Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. խնդիրներ Թուրքիայի համա՞ր և ազդանշան ԱՄՆ-ի լոբբիստների՞ն
Հունիսի 28-ին Բենիամին Նեթանյահուի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց 1915-1916 թվականներին երիտթուրքական վարչակարգի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Դիտորդների կարծիքով՝ այդ քայլը պայմանավորված է ոչ այնքան պատմական փաստերի վերաիմաստավորմամբ, որքան Ռեջեփ Էրդողանի կառավարության հետ Իսրայելի հարաբերություններում աճող լարվածությամբ:
Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի խոսքով՝ «ելնելով մեր բարոյական և պատմական պարտքից՝ Իսրայելը ճանաչում է Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը»։ Նա հավելել է, որ «այդ իրադարձությունների մասին պատմական ճշմարտության ժխտումը, նսեմացումը կամ խեղաթյուրումը» պետք է արժանանան դատապարտման։
1915-1916 թվականներին, փլուզման եզրին գտնվող Օսմանյան Թուրքիայի տարածքում, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվեցին մոտ 1,5 միլիոն հայեր, որոնք զոհ գնացին զանգվածային կոտորածների և տեղահանությունների, այդ թվում՝ Դեր Զորի անապատներում «մահվան երթերի» ժամանակ: Բազմաթիվ քաղաքացիներ բռնի կերպով իսլամ են ընդունել։ Արևմտյան բազմաթիվ կառավարություններ և շատ նշանավոր գիտնականներ երիտթուրքական վարչակարգի կողմից կազմակերպված սպանությունները ճանաչում են՝ որպես ցեղասպանություն, մինչդեռ Անկարայում պնդում են, որ տարբեր ազգությունների քաղաքացիների մահը պատերազմի, հիվանդության և սովի, այլ ոչ թե էթնիկ բնաջնջման որևէ կանխամտածված արշավի հետևանք է:
Որպեսզի ընդունված որոշումը դառնա Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը, այն պետք է հաստատվի նաև Քնեսեթի (խորհրդարանի) կողմից, որը պատրաստվում է մեկնել ամենամյա ամառային արձակուրդի։ Չի բացառվում՝ հարցի քննարկումն ընդհանրապես հետաձգվի կամ տեղափոխվի ավելի ուշ ժամկետ։
«Երկար տարիներ մենք պայքարել ենք, որպեսզի Իսրայել պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և Քնեսեթում լոբբինգ ենք իրականացրել համապատասխան բանաձևի ընդունման համար։ Սակայն այսօր Իսրայելի խորհրդարանում գրեթե չկան մարդիկ, որոնք հետաքրքրված են այս հարցով»,- հիշեցնում է իսրայելահայ ակտիվիստ Հակոբ Ջերնազյանը՝ հավելելով, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է քաղաքական հարց։
«Իհարկե, հրեա ժողովուրդը, հաշվի առնելով իր պատմությունը, բարոյական պարտավորություն ունի ճանաչելու և դատապարտելու հայերի և ռուանդացիների ցեղասպանությունները, և դա պետք է աներ տարիներ առաջ: Սակայն ներկայիս ճանաչումը պարզապես ցինիկ քայլ է՝ խայթելու Թուրքիային, Էրդողանին ապտակելու միջոց»,- կարծում է լրագրող և քաղաքական վերլուծաբան Յաիր Նավոտը:
Քնեսեթը պարբերաբար անդրադարձել է «Հայկական հարցին» նաև ավելի վաղ: 2015 թվականին խորհրդարանի կրթության հանձնաժողովը նշեց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ ժամանակ խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ արեց կառավարությանը և խորհրդարանին անցնել կոնկրետ քայլերի՝ հայտարարելով. «Ես ինձնից և Քնեսեթից ակնկալում եմ, որ մենք ճիշտ կվարվենք, որպեսզի որոշումներ կայացնենք ժողովրդավարական պետության բարոյական չափանիշներին համապատասխան»: Նրա կոչը մնաց անպատասխան։
Երեք տարի անց «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգը Քնեսեթում ցեղասպանության պաշտոնական ճանաչման առաջարկ է ներկայացրել։ Իշխող կոալիցիան՝ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, և արտաքին քաղաքական գերատեսչությունը դեմ են հանդես եկել: Արձագանքելով Զանդբերգի նախաձեռնությանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ն զգուշացրել է. «Մենք կարծում ենք, որ Իսրայելը, 1915 թվականի իրադարձությունները Հոլոքոստի հետ նույն մակարդակի վրա դնելով, առաջին հերթին վնասում է ինքն իրեն»:
Ձգտելով պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ և խուսափելով «Շոա» (Հոլոքոստի՝ եվրոպացի հրեաների ոչնչացման հրեական անվանումը, որն իրականացվել է նացիստների և նրանց համագործակիցների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) բառի օգտագործումից՝ ուղիղ զուգահեռներ չանցկացնելու նպատակով, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն առաջարկել էր բանաձևում այդ իրադարձություններն անվանել «հայկական ողբերգություն»։ Զանդբերգը չհամաձայնեց այդ ձևակերպման հետ, և նախաձեռնությունը մերժվեց։ Իրար հաջորդած Իսրայելի կառավարությունները մշտապես պնդում էին, որ ճանաչման համար «անհարմար ժամանակ» է՝ վկայակոչելով ամենատարբեր պատճառներ։
2024 թվականի հունվարին արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կրկին բարձրացրել է այդ հարցն այն բանից հետո, երբ Անկարան միացավ Գազայում պաղեստինցիների ցեղասպանության մեղադրանքով ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին:
«Թուրքիայի նախագահը, մի երկիր, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և կարծում էր, որ աշխարհը լռելու է, այսօր պարծենում է, որ ապացույցներ է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Մենք չենք մոռացել Հայոց ցեղասպանությունն ու քրդերի զանգվածային սպանությունները»,- հիշեցրել է Կացը սոցիալական ցանցերում:
Ի վերջո, անցյալ տարվա օգոստոսին արդեն վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Կարծում եմ՝ մենք դա արեցինք: Կարծում եմ՝ Քնեսեթը համապատասխան բանաձև է ընդունել»,- PBD փոդքաստում հայազգի հաղորդավար Պատրիկ Բեթ-Դևիդի հետ հարցազրույցի ժամանակ նա հայտնել է իր մտորումները:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի կառավարությունների ղեկավարներից ոչ մեկը երբեք չի ճանաչել այդ զանգվածային սպանությունները, զայրացած Բիբին պատասխանել է. «Ես հենց նոր դա արեցի։ Ահա»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում: Պաշտոնական Երևանի դավանած «Չորրորդ հանրապետության» կառուցման կուրսը ենթադրում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերի ակտիվ հաստատում: Մայիսին Անկարան չեղյալ հայտարարեց մի շարք առևտրային սահմանափակումներ, որոնք Երևանում ընկալվում էին՝ որպես դրական ազդակ: Բացի այդ, Փաշինյանի կառավարությունը զարգացնում է կապերը Եվրամիության հետ, որտեղ կտրուկ քննադատում են 2023-2025 թվականներին Գազայում ռազմական գործողությունների ընթացքում ՑԱԽԱԼ-ի գործողությունները:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այժմ Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ, ինչի մասին բազմիցս հայտարարվել է պաշտոնական և կիսապաշտոնական մակարդակներում: Սփյուռքի (առաջին հերթին՝ ամերիկյան, և մասամբ՝ եվրոպական) լոբբիստական ջանքերը, որոնք հանդես են գալիս իրենց բնակության երկրների կառավարությունների կողմից Ցեղասպանության ճանաչման օգտին՝ միջազգային դատարաններում փոխհատուցման հայցերի հեռանկարով, առավել ևս որևէ աջակցություն չեն գտնում Հայաստանի գործող իշխանությունների կողմից, ավելի շուտ՝ հակառակը:
Իսրայելի հայ համայնքը (մոտ 6 հազար մարդ), որն աշխարհում հնագույններից մեկն է, ազդեցիկ չես անվանի: Երուսաղեմի և պատմական Պաղեստինի մի շարք այլ վայրերի հայերի մեծ մասը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, սակայն հանդիպում են նաև կաթոլիկներ, բողոքականներ և աշխարհիկ քաղաքացիներ, որոնք նախկին Խորհրդային Միությունից են:
Իսրայելն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին: 1997 թվականին մեկնարկեցին ուղիղ չվերթերը Թել Ավիվի և Երևանի միջև, իսկ 2015 թվականին երկու երկրները բացեցին առևտրի պալատներ՝ երկկողմ առևտուրը զարգացնելու համար: Այնուամենայնիվ, չնայած որոշ պատմական զուգահեռներին և Սփյուռքում բազմադարյա գոյության հարուստ փորձին՝ երկու երկրների միջև շփումներն առանձնահատուկ ջերմությամբ չեն աչքի ընկել:
Հայաստանը Թել Ավիվում դեսպանատուն է բացել միայն 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի մեկնարկից հաշված օրեր առաջ, որի ընթացքում ադրբեջանական բանակն արդեն երկրորդ անգամ (առաջինը՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում) կիրառել է իսրայելական նորագույն բարձր տեխնոլոգիական մշակումներ: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ իսրայելական տեխնոլոգիաներն օգնել են իր երկրին «ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը» 1988-2023 թվականների ղարաբաղյան հակամարտության ընթացքում: Երևանում Իսրայելի դեսպանատուն մինչ օրս չկա։
Ի դեպ, «Հրեական տուն Երևանում» հասարակական նախաձեռնությունում հայտարարել են, որ Ցեղասպանության ճանաչման որոշումը որոշակի մերձեցման հետևանք է, որը դրսևորվել է, մասնավորապես, 2025-2026 թվականներին որոշ հայ պաշտոնյաների Երուսաղեմ կատարած այցերում: Դրա հետ մեկտեղ, որևէ առաջընթաց, ներառյալ՝ լիարժեք դիվանագիտական ներկայացուցչության բացումը, չի նկատվում։
Հիշեցնենք, որ երբեմնի ամուր դաշնակիցներ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ անկում ապրեցին 2010 թվականին Գազայի ափեր ուղղված «Ազատության նավատորմի» միջադեպից հետո, երբ իսրայելցիները սպանեցին Թուրքիայի ինը քաղաքացիների Mavi Marmara նավի գրոհի ժամանակ, որը փորձում էր մարդասիրական օգնություն հասցնել Պաղեստինյան անկլավ: 12 տարի պահանջվեց, որպեսզի հարաբերությունները սկսեն բարելավվել:
2022 թվականի մարտին Իսրայելի նախագահն այցելեց Անկարա՝ ցույց տալով քաղաքական երկխոսության պատրաստակամություն (տնտեսական կապերը չէին ընդհատվում), սակայն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը և դրան հաջորդած Գազայի պատերազմը վերջ դրեցին կարճատև մերձեցմանը:
Էրդողանը բազմիցս դատապարտել է Իսրայելին՝ ինչպես Գազայի պատերազմի, այնպես էլ՝ 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի աջակցությամբ սիոնիստական ռեժիմի կողմից սկսված երկու պատերազմների պատճառով: Իրանի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումն արևմտյան Երուսաղեմում մտահոգության միակ պատճառը չէր: 2024 թվականի դեկտեմբերին Ասադի ռեժիմի անկումից և նախագահ Ահմեդ Ալ-Շարայի իշխանության գալուց հետո Սիրիայում Թուրքիայի աճող ազդեցությունը նկատելիորեն անհանգստացրել է Նեթանյահուի կառավարությանը։
Իսրայելի առաջնորդները չեն վստահում Թուրքիայի կողմից աջակցվող ջիհադիստական խմբավորման նախկին առաջնորդի՝ այժմ ցիվիլ տարազով, մտադրություններին։ «Դամասկոս-Անկարա» հիպոթետիկ առանցքը, փաստորեն, Թուրքիային տանում է դեպի Իսրայելի «անվտանգության գոտու» սահմանները երկրի հարավում (Հաուրանի հովիտ, որտեղ իսրայելցիները հովանավորում էին տեղի դրուզներին, և օկուպացված Գոլանի բարձունքները):
«Լիբանանի և Սիրիայի վրա Նեթանյահուի և նրա մարդասպանների ցանցի հարձակումներն իրավիճակը հասցրել են մի կետի, երբ այն սպառնում է նաև Թուրքիային»,- հունիսի 10-ին ելույթ ունենալով Ազգային Մեծ ժողովում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Իսրայելում աննկատ չեն մնացել նաև Դոնալդ Թրամփի որոշ արտահայտություններ:
«Նա ինձ դուր է գալիս, Էրդողանը, նա իմ ընկերն է, և նա հեռու մնաց Իրանի հետ պատերազմից։ Դուք գիտեք, նա Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու գլխավոր թեկնածուներից մեկն էր, հնարավոր է՝ նույնիսկ Իրանի կողմից, որովհետև նա, գիտեք, Իսրայելի մեծ սիրահար չէ։ Ես խնդրեցի նրան մնալ հեռու, և նա մնաց»։
Ավելին, Սպիտակ տունը պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ավիացիոն շարժիչներ վաճառելու մտադրության մասին: Թրամփը նաև ակնարկել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ երկարատև վեճի հնարավոր բեկման մասին՝ ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին Անկարայի վերադարձի հեռանկարով:
«Վերջին օրերին Իսրայելը բախվել է նախագահ Դոնալդ Թրամփի սառը վերաբերմունքին։ Նա անտեսել է Իսրայելի անվտանգության շահերն Իրանում և Լիբանանում՝ Թեհրանի հետ գործարքի հասնելու համար: Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Էրդողանն իր լավ ընկերն է, Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի մասին հաղորդագրությունների հետ մեկտեղ, խիստ զայրացրել է Իսրայելի ղեկավարներին»,- դժգոհում է Նավոտը:
Հնարավոր է, զգալով իր հնարավորությունների որոշակի նեղացում, Նեթանյահուի կառավարությունն «ակնարկում է» հայ լոբբիստներին, սակայն այնքան էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչով կարող են նրանք օգնել իսրայելցիներին, որոնք փորձում են կոնյունկտուրային կերպով խաղարկել «հայկական խաղաքարտը»: Հազիվ թե Նեթանյահուի կառավարությունը ձեռք բերի այն քաղաքական դիվիդենտները, որոնց վրա, հնարավոր է, հույս ուներ, քանի որ այժմ նույնիսկ Ադրբեջանում, հնարավոր է, մտածեն մերձավորարևելյան գործընթացներում Իսրայելին ձեռնտու դիրքերից հետագա ներգրավման նպատակահարմարության մասին:
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

