3-րդ բանակային կորպուսի 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել. Պատերազմի օրերին նրանք ողջ կազմով հրաժարվել են մեկնել Արցախ

44-օրյա պատերազմի օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվել Տավուշում պայմանագրայինների ճանապարհը հարազատների կողմից փակելու դեպքերի մասին, որպեսզի չգնան Արցախ: Ընդ որում, նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ հարազատները հենց այդ պայմանագրայինների պահանջով էին փակել նրանց իսկ ճանապարհը, որոնցից շատերը, ըստ տարբեր տեղեկությունների, պատերազմից հետո չէին հեռացվել համակարգից և շարունակում էին ծառայությունը:

168.am-ն այս դեպքերի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին գրավոր դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում քանի՞ նման դեպք է արձանագրվել, որտե՞ղ՝ մարզ, քաղաք, գյուղ, արդյո՞ք հարուցվել են քրեական գործեր, եղե՞լ են մեղադրյալներ, ի՞նչ մեղադրանքով, ի՞նչ փուլում են այդ գործերը, եթե հարուցվել են, իսկ եթե գործերը փակվել են, ի՞նչ հիմնավորմամբ:

2022 թ. հոկտեմբերի 7-ին մեր այս հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն իր պատասխան-գրության մեջ շրջանցել էր որոշ հարցեր՝ հայտնելով.

«Հայաստանի Հարապետության քննչական կոմիտեի նախագահին 30.09.2022թ. հասցեագրած Ձեր հարցումը 03.10.2022թ. ստացվել և քննարկվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։

Կարդացեք նաև

Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Ձեր հարցման մեջ հիշատակվող հանգամանքների կապակցությամբ, 2020թ. հոկտեմբերի 15-ին Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը պատերազմի ժամանակ) և 38-364–րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելուն օժանդակելը պատերազմի ժամանակ) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-364-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»:

Այս միջադեպի առնչությամբ 168.am-ը ևս մեկ հարցում կուղարկի՝ պարզելու, թե ինչ փուլում է գործը, արդյո՞ք կան նոր մեղադրյալներ:

Իսկ մինչ այդ Դատալեքսից 168.am-ը տեղեկացավ պատերազմի օրերին արձանագրված մեկ այլ դեպքի մասին. 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի զինծառայող, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի համապատասխան հրամանով Արցախի Հանրապետություն մեկնելուց և Պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության անցնելուց, որը զուգորդվել է դրա փաստացի չկատարմամբ»:

Ըստ Դատալեքսի, զինծառայողներին մեղադրանքն առաջադրվել է 2021 թվականի մայիսին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի (Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասով:

Վերադառնանք պայմանագրայինների ճանապարհը փակելու դեպքին և հավելենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 18-ին Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆակտորին» տված հարցազրույցում պատմել  էր.

«44-օրյա պատերազմի ժամանակ ստորաբաժանում է եղել, որը շրջափակման մեջ է գտնվել, փորձ է արվել Բ ստորաբաժանումը հանել ի աջակցություն Ա ստորաբաժանման և փրկել այն, խնդիր լուծել: Մարդիկ են զանգում Բ ստորաբաժանման ընտանիքներին, ժողովուրդը դուրս է գալիս և փակում այս ստորաբաժանման ճանապարհը, և այն չի կարողանում տեղ հասնել և չի գնում: Ա ստորաբաժանումը մնում է իր տեղում, և բոլորը կամ մեծ մասը զոհվում են: Ռազմական դրություն չլինի, ինչ ուզում է լինի, պետք է նայել քաղաքացիական անձա՞նց, ովքեր զինված ուժերի որևէ ստորաբաժանման դեմը կարան կանգնե՞ն, թե զինված ուժերի ստորաբաժանումը պետք է անցնի, անգամ՝ եթե ես կանգնած եմ, իմ վրայով»:

Թե որտեղի, ինչ ստորաբաժանման մասին է խոսքը, երկու դեպքում էլ Մարուքյանը չէր գաղտնազերծել, չէր բացահայտել նաև՝ որտեղից այդ տեղեկությունն իրեն: Նա նաև չէր տվել կոնկրետ անուններ, թե ովքեր կամ ում կողմից կարող էին լինել այդ մարդիկ։ Եթե ենթադրենք՝ ճիշտ է, ինչո՞ւ իշխանությունը դա չի կանխել, մեղավորին հենց այդ պահին պատժել պատերազմի օրենքներով:

Ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, նշված պայմանագրայինները 2021-ի հունիսի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, այսպես ասած, իրենց ներդրումն են ունեցել, որ Նիկոլ Փաշինյանը՝ պարտված գերագույն հրամանատարը, հաղթի:

Այս դեպքը մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու, ինչպես նաև Դատալեքսում  հիշատակված  դատական գործը, որով 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, և որը մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին:

Նշենք, որ վերջինի հետ կապված մանրամասներ չենք հայտնում գաղտնիության սկզբունքից ելնելով:

Տեսանյութեր

Լրահոս