«Աշխարհում ո՞վ կարող է ինձ ասել, որ ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել, բանակս ուժեղացնել». Արման Թաթոյան
«Ակնհայտ էր, որ Արցախի հետ կապված՝ ՀՀ իշխանությունը ոչ միայն չէր անում անհրաժեշտ քայլեր, այլև հիշում ենք, ՄԱԿ Անվտանգության խորհրդում ելույթից առաջ Հայաստանի կառավարության ղեկավարն ասաց՝ ոչ մի վտանգ Արցախի բնակչությանը չի սպառնում։ Փաստերը թաքցնում էին միջազգային հանրությունից, նաև խոչընդոտում էին, չնայած այդքան հայտարարում էր, թե մենք ենք Արցախի անվտանգության երաշխավորը»,- այս մասին այսօր հրավիրած հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Այս համատեքստում նա նաև հավելեց՝ իրենց նախաձեռնությունը մշտապես ասել է, սա դարձնելու են միջազգային օրակարգ։
«Ո՞վ կարող է աշխարհում ասել, որ ես իմ երկիրը չեմ կարող պաշտպանել։ Տեսեք՝ ինչ է անում, կտրատում է՝ կտոր-կտոր ամեն ինչ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և շատ վստահ քայլերով գալիս են առաջ։
Այսինքն՝ որևէ մեկն աշխարհում կարո՞ղ է ասել, թե ինչու եմ ես իմ բանակն ուժեղացնում, որ իմ երկիրը պաշտպանեմ, ապահով պահեմ։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ ներխուժումներից ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել, ժողովո՛ւրդ ջան, դրա համար կան միջազգային բոլոր մեխանիզմները։
Դրա համար եմ ասում, որ այս իշխանությունը մեր ժողովրդի վրա վախ է վաճառում։ Հիմա էլ նախընտրական քարոզչության ժամանակ քարոզում են, որ վախից ելնելով ընտրեն։ Իսկ ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, հանկարծ չմտածեք, բոլոր լուծումները կան, բոլոր միջազգային մեխանիզմները կան»,- ասաց Արման Թաթոյանը։
Ըստ նրա, այս խնդիրները լուծելու համար մասնագետներ են պետք, ոչ թե պետք է լինի այնպիսի մեկը, ով վտանգավոր իրավիճակներում դուրս գա ներքին քարոզչության, պերաշկի ու կուկուռուզ ուտի, փոխարենը երկրի անվտանգությամբ զբաղվի։
«Մենք այս հարցերում լինելու ենք հետևողական, որովհետև առանց դրա մեր երկրում չի կարող լինել իրական խաղաղություն»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




