Իրանական ուղերձներ՝ Երևանին. Թեհրանը սպասում է ռազմավարական հստակեցմա՞ն
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Իրան մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։

Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։
Ուշագրավն այն է, որ իրանական կողմի տարածած հաղորդագրությունն ու նախագահ Փեզեշքիանի խոսքում տեղ գտած առանցքային շեշտադրումները բացակայում էին ՀՀ կառավարության հաղորդագրությունից։ Իրանական Mehr գործակալությունը ներկայացրել էր իրանական կողմի հաղորդագրությունը, նշելով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար և համերաշխություն հայտնել երկրի համար դժվարին ժամանակահատվածում՝ ընդգծելով, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում։

Ըստ այս հաղորդագրության, Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրել է՝ որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ նշելով, որ երկրները մշտապես ընդլայնում են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։
«Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին հակամարտության ընթացքում համագործակցության համար և հույս հայտնել երկկողմ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ ավարտի վերաբերյալ։ Փեզեշքիանի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է նոր հնարավորություններ բացել փոխգործակցության համար և միաժամանակ ամրապնդել համագործակցությունը մաքսային, տրանսպորտի, տարանցման, առևտրի և տնտեսական կապերի ոլորտներում։
Իրանի նախագահը շեշտեց, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաև նշեց, որ տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը։
Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Փեզեշքիանը շեշտեց բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ընդգծեց Թեհրանի հանձնառությունը վեճերի դիվանագիտական կարգավորմանը։ Նա նաև նշեց, որ իր կարծիքով, Արևմտյան Ասիայում անկայունության հիմնական աղբյուրն Իսրայելի ռեժիմն է՝ հղում անելով Լիբանանում, Գազայում, Սիրիայում և Իրանում տեղի ունեցած իրադարձություններին»,- ասված էր իրանական կողմի հաղորդագրությունում։

Հայտարարությունում մեջբերվել էին նաև Փաշինյանի խոսքերը։ Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ասել էր, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է պատրաստվում։ Նա հույս էր հայտնել, որ այն կստորագրվի այս տարվա ընթացքում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։
Փեզեշքիանի՝ «հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով» ձևակերպումը պատահական դիվանագիտական արտահայտություն չէ։ Սա նման է Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների նախորդ ժամանակահատվածում հնչող մեկ այլ հայտարարության՝ «տարածաշրջանում անընդունելի է երրորդ ուժերի ներկայությունը»։ Սա պաշտոնական Թեհրանն անում էր այն փուլում, երբ ՀՀ-ում իր գործունեությունը սկսեց ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
Իրանական քաղաքական բառապաշարում «արտաքին ուժեր» հասկացությունն ունի հստակ հասցեատեր։ Խոսքն առաջին հերթին Միացյալ Նահանգների, Եվրամիության ռազմաքաղաքական ներգրավվածության, ՆԱՏՕ-ի ազդեցության, ինչպես նաև Իսրայելի տարածաշրջանային ներկայության մասին է։ Թեհրանն այս անգամ էլ փորձում է Երևանին փոխանցել, որ հայ-իրանական օրակարգը չպետք է վերածվի այն հարթակի, որտեղ երրորդ դերակատարները կարող են ազդել երկու երկրների ռազմավարական հաղորդակցության վրա։ Այս շեշտադրումը հնչում է այն ֆոնին, երբ Հայաստանն օրեցօր ակտիվացնում է համագործակցությունը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։
Իրանի համար խնդիրը Հայաստանի և Արևմուտքի համագործակցության փաստը չէ։ Իրանի համար շարունակում է կարմիր գիծ մնալ այն, որ Հարավային Կովկասում չպետք է ձևավորվի այնպիսի ճարտարապետություն, որի միջոցով արևմտյան կամ իսրայելական ազդեցությունը կարող է անմիջականորեն մոտենալ Իրանի հյուսիսային սահմաններին։ Այդ պատճառով էլ Փեզեշքիանի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես հայ-իրանական հարաբերությունների գնահատական, այլև որպես տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Իրանի հերթական քաղաքական ուղերձ։
Հատկանշական է նաև, որ իրանական հաղորդագրության մեջ արտաքին միջամտության թեման հաջորդում է համապարփակ համագործակցության համաձայնագրի մասին հատվածին։ Ակնհայտ է, որ գործընթացով հետաքրքրված է իրանական կողմը, որն առաջինն է հրապարակայնորեն խոսել այս համաձայնագրի մասին և ներկայումս էլ պաշտոնապես իրանական կողմն է թեման շարունակում։ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ ներկայիս հարաբերությունների համատեքստում բարդ է ասել, թե Երևանը երբ նման համաձայնագիր կկնքի Թեհրանի հետ։
Սակայն հենց ռեգիոնալ ներկայիս իրողությունների համատեքստում է կարևոր դառնում նաև ռազմավարական գործընկերության կամ համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի թեման։ Եթե փաստաթուղթը ստորագրվի, այն կարող է դառնալ ոչ միայն տնտեսական համագործակցության իրավական հիմք, այլև քաղաքական ազդակ, որ Հայաստանը նույնիսկ արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունների պայմաններում, չի պատրաստվում վերանայել Իրանի նկատմամբ իր հիմնարար մոտեցումները։
Թեհրանի համար նման փաստաթուղթը նաև վստահության ցուցիչ կլինի, որ Երևանը շարունակում է Իրանը դիտարկել որպես տարածաշրջանային առանցքային գործընկեր։ Այս համաձայնագիրը կարծես այս փուլում դառնում է կարևոր անկյունաքար հայ-իրանական հարաբերություններում, որի շուրջ առաջընթացի է ակնկալելու իրանական կողմը։ Փեզեշքիանի հայտարարություններում ևս մեկ ուշագրավ շեշտադրում կար՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վերահաստատումը։ Այս ձևակերպումն ուղղակիորեն համընկնում է Իրանի երկարամյա դիրքորոշման հետ, ըստ որի՝ Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունը կամ արտատարածքային տրամաբանությամբ նախագծերի իրականացումն անընդունելի են։ Ուստի Թեհրանը փաստացի վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը շարունակում է դիտարկել ոչ միայն որպես երկկողմ հարաբերությունների բաղադրիչ, այլև որպես սեփական ազգային անվտանգության համակարգի մաս։
Այս ամենը վկայում է, որ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպումը շատ ավելի լայն քաղաքական բովանդակություն ուներ, քան ընթացիկ հանդիպումն էր։ Եթե հայկական կողմը հիմնականում շեշտադրել էր ցավակցությունը, խաղաղությունն ու երկկողմ հարաբերությունների ընդհանուր զարգացումը, ապա իրանական հաղորդագրությունը փաստացի ներառում էր Իրանի կարմիր գծերի ու քաղաքական ակնկալիքների շարադրում։ Այդ իմաստով երկու հաղորդագրությունների միջև տարբերությունը քաղաքական էր. Երևանը ներկայացրել էր իր օրակարգը հաղորդագրությունում առանց ներկայացնելու Թեհրանի կարմիր գծերն ու դիրքորոշումները, իսկ Թեհրանը նպատակադրված ընդգծել էր իր աշխարհաքաղաքական առաջնահերթություններն ու կարմիր գծերը։

