«Հայության դեմ ցեղասպան քաղաքականությունը չի փոխվելու. կապ չունի՝ Անկարայի՞ց է, թե՞ Բաքվից, երկուսն էլ նույն նպատակներն ունեն». Բակուր Կարապետյան
1988 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ արցախահայությունը չդիմանալով ադրբեջանական բռնաճնշումներին՝ ոտքի կանգնեց և իր ազատ կամքն արտահայտեց՝ իր հողում ազատ ապրելու համար, Ադրբեջանում հայության նկատմամբ սկսվեցին ճնշումները։
1988 թվականի փետրվարի 27-29-ը՝ 2 օր շարունակ, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սպանվում էր հայ բնակչությունը՝ ազգային պատկանելության համար։ Այդ ոճրագործությունը կազմակերպված էր պետական մակարդակով։
10-50 հոգանոց ադրբեջանական խմբերը, նախապես կազմված քարտեզներով, հետևողականորեն «մաքրում» էին Սումգայիթը հայերից՝ խորհրդային և տեղական իրավապահ, ուժային կառույցների լիակատար անգործության պայմաններում։
Հազարավոր հայեր, զրկվելով գույքից ու ունեցվածքից, բռնի տեղահանվեցին իրենց քաղաքից։
Իր բնույթով Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունը 20-րդ դարավերջին մարդկության դեմ կատարված ամենասարսափելի հանցագործություններից մեկն է համարվում։ Սակայն այն իր գնահատականը չստացավ միջազգային հանրության կողմից, որին էլ հաջորդեցին 1990 թվականի ջարդերը Բաքվում և այլ հայաբնակ վայրերում։
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ում հաջողվել էր 1988 թվականի մարտի վերջին հասնել Սումգայիթ ու ներկայացնել տիրող իրավիճակը, ասում է՝ Ադրբեջանը չի փոխվել, նրա քաղաքականությունը նույն նպատակն է հետապնդում նաև այսօր՝ հայության ոչնչացումն ամեն գնով։
«Երբ 1988 թվականի մարտի վերջին ես մի կերպ հասա Սումգայիթ, ականատես եղա հայության նկատմամբ տեղի ունեցած մեծ ոճրագործության, ադրբեջանցիները սպանել էին ծերերի, երեխաների, երիտասարդների, շատերին խոշտանգել էին։
Ականատեսների գտա, նրանց վկայություններն արձանագրեցի ու ֆիլմ դարձրեցի՝ «Սումգայիթյան ալիքներ»։
Հայության դեմ այդ ցեղասպանական քաղաքականությունը մինչ այսօր շարունակվում է. կապ չունի՝ Անկարայի՞ց է, թե՞ Բաքվից, որովհետև երկուսն էլ նույն նպատակներն ունեն։ Չկարծեք, թե այդ քաղաքականությունն այսօր կամ վաղը փոխվելու է, այն շարունակվելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բակուր Կարապետյանը։
Նրա խոսքով՝ երբ Սումգայիթում փորձել է զրուցել ջարդերի ականատեսների հետ, շատերը վախեցել են, որևէ բան պատմել, շատերը նույնիսկ չեն էլ ցանկացել որևէ առնչություն ունենալ հայի հետ, մտածել են՝ միայն ողջ հասնել Հայաստան։
«Շատերը նույնիսկ ինձ քնելու տեղ չէին տալիս, ասում էին՝ իմանան՝ Հայաստանից հայ է հասել այստեղ, հենց այս գիշեր և՛ քեզ կսպանեն, և՛ մեզ։ Այդուհանդերձ, մի հայի հետ ծանոթացա, ով համաձայնեց ինձ գիշերելու տեղ տալ, որի արդյունքում էլ կարողացա մի քանի օր մնալ Սումգայիթում ու նկարահանումներ անել, ընդ որում, մի մասը՝ գաղտնի։
Այսօր, ցավոք, այնպիսի օրեր ենք ապրում, որ իշխանությունը որևէ ուշադրություն չի դարձնում հանրային կարծիքի վրա, ճիշտ է՝ անհատները մշտապես ճշմարտության մասին խոսում են, սակայն այդ ամենը պետական մակարդակով առաջ չի տարվում։
Միանշանակ մենք ճիշտ ենք, մեր բարձրացրած պահանջներն արդար են, բայց մեզ լսող չի լինի, մինչև դրանք պետական մակարդակով չբարձրացվեն։ Այս իշխանությունն այնքան լուռ է, որ բոլորն արդեն ասում են, որ «Արցախն ադրբեջանական հող է», սա աբսուրդ է, շշմելու բան է։ Սրա դեմ ոչինչ չանելն իշխանությունների կողմից հերթական հանցագործությունն է»,- հավելեց Բակուր Կարապետյանը։
Շարունակելով՝ մեր զրուցակիցը հիշեցրեց՝ հայ ազգն այնքան հերոսական ազգ լինելով, այսօր պետք է Փոքր Ասիային տիրապետողներից մեկը լիներ, բայց ցավոք այդպես չէ։ Այնպես արեցին, որ օտարը եկավ ու հայրենիքի մի մասը գրավեց ու շարունակում է գրավել։
«Հիմա մեր իշխանությունը մեր պատկերի չափանիշն է, այսինքն՝ մենք այդպիսին ենք հավանաբար, դրա համար էլ չենք կարողանում նորմալ իշխանություն ընտրել։
Գիտեք, 2020 թվականի 44-օրյա պատերազի ավարտին Արցախ էի ուզում գնալ, արձանագրելու այն ամենը ինչ տեղի էր ունեցել, բայց ինձ ներքին կարգով ասացին՝ «մի գնա, ԱԱԾ-ն կձերբակալի ու կտանի, ցուցակ ունեն իրենց» մոտ, իսկ սա ի՞նչ է նշանակում, որ իշխանւթյունը լավ էլ իմացել է ինչ է սպասվելու։ Սա ամենավատն է, որ իշխանությունը նախապես գիտի ինչ է լինելու ու արգելում է մարդկանց գնալ ու արձանագրել իրենց սխալների ու բացթողումների հետևանքները»,-ընդգծեց Բակուր Կարապետյանը։
Նշենք, որ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ են եղել Սումգայիթյան ջարդերի ժամանակ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։



