Եթե գազի գինը եռապատկվի, մեր էներգետիկ համակարգը կոլապսի կենթարկվի․ Ատոմ Մարգարյան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուսական Առաջին ալիքի եթերում զգուշացրել է՝ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Սա դեռ ամենը չէ․ ՌԴ պաշտոնյան նաև արձանագրել է, թե Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի իր հետ տնտեսական հարաբերությունները։
ՀՀ իշխանությունները հայտարարել են՝ նպատակ ունեն անդամակցել Եվրոպական Միությանը։
Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ՝ հնարավոր չէ։
Փաշինյանը պատասխանել էր․ «Այն, ինչ մենք անում ենք, և մեր օրակարգը որ ունենք, այս պահին համատեղելի են, և քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգերը համատեղել, մենք կհամատեղենք: Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»։
ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև այս ընտրությունը, որը Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցի ժամանակ ու դրանից հետո առաջարկվեց իշխանություններին, տարբեր շրջանականեր համարում են ճնշման փորձ։
Ինչո՞ւ և ի՞նչ ասվեց իրականում՝ թեմայով 168․am-ի հարցադրումներին պատասխանել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն ինտեգրացիոն տարբեր կազմավորումներ են` իրենց ինստիտուտներով, իրենց ֆորմատներով, իրենց կարգավորումներով, իրենց մաքսային տարածքով և, բնականաբար, հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական իրողությունները՝ ռուս-ուկրաինական պատերազմ և այլն, դրանք հակոտնյաներ են։
Այն, ինչ ասում է ռուսական կողմը, իհարկե, օբյեկտիվ հիմքեր ունի։ Մյուս կողմից՝ նաև կա կողմնորոշման հարց։ Եթե դու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ես, օգտվում ես այդ արտոնյալ կարգավիճակից, չես կարող ԵՄ-ի ուղղությամբ ճանապարհ բռնել։
Բայց խնդիրն էլ նրանում է, որ ռուսական ակտիվները, ներդրումները, գազամատակարարումը, ռուսական շուկան մեզ համար ուղղակի այլընտրանք չունի՝ գոնե այս պահի դրությամբ, գոնե տեսանելի հորիզոնում»,- հավելեց տնտեսագետը։
Այս համատեքստում նա անդրադարձավ մարտի 26-ին ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունված ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։
«Եվրոպական միության անդամակցության մասին օրենքը, որն ընդունեցին, պարզապես նոնսենս է՝ առանց կոնսուլտացիաների, առանց լայն քննարկումների, առանց, ի վերջո, հանրաքվեի»,- նկատեց նա։
Ատոմ Մարգարյանն ուշադրություն հրավիրեց հատկապես էներգակիրների հարցի վրա՝ հիշեցնելով Պուտինի արձանագրումները գազի սակագնի վերաբերյալ։
«Եթե գազի գինը եռապատկվի, դա նշանակում է, որ մեր էներգետիկ համակարգը կոլապսի կենթարկվի։ Այն ճյուղերը, որոնք նստած են ռուսական գազի վրա, դրանք ևս կոլապսի կենթարկվեն։ Գնաճի տարբեր գնահատականներ կան․ մինչև 20-25 % կարող է հասնի։ Բոլոր կենսապահովման ոլորտները, որոնք կախված են տրանսպորտից և էներգակիրներից, ուղղակի կդառնան անմրցունակ։ Սա շատ պարզ, էլեմենտար հաշվարկ է։
Մյուսը՝ լոգիստիկան է․ հայտարարեցին՝ եթե անդամակցում եք Եվրոպական միությանը, օդային հաղորդակցությունը կդադարեցվի, սա ևս ուղղակի կբերի կոլապսի։
Հաջորդիվ նաև աշխատանքի շուկաներն են․ հայաստանցի 700.000-800.000 աշխատող կա, որոնք ՌԴ-ում են՝ կա՛մ ՀՀ քաղաքացիությամբ, կա՛մ՝ երկքաղաքացիությամբ։ Այդ մարդկանց ուղղակի կարող են ասել՝ վերցրե՛ք ձեր իրերը և գնացեք հայրենիք․ ի՞նչ պիտի անեն։
Սրանք գումարած՝ 3 -4 միլիարդ դոլարի ամեն տարի մասնավոր տրանսֆերտները, որոնք ՌԴ-ից մտնում են Հայաստան»,- պարզաբանեց Ատոմ Մարգարյանը։
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները նշեցին համատեղելու մասին, տնտեսագետն արձագանքեց․ «Բայց ի՞նչ է նշանակում՝ համատեղել․ դու կարող ես 3-րդ երկրների հետ աշխատել, ինչպես, ասենք` աշխատում են Չինաստանի, Հնդկաստանի մյուս երկրների հետ, բայց լինել ինտեգրացիոն կազմավորման անդամ, նշանակում է` մաքսային սահմանն ուղղակի փակվում է։
Մի բան է Եվրոպական միության հետ աշխատելը և բոլորովին այլ բան՝ ԵՄ կազմում լինելը, և այն տարիֆային և ոչ տարիֆային կարգավորումները, որ գործում են Եվրասիական տնտեսական միության սահմաններում, և Հայաստանը, որպես դրա անդամ, օգտվում է դրանից, դրանք մի օրվա մեջ կդադարեն գոյություն ունենալուց։
Բայց Եվրոպական միության ստանդարտներին հասնելը տասնամյակներ է տևելու, հեշտ չի այնտեղ մտնել։ Նույն Մոլդովան, Ուկրաինան՝ ի՞նչ վիճակում են, նրանք այդ անդամակցության թեկնածու են։ Այնպես որ, դա ասելով չէ, և զուտ իրավակարգավորումների տեսանկյունից ուղղակի անհնար է»։



