Ալիևը ճիշտ է համարում Փաշինյանի նախընտրական մանտրան՝ «սահմանին զինվոր այլևս չի զոհվում». Հոգեբանական մանևր և տակտիկական քայլ
Իրանի դեմ հարվածների ֆոնին փաշինյանական իշխանությունը ներկուսակցական քարոզարշավի և նախընտրական հանդիպումների մեջ է:
Եվ քանի որ Ադրբեջանի համար շատ կարևոր է հունիսի 7-ին ՀՀ-ում սպասվող ԱԺ հերթական ընտրությունների արդյունքը, քանի որ հաստատված կեղծ խաղաղության օրակարգի և նախաստորագրված համաձայնագրի ճակատագիրը դրանից է կախված, նրանց ուշադրությունը ևս ոչինչ չի շեղում Հայաստանի ներքաղաքական անցուդարձից, քաղաքական ցանկացած հայտարարությունից: Այսինքն, 24-ժամյա մոնիտորինգ է իրականացվում:
Ու այսօր ադրբեջանական քարոզչամեքենայի ուսումնասիրություններն արձանագրել են, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքական ղեկավարության հռետորաբանությունը կտրուկ և համակարգային փոփոխության է ենթարկվել, ինչը թույլ է տալիս Բաքվին ենթադրելու, որ «Հարավային Կովկասում Ադրբեջանի կողմից հաստատված աշխարհաքաղաքական նոր իրողությունն անվերապահ ընդունել է ՀՀ կառավարությունը»: Ադրբեջանական քարոզչամեքենան, բացի Նիկոլ Փաշինյանից, այս համատեքստում նկատի ունի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին և այլոց:
Ընդ որում, Բաքուն նկատում է, որ ՀՀ ղեկավարության հռետորաբանության փոփոխությունը պայմանավորված է երկու գործոնով. առաջին, անհրաժեշտ է ապահովել կոմունիկացիաների վերականգնումը, ինտեգրվել տարածաշրջանային նախագծերին և դրանով իսկ փրկել կործանվող տնտեսությունը, երկրորդ, հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում պետք է հաղթել՝ ապագա պատերազմի և տնտեսական զարգացման խոստումով:
«Փաշինյանը, հաշվի առնելով ընտրություններից առաջ Մոսկվայի և Արևմուտքի միջամտությունը, արդեն իսկ ազդանշան է ուղարկում` իր գլխավոր նպատակը խաղաղությունն ու տնտեսական ինտեգրացիան է։ Ըստ էության, այս ընտրություններում Փաշինյանի հաղթանակը Հայաստանի պատմության մեջ կարող է մտնել որպես վարչապետի հաղթանակ ռևանշիստների նկատմամբ։ Եվ քաղաքական հայտարարությունը, որ «խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և գտնվում է ստորագրման փուլում», փաստացի տակտիկական քայլ է։ Այսինքն, սա ընտրություններից առաջ Փաշինյանի կառավարության ամենակարևոր քաղաքական ապահովագրությունն է, որով փորձ է արվում կանխել ընդդիմության հնարավոր «մանիպուլյացիաները» (չակերտները՝ Մ.Պ.), թե փաստաթուղթը դեռ կարող է փոխվել և լինեն նոր զիջումներ»,- մասնավորապես, գրել է Ադրբեջանի պետական քարոզչությանը ծառայող report.az-ը:
Բայց այստեղ Բաքուն հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել իր գլխավոր նախապայմանը խաղաղության պայմանագրի ստորագրման՝ ՀՀ սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները:
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի նախընտրական կամ քարոզչական շեշտադրումներին, ապա Բաքուն դրանք շատ ճիշտ է համարում, բերելով առավել առարկայական օրինակներ:
Մասնավորապես, ըստ report.az-ի վերլուծության, Փաշինյանը կարողանում է «կպնել» հայաստանյան հասարակության զգայուն կետերին, երբ ասում է՝ «ես ուզում եմ հայ ժողովրդին հասցնել, որ այսօր արդեն հաստատված է խաղաղությունը», և, որ «2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր»:
«Ներկա պայմաններում սա ազդում է հայ հասարակության վրա: Այսինքն, սա հոգեբանական մանևր է` միտված պատերազմի մշտական վախը վերացնելուն, որը տասնամյակներ շարունակ հայ հասարակության մեջ սերմանել են ռևանշիստական ուժերը: Հենց այս գաղափարն է փորձում տեղ հասցնել Փաշինյանը, որ իշխող ուժի շնորհիվ է, որ սահմանին զինվոր չի զոհվում: Այլ կերպ՝ նա փաստացի հավասարեցնում է ռևանշիստական հռետորաբանությունը և սահմանին զինվորի զոհվելու հնարավոր փաստը»,- նկատում է ադրբեջանական լրատվամիջոցը:
Ի՚՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության անդամները, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարը, որպես նախընտրական-հոգեբանական քարոզչական մանտրա՞ են կրկնում անընդհատ, որ «հակառակորդի կրակոցից այլևս զինվոր չի զոհվում», և նույն տրամաբանության մեջ չեն շեշտադրում բանակի ներքին խնդիրների հետևանքով մահվան դեպքերը:
Ի դեպ, 2024 թվականի հունիսի 14-ին Սյունիքի հատվածում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Արդեն անցել է մոտ 1.5 տարի, և չնայած ՀՀ քննչական կոմիտե ուղարկված մեր հարցումներին, այդպես էլ չենք ստացել պատասխան՝ հայ պայմանագրային զինծառայողը հակառակորդի կրակոցի՞ց է սպանվել, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է բանակի ներքին իրավիճակով պայմանավորված մահվան դեպքերին՝ սպանություն, ինքնասպանություն, ապա 2026 թվականի հունվարի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 6 դեպք է արձանագրվել, որից 1-ը կայծակնահարության պատճառով, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, ևս 2-ը` առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում` այս թվերը միայն ժամկետային զինծառայողների մասին չեն, այլ տարիքային տարբեր խմբերի ծառայողների»:
Սուրեն Պապիկյանի այս ասուլիսից հետո մահվան 3 դեպք է արձանագրվել ծառայության հետ կապված, այն է՝
-ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է: Ինքնասպան եղած զինծառայող Վահան Պետրոսյանը եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան: Նա 19 տարեկան էր։
–Փետրվարի 7-ին էլ հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
–Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, առաջին և երրորդ դեպքերը տեղի էեն ունեցել Գեղարքունիքի մարզում, այսինքն, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող զորամասերում կամ դիրքերում: Այսինքն, այս զորամիավորման հրամանատարը մտածելու բան ունի:
Վերադառնալով 2025 թվականին, հանուն արդարության նշենք, որ սույն տարում կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան 2 դեպք էր արձանագրվել նաև ԱԱԾ սահմանապահ զորքերում (2025, ապրիլ 25, ժամկետային զինծառայողի մահ՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, 2025, հուլիս 25, պարտադիր ժամկետային զինծառայողի մահ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
168.am-ը գրել է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերում մահվան դեպքերի գրանցումը նշանակում է՝ դրանք տեղի են ունեցել Փաշինյանին ուղիղ ենթակա կառույցի զորամասում, այսինքն, սրա համար, ըստ էության, նա ուղիղ պատասխանատվություն է կրում:
Եվ որքան էլ գործող իշխանությունները փորձեն չնկատելու տալ բանակում և սահմանապահ զորքերում առկա ներքին խնդիրները, դրանք առկա են, որոնք նաև զինվորի կյանք են արժենում: Իսկ սահմանին զինվորի չզոհվելու փաստը ևս իր բացատրությունն ունի, և դա միայն այն չէ, ինչը շրջանառում է Փաշինյանը, բայց առջևում ԱԺ ընտրություններն են, և պետք է կրկնել զինվորի կյանքին առնչվող մանտրան: Արդյո՞ք այստեղ չկա բարոյականության հետ կապված խնդիր, երբ միևնույն է՝ զինվորի մահ ունենում ենք, ինչո՞ւ չէ՝ գործարքի հոտ, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակը ցույց կտա:



