«Ես չպետք է բարձրաձայնեի, որ ՆԳՆ-ի կողմից ռեակցիա լիներ. Կնոջ երեխան միջադեպից հետո հոգեբանական ծանր վիճակում է, կինը՝ նույնպես». Ռոման Երիցյան
Օրերս փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Արցախցի զոհված զինծառայողի քրոջը՝ հինգ երեխաների մորը, երեխաների աչքի առաջ Նոր Հաճնի իր բնակավայրից մի քանի ոստիկաններ ձերբակալել և տեղափոխել են Դիլիջանի քննչական բաժին՝ զուտ այն բանի համար, որ նա ֆեյսբուքյան հարթակում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է արել մեկնաբանություններում:
Այսօր խորհրդարանում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ «տեղյակ է այդ միջադեպից, մտահոգիչ է, կխոսեն կնոջ հետ, և նախարարության կողմից կլինի համապատասխան ռեակցիա»։
Այսօր 168.am-ը Ռոման Երիցյանից հետաքրքրվեց՝ ՆԳՆ-ից արդեն խոսե՞լ են արցախցի կնոջ հետ, ի՞նչ համարժեք ռեակցիա է ակնկալում ՆԳ նախարարության կողմից։
«Առնվազն այս պահի դրությամբ այդ կնոջ հետ որևէ մեկը չի խոսել, այս ամենի մասին ես չպետք է բարձրաձայնեի, որ ՆԳՆ-ի կողմից ռեակցիա լիներ։ Պարզապես ոստիկանությունը պետք է առաջնորդվեր օրենքով և բացի օրենքից՝ խղճով ու ներքին համոզմունքով, ինչը ոստիկանության մոտ կարծես բացակայում է»,- նշեց փաստաբանը։
Նա հիշեցրեց՝ ոստիկանները կնոջ տուն են գնացել գիշերային ժամին, մանկահասակ երեխայի ներկայությամբ, առանց որևէ բան պարզաբանելու, որևէ տեղեկություն տրամադրելու, ինչը քրեադատավարական սահմանադրական խախտում է, կնոջը փաստացի ազատությունից զրկել են ու տեղափոխել Դիլիջանի ոստիկանություն։
«Ինչպիսի՞ն կլինի ՆԳ ռեակցիան՝ ձևական ցույց է տալու, թե ռեակցիա է տալու, բայց այդ արձագանքի հանգուցալուծումն արդեն բոլորիս համար հասկանալի է։
Վստահեցնում եմ, որ սա ոչ թե ոստիկանության գործելաոճն է, այլ վախեցնելու միտում ունեցող գործողություն էր, լավ գիտեին, որ այս կինն ամեն ինչ լուսաբանելու է։ Միակ նպատակը ֆեյսբուքյան և հանրային այլ հարթակներում իշխանությանը թիրախ չդարձնելն է, դրա համար էլ ոստիկանները մտածեցին, եթե որևէ մեկին վախեցնում են, հաջորդիվ չի կրկնվի։ Բայց եթե նկատել եք, անգամ իմ գրառման ներքո մարդիկ չեն վախեցել ու արտահայտվում էին։
Կնոջ երեխան այդ միջադեպից հետո հոգեբանական ծանր վիճակում է, կինը՝ նույնպես, նա տուն ու տեղ կորցրած մարդ է, ում եղբայրը զոհվել է։ Գիշերվա կեսին մտնում են մարդու տուն՝ ընդամենը մեկ տարի առաջ կատարած գրառման համար, նրան տանում են ոստիկանություն։
Իհարկե, արցախցու հոգեբանական վիճակը ամուր է, շատ բաների միջով է անցել, բայց այս իրավիճակներն ազդում են»,- ընդգծեց Ռոման Երիցյանը։



