2025-ին զոհվել է 30 զինծառայող, որից 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում․ Պապիկյան

ՀՀ զինված ուժերում 2025 թվականին ծառայության ընթացքում զինծառայողների մահվան 6 դեպք է գրանցվել։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ դեպքերին։

«Մահվան դեպքերից մեկը գրանցվել է կայծակնահարության պատճառով, մյուսը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, ևս 2-ը` առողջական խնդիրների։ Ընդ որում` այս թվերը միայն ժամկետային զինծառայողների մասին չեն, այլ տարիքային տարբեր խմբերի ծառայողների։ Ընդհանուր առմամբ նախորդ տարի մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։

Այսինքն՝ ավտովթար, կենցաղային խնդիրներ, առողջության հետ կապված հարցեր»,- նշեց Պապիկյանը։

Նա կարևորեց, որ միջանձնային հարաբերություններում սպանության դեպքեր չեն արձանագրվել։

«Սա այնպիսի վիճակագրություն է, որ բարդ է ասել գոհացուցիչ, քանի որ մահվանն է վերաբերում, բայց պետք է գնահատել, որ ունենք էական արդյունքներ»,- ասաց Պապիկյանը։

Համեմատելով 2024 թվականի հետ՝ Պապիկյանը շեշտեց՝ մահացության թվերը 40 տոկոսով պակասել են։

Տեսանյութեր

Լրահոս