Ղալիբաֆը և Վենսը կմասնակցեն հուշագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցեն հակամարտության ավարտի մասին հուշագրի ստորագրման արարողությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առայժմ հայտնի չէ՝ ստորագրումը կանցկացվի էլեկտրոնային ձևաչափով, թե ոչ։ Ստորագրումից հետո կսկսվեն հետագա քննարկումները։ ԱՄՆ-ի կողմից մասնակցում է Վենսը, իսկ Իրանի կողմից՝ Ղալիբաֆը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամանակահատվածում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։

