60 օրվա ընթացքում կկայանա խաղաղության համաձայնագրի և միջուկային ծրագրի քննարկումը. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ 60 օրվա ընթացքում պետք է կայանա ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի քննարկումը խաղաղության և միջուկային ծրագրի հարցերի շուրջ գործարքի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«60 օրվա ընթացքում պետք է կայանա փոխըմբռնման հուշագրի որոշ մանրամասների և այլ հարցերի քննարկումը: Հարցերից մեկը որոշակիորեն կապված է միջուկային ծրագրի հետ: Այս փուլում մենք չենք քննարկում միջուկային ծրագրի մանրամասները, իսկ 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը կենտրոնացած է պատերազմի դադարեցման վրա», – ասել է Բաղային:
ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտ չի համարում արձագանքել սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումներին, որոնք սպառնալիքներ են բովանդակում Իսլամական Հանրապետության հասցեին։ Թեհրանը մտադիր է գործել «իր ոճով»։
«Մենք ունենք շատ ավելի կարևոր գործեր։ Մենք կենտրոնացած ենք (մեր երկրի) ազգային շահերի առաջմղման և պաշտպանության վրա», – մեջբերել է նրա խոսքն Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Բաղային միաժամանակ հայտարարել է, որ Իրանը «մշտական կապի մեջ է» Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ։
«Երեկ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Թախտ Ռավանչիի և Թեհրանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների միջև։ Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական գործընթացի վերջին իրադարձությունները», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայություններն Իրանից հարստացված ուրանի դուրսբերման և այն ՌԴ-ում պահելու համար, սակայն, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վաշինգտոնն առայժմ չի ընդունում Մոսկվայի առաջարկը։



