«Սա ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև մեր պետականության լինել-չլինելու հարցն է, թույլ տվեցինք՝ հենց ներսից կոչնչացնեն». Բակուր Կարապետյան

Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանին շատ է զարմացրել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքն ու գործողությունները. նախ գնաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այնուհետև միացավ մյուս եպիսկոպոսներին ու գրոհեց Մայր Աթոռի վրա։

«Հայրենիք, ծննդավայր կորցրած սրբազանն իրավունք չուներ նման քայլեր անելու, որևէ արդարացում նրա քայլը չունի։ Ես դեռ օրեր առաջ էի հորդորել, որպեսզի այդ եպիսկոպոսներն ապաշխարեն, դարձի գան, որովհետև Աստծու տունը քանդել՝ չի կարելի։ Մեր Առաքելական եկեղեցին մեր պետության հիմքն է, քանդել եկեղեցին, նույնն է, որ սեփական ձեռքերով քանդես քո պետականությունը։ Գուցե կրկնվեմ, բայց երկար տարիներ, երբ մենք չենք ունեցել պետականություն, Մայր եկեղեցին է այդ առաքելությունն իր վրա վերցրել ու առաջ տարել։

Նադիր շահը, այդ դաժան մարդը, որը նվաճողական քաղաքականություն էր վարում, Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմի ժամանակ 15 կգ ոսկի էր ուղարկել Էջմիածնի համար, որպեզի լուսամփոփ կախեին տաճարում։ Այս օրինակն ինչո՞ւ եմ բերում, որ ցույց տամ՝ նույնիսկ օտար նվաճողներն էին ընդունում Մայր Աթոռի սրբությունը, հասկանում էին, որ այն նվաճել չեն կարող, փոխարենը՝ պետք է հարգեն, թեպետ շատ լավ գիտեին, որ հայոց պետականության պահպանողն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բակուր Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Մայր Աթոռի, Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների բոլոր գործողությունները ներելի չեն։ Կարծում է՝ իշխանությունների նպատակների մասին հայ ժողովուրդը շատ լավ հասկացել է, և այս պահին եկեղեցու շուրջ համախմբման գործընթաց է տեղի ունենում, հույս ունենալով, որ ազգի մեծ մասը կհամախմբվի Մայր Աթոռի շուրջ։

Կարդացեք նաև

«Մեր ժողովուրդը հայտնի է՝ որպես անհատների ժողովուրդը, մեր գեների մեջ կարծես թե ծրագրավորված չկա այս միավորման գործընթացը, դրա համար էլ մենք դժվարությամբ ենք համախմբվում։ Բայց հիմա կարծես թե այդ միավորողը դառնում է  հենց Առաքելական եկեղեցին, նույնիսկ շատ քաղաքական ուժեր, որոնք գաղափարական տարաձայնություն ունեն, եկեղեցու շուրջ միավորվում են։ Բայց այս ամենով հանդերձ, այն եզակի դեպքերում, երբ մեր ազգը համախմբվում է, հաղթանակը դառնում է անխուսափելի, օրինակ, 1988 թվականի Արցախի շարժման ժամանակ։ Այսօր էլ նույն բանն է, այսօր էլ չմիավորվեցինք, կորցնելու ենք պետականության ամենաարժեքավոր հիմքերից մեկը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ Բակուր Կարապետյանի, հայ ազգը, որպես աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ, պետք է ամբողջ աշխարհի առաջ «քննություն» հանձնի, եթե համախմբվի՝ միանշանակ արդյունքը դրական է լինելու։

«Կրկնում եմ՝ սա ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև մեր պետականության լինել-չլինելու հարցն է, թույլ տվեցինք՝ հենց ներսից կոչնչացնեն։ Այս ամենի նպատակը նաև մեր հասարակությանը պառակտելն է, Նիկոլ Փաշինյանի կատարած այս քայլերը որևէ արդարացում չունեն և, ի վերջո, մի օր պատժվելու է, դժվար է ասել՝ ինչպես կպատժվի, բայց պատմության մեջ նման մարդիկ տարբեր ոչ պատվաբեր ճակատագրերի են արժանացել։

Բայց իր համար լավագույն լուծումնը ինքնակամ հեռանալն է, ինքը վախկոտ մարդ է, մի կարծեք, թե ամենաուժեղն ու «դուխովն» է։ Երբ տեսնի, որ այլ ելք չկա, ժողովուրդը միավորված է, ինքը կհեռանա։ Կարծում եմ՝ այս ամենը երկար չի տևելու, որովհետև այն, ինչ անում է՝ օտարի թելադրանքով է անում, օտար գործակալների թելադրանքն է կատարում։

Գլոբալիզացիայի այս դարաշրջանում Առաքելական եկեղեցին կարևոր դերակատարում ունի հայապահպանության համար։ Սա են ուզում քանդել, սա մտածված ու շատ խորը պլանավորված է։ Սրան ամբողջ հայությունը պետք է դեմ դուրս գա»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս