնիսկ դատարանում ապացույցներ ներկայացրեցինք տեսաերիզի տեսքով, թե ինչպես են առաջին գծում այդ նույն նամակները կարդում, և գեներալն ինչպես է հրահանգում այդ նամակները հավաքել, որ Հայաստան տարվի, դրվի թանգարանում։
- Այսինքն՝ ամեն ինչ օգտագործեցին․ նկարահանում են Երկրապահի պահեստը, որտեղ կանգնած է նույնիսկ Երկրապահի տեխնիկան, հետո մոնտաժում են ու ցույց են տալիս, թե՝ նայե՛ք, «զինվորի բաժին» է գրված և գտնվում է պահեստում։ Եվ հետո, մեր հասարակությունն ընդհանրապես մոռանում է, որ 2008 թվականից հետո գեներալ Մանվել Գրիգորյանն ընդհանրապես բանակի հետ կապ չի ունեցել։ 2008թ․ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը զորացրվել է բանակից։ Իսկ 2018թ․ օգտագործում էին հանրային կարծիքը, ասում՝ զինվորի բաժինն է յուրացրել։
- Գեներալին անմիջապես կալանավորեցին, և քանի որ ես ևս գործով մեղադրյալ էի, մեզ արգելված էր իրար հետ հանդիպելը, և մենք տարուց ավելի չենք շփվել։ Բայց այն հատվածը, որ հնարավորություն եղավ արդեն իրեն տեսնելու, նա ուղղակի ասաց, որ չէր պատկերացնում, թե այս իշխանությունները, որ ժողովրդավարության քողով էին ծածկված, այդքան թուրքամետ կլինեն և կզոհեն և՛ Արցախը, և՛ մեր սահմանները։ Ու 2020 թվականին արդեն, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, և ոչ միայն Արցախի՝ մեր ամբողջ սահմաններով արդեն անհանգիստ իրավիճակ էր, սայլակի վրա նստած՝ ինքն իր տեղում հանգիստ չմնաց․ դիմեց դատարան, որպեսզի դատարանը թույլ տա՝ ինքը մեկնի Արցախ։
- Իհարկե, այդ թույլտվությունից հետո մեկ ժամ անգամ չմնաց, միանգամից ուղևորվեց դեպի Արցախ, որովհետև մտածեց, որ նույնիսկ սայլակի վրա գամված վիճակում իր ֆիզիկական ներկայությունն ինչ-որ արդյունք կունենա, ինչ-որ արդյունք կտա։ Իհարկե, ցավոք սրտի, երկար չկարողացավ այնտեղ կազմակերպել այդ ամեն ինչը, որովհետև կորոնավիրուսով վարակվեց, և հոկտեմբերի 27-ին ծանր վիճակում տեղափոխվեց Հայաստան։
- Նա այդ օրերին Շուշից տեսաուղերձ հրապարակեց՝ կոչով դիմելով իր բոլոր մարտական ընկերներին, խնդրելով ու ահազանգելով, որ կորցնում ենք Արցախը, ով հնարավորություն ունի՝ պետք է գա Արցախը պաշտպանելու։
- Արցախի՝ 2020 թվականի պատերազմին պակասում էր Մանվել Գրիգորյանի նման զորավարը, պակասում էր, չկար։ Այսինքն՝ զինվորը, զինակոչիկը կռվել է, զինվորը դիրքը մինչև իր վերջին շունչը պահել է, բայց կազմակերպվածության ու նաև՝ վատ հրամանատարների պատճառով եղավ այն, ինչ եղավ։
- Իհարկե, իրականությունը նաև մի քիչ այլ տեսք էլ ունի․ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով պետք է երկու կողմերի բանակը կանգներ այն տեղում, որտեղ կանգնած էր։ Ու քանի որ մեր հանրությունն այդ տարածքներին չի տիրապետում, չի ճանաչում, այնտեղ չի եղել մեծ մասամբ, չի էլ պատկերացնում, թե ինչ է եղել: Բավականին մեծ տարածքներ հանձնվել են այդ պայմանագիրը ստորագրելուց հետո՝ բանավոր պայմանավորվածությամբ․ մեր տղաներին հետ են քաշել և այդ տարածքները նվեր են տվել Ադրբեջանին, ուղղակի նվեր են տվել։ Մնացածն էլ նվեր տվեցին արդեն 2023 թվականին։
- Մարդիկ չեն տեսել ադրբեջանցիների վայրագությունները, ուղղակի չեն տեսել այդ ամեն ինչը․ մենք տեսել ենք, գիտենք՝ ինչպես կարող են վերաբերվել ծերերի, երեխաների, կանանց, զինվորի հետ։ Այդ ամեն վայրագությունը մենք տեսել ենք 1989 թվականից սկսած, և նույն այդ վայրագությունները տեսել են Արցախի բնակիչները, որոնք հերոսաբար կռվել են։ Իսկ այսօր՝ Արցախ չունենք, Հայաստանի Հանրապետության նախկին սահմաննե՞ր․ այսօր թուրքը նստած է նաև մեր հողի մեջ, ու այնպիսի ամրություններ է կառուցել իր համար, որ դժվար թե մեկի մտքով անցնի, որ ինքն այդ ամրությունները հետ կտա Հայաստանի Հանրապետությանը։
- Ես չեմ հավատում խաղաղությանը․ մի երկու օր առաջ երկրի ղեկավարն ասում է՝ էս չանենք, Ջերմուկը կտանեն, էս չանենք՝ Վարդենիսը կտանեն։ Չի կարելի, ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է մեր սահմանների մասին էդքան իրոնիայով խոսել։ Արցախի սահմաններն այդքան տարի պահպանվել են, այդքան էրեխեք են զոհվել, տղաներ են զոհվել։

- Գիտե՞ք, Մանվել Գրիգորյանի վերաբերմունքն այդ լուրը (խոսքը նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին է:- Զ.Դ.) իմանալուց հետո ընդամենը մեկ նախադասությունով վերլուծեց մեր ամբողջ կյանքը, նաև՝ այդ 2 տարվա բոլոր տհաճ իրավիճակները, որով ինքն անցավ․ ուղղակի ասաց, որ դրան կարելի էր դիմանալ, բայց Արցախի կորստին անհնար է դիմանալ։ Ու էդպես էլ ինքը գնաց։ Արցախի կորստին չդիմացավ, որովհետև այդ ժամանակ, գիտեք, բժիշկներն արձանագրել էին՝ իր մոտ դրական տեղաշարժ կար։ Ամսի տասից հետո իր մոտ կտրուկ վատացում գնաց։
- Ինչքան էլ մտածում ենք՝ ինքը շատ խիստ էր, բայց ընկերների արած դավաճանությունն իր հանդեպ փորձում էր յուրովի մեկնաբանել, դրական երանգներ գտնել, փորձում էր իրենց այդ դավաճանական քայլը միջից հանել: Ասում էր՝ կարող է ստիպել են, կարող է՝ դեմները ինչ-որ բան են դրել, որ չեն կարողացել դրա միջից դուրս գալ, ստիպված են եղել։ Արդարացնում էր։ Ես ավելի չոր եմ նայում․ ասում էի՝ ախր, այսպես է եղել, ասում էր՝ չէ՛, դու այդպես մի՛ նայիր, մտածի՛ր, որ այդ մարդուն կարող է դեմ են տվել պատին, ինքն էլ մտածել է, որ ես ուժեղ մարդ եմ, ես ավելի շատ կդիմանամ, քան ինքը։ Համենայն դեպս, ընկերներից նեղացած չգնաց։
- Ես չգիտեմ՝ ուրիշ ազգերի մոտ կա՞ այդ արտահայտությունը, թե՞ չէ, որ ասում են՝ գնա մեռի, արի սիրեմ։ Մեր մեծերը միշտ ասում են, որ մեր ազգը չի սիրում կենդանի հերոսների, պարտադիր իր հերոսները պետք է մահանան, զոհվեն ու անցնեն դարեր, սրբացնեն իրենց հերոսներին։ Մանվել Գրիգորյանի զորավարի կերպարը դեռ հառնելու է։ Պատմությունով տեսնում ենք՝ նույնը Անդրանիկի հանդեպ, Նժդեհի, Դրոյի, բոլորի հանդեպ նույն քաղաքականությունն է վարվել։ Եթե Անդրանիկը չհասցներ գնալ Հայաստանից, նույն հոդվածներով դատելու էին։
Զինակից ընկերների հետ զրույցից հատվածներ

- Ուրիշ մարդ էր նա․ պարզապես չէր շփվում, ու այն մարդիկ, որ այսօր նրա անվան հետ են խաղում, չեն շփվել նրա հետ, չգիտեն էդ մարդուն։

- Պատերազմի դաշտում կանչում էր, քարտեզը փռում- բացատրում էր։ Խիստ էր, բայց մի կողմից էլ՝ արդարացի էր, 10 րոպե հետո նույն մարդուն չէիր ճանաչում․ իր խստությունը մի կողմ էր դնում, որովհետև զինվորի հետ զինվոր էր, հրամանատարի հետ՝ հրամանատար։
- Մանվել Գրիգորյանը եղել է մեզ համար և՛ մեծ ախպեր, և՛ ծնող։ Ես ափսոսանքով եմ ասում՝ էս ամեն ինչը չպետք է լիներ մեր հայ ժողովրդի գլխին։
- Աստված մի օր լույս բացի, բոլորս կգտնվենք Արցախում։ Էլի եմ ասում, ասել եմ վաղուց՝ հայը երբեք ոխերիմ մարդասպան չէ, հայն ընդամենն ուզում է պահել-պաշտպանել իր պապական հողն ու ջուրը, իրա սրբությունը, իր քրիստոնեությունը։ Զինվորը չի ուզում պատերազմ, զինվորը միշտ էլ խաղաղության տերն է. այո՛, մենք խաղաղության տերն ենք, բայց թշնամին, եթե չի հասկանում դա, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Նա ծնկաչոք է մեզ ուզում տեսնել, բայց բացառված է։

Հատվածներ ԵԿՄ լրատվության նախկին աշխատակից Նարինե Մնացականյանի զրույցից՝
- 2018թ․ ընդհանրապես, մինչ այդ դեպքերը կհասնեին զորավարին, ես մտածում էի, որ իշխանության են գալիս մարդիկ, ովքեր Արցախ չեն տեսել։ Նրանք չգիտեին՝ Արցախն ինչ է, հեշտ էր իրենց Արցախը հանձնելը։ Իսկ ինչ վերաբերում է գեներալ Մանվելին..․ գեներալ Մանվելն անկառավարելի է եղել, գեներալ Մանվելին ոչ ոք չէր կարող ղեկավարել, կառավարել, ասել, որ այսպես պիտի լինի։ Իսկ նման մարդիկ պետք չէին այս իշխանությանը։

- Գեներալ Մանվելին չէին կարող ասել, թե՝ պիտի շատ զոհեր տանք, որ հետո ասենք՝ հող ենք տալիս։ Գեներալ Մանվելին չէին կարող ասել, որ՝ Արցախը տանք, որ մենք լավ ապրենք, ու չէր ենթարկվի գեներալ Մանվելն էս սուտի գեներալներին։ Ես անուն պիտի տամ․ երբեք չեմ տվել՝ Գեներալ Մանվելը Մելքոնյան Գագո չէր։ Գեներալ Մանվելին չէիր կարող համոզել Արցախ տալը։ Ինքը կասեր՝ կմեռնենք, բայց ինչքան կարող ենք՝ կպահենք մեր հողը, բայց չենք կարող նվեր տալ Արցախը, դարավոր մեր թշնամուն։
Մանրամասները՝ տեսանյութում

