Եթե հայ ժողովուրդը «Նեմեսիսը» չաներ, երկրի վրա ապրելու իրավունք չուներ. Հովիկ Գրիգորյան
«Նեմեսիսի» անդամներն անմեղ մարդկանց չեն սպանել: Երբ երիտթուրքերը դեռ 1918թ. դեկտեմբերին փախել էին, նոր սուլթանական իշխանության ներկայացուցիչներն ընդունեցին, որ հայերի նկատմամբ հանցագործություն է կատարվել: Ի դեպ, Թուրքիայի վերջին սուլթան Վահիդեդդինը Հայոց ցեղասպանությանը դեմ էր, համակրում էր հայերին: Ռազմական ատյաններ բացվեցին, և պաշտոնական թուրքական դատարանն է երիտթուրքերին մեղավոր ճանաչել Հայոց ցեղասպանության հարցում: Հենց թուրքական դատարանն է փաստերի ճնշմամբ հեռակա կարգով դատապարտել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, մյուսներին… Այդ դատարանը կազմված էր թուրքերից ու քրդերից, թեպետ ձևավորվել էր Անտանտի պետությունների դրդմամբ:
Այս մասին «Դասեր» հաղորդաշարում ասաց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց պատմության» ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանը:
«Թուրքական դատարանի վճռով փոքր կերպարների Թուրքիայում մահապատժի ենթարկեցին, բայց խոշորները փախան: Թուրքական դատարանն այլ բան չէր կարող անել. հսկայական փաստեր կային: Ի դեպ, այդ թուրքական դատարանի դատավորները հետագայում դատապարտվեցին: Մեկը քուրդ Մուստաֆա փաշան էր, որը հայերին ինֆորմացնում էր Էնվերի տեղաշարժերի մասին: Այդ դատավորներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մայրական նախապապերից մեկն է: Բորիս Ջոնսոնը մայրական կողմով թուրք է: Այդ Ջոնսոնի պապին Թուրքիայում մահապատժի ենթարկեցին, ընտանիքն էլ տարան Անգլիա»,- ասաց Հովիկ Գրիգորյանը:

Պատմաբանն անդրադարձավ նաև «Նեմեսիսի»՝ Մուսավաթական Ադրբեջանի հանցագործ ղեկավարների դեմ ուղղված գործողություններին:
«Ինչո՞ւ են ադրբեջանցիները հայտարարում, թե «Նեմեսիսի» և Գարեգին Նժդեհի արձանները պետք է ապամոնտաժվեն Երևանում: «Նեմեսիսը» գործի դրվեց, որովհետև կար կայացված պատիժ, բայց չկային այդ պատիժը գործի դնողներ: Ի դեպ, «Նեմեսիսի» առաջին գործողություններից մեկը Մուսավաթական Ադրբեջանի դեմ էր, առաջին զոհերից մեկը՝ Բեհբութ Խան Ջևանշիրը՝ հայերի կոտորածի կազմակերպիչներից մեկը, 1918թ. Բաքվում սեպտեմբերին, որին զոհ գնաց 30.000 հայ:
Միսաք Թոռլակյանը Պոլսում ոչնչացրեց Մուսավաթական Ադրբեջանի ՆԳ նախարար Բեհբութ Խան Ջևանշիրին, և նա էլ, ինչպես Սողոմոն Թեհլերյանը, ազատ արձակվեց դատավարության արդյունքում: Հետագայում այլ ղեկավարներ նույնպես ոչնչացվեցին: Ոչնչացվեցին նաև դավաճան-մատնիչ հայեր, ինչպես, օրինակ՝ Հարություն Մկրտչյանը, ով կազմել էր հայ մտավորականների ցուցակները: Այլ դավաճաններ նույնպես ոչնչացվեցին:
Հայոց ցեղասպանության կազմակերպման խոշոր դերակատարները՝ թաքնված, տեղից տեղ փախչող, ուրիշի անվան տակ հանդես եկողներին դժվար էր հայտնաբերել: Մարդիկ ամիսներով հետևել են, հայտնաբերել են երթուղիները, նոր իրականացրել պատիժները: Եվ դա էր «Նեմեսիս» գործողության վերջին փուլը՝ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի չեզոքացումը: Դա երկարատև պրոցես էր, շատերը ստվերում են մնացել, հայտնի են միայն ատրճանակից գնդակ արձակողների անունները, բայց շատ նվիրյալներ հայտնի չեն: Եթե հայ ժողովուրդը չաներ դա, երկրի վրա ապրելու արժանի չէր»,- ասաց Հովիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 1918 թ. դեկտեմբերին Ս. Թեհլերյանը ժամանում է Կ. Պոլիս` գտնելու մատնիչ Հարություն Մկրտչյանին, որի կազմած «սև ցուցակի» համաձայն՝ Թալեաթը հրամայեց 1915 թ. ապրիլի 24-ին աքսորել Կ. Պոլսի հայ քաղաքական և մշակութային վերնախավին: 1919թ. փետրվարին նա գնդակահարում է հայազգի մատնիչին Կ. Պոլսում: Ինքը՝ Սողոմոն Թեհլերյանը, անդրադառնալով հայ մատնիչ-դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությանը, գրում է, որ նրան մահապատժի ենթարկելն իր սեփական նախաձեռնությունն է եղել. «Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարությունը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել…»:
«Ստվերում է մնացել, օրինակ՝ հետախույզ, հերոս Հրաչ Փափազյանը, որը մտել էր թուրքերի շրջանակ, մտերմացել նրանց հետ ու մեծագույն նպաստ բերել գործի՝ «Նեմեսիսի» հաջողությանը։ Նա հանուն իր ժողովրդի խնդիրների լուծման՝ երկար ժամանակ ապրել է թուրքական միջավայրում, լսել իր ժողովրդի հասցեին սպառնալիքներ, հայհոյանքներ, բայց հանդես է եկել՝ որպես թուրք կալվածատիրոջ զավակ, հանուն գործի անգամ թլպատվել է, որպեսզի վստահություն ձեռք բերի, ու հասել է նրան, որ մեծ հանցագործներից մեկի՝ Ջեմալ Ազմիի տղայի հետ է ընկերացել: Նա իսկական խոնարհ հերոս էր, ու միայն իր կյանքի վերջին տասնամյակում է հայտնի դարձել այն, ինչ նա արել է հայ ժողովրդի համար»,- նշեց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Հովիկ Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



