Սրտխփոց, շնչահեղձություն, մահվան վախ․ սա խուճապային գրո՞հ է, թե՞ հիվանդություն

Տագնապն ու խուճապային գրոհը խանգարում են առօրյա գործունեությանը։ Ե՞րբ և ինչո՞ւ են առաջանում։ Այս մասին զրուցել ենք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանի հետ։

Բժիշկ, մեր զրույցը սկսենք խուճապային գրոհից, ի՞նչ է այն և ինչպե՞ս է արտահայտվում։

– Խուճապային խանգարումը պարոքսիզմալ, այսինքն՝ նոպայաձև, տագնապային խանգարում է, ըստ տասներորդ հիվանդությունների միջազգային դասակարգման՝ այն դասակարգվում է F 41․0 ախտորոշմամբ։ Նշեմ, որ այն գերուժգին, անսպասելի, առանց օբյեկտիվ սպառնալիքների մի իրավիճակ է, ինչի արդյունքում անձն ունենում է վեգետատիվ նյարդային համակարգի կողմից որոշակի ազդանշաններ կամ, այսպես ասած, խանգարումներ։ Դրանցից են՝ շնչահեղձությունը, սրտխփոցները, սրտի շրջանում ճնշող ցավերը, գլխապտույտները, բերանի չորացումը, ոտքի տակ բամբակի զգացողությունը, երբ քայլքի ժամանակ դիսբալանս է նկատվում։ Լինում է անձի, շրջապատի խորթացում, և իրենց ամեն ինչ անէական է թվում, ու այդ վիճակում անձի մոտ կա գերուժգին վախի զգացում, ինչի արդյունքում նրա մոտ տեղի է ունենում գիտակցության նեղացում։ Այսինքն՝ շրջապատի անձինք, ովքեր ցանկանում են նրան հանգստացնել՝ չի ստացվում, քանի որ նա գտնվում է բավականին գերուժգին վախի ազդեցության ներքո, և այդ ժամանակ նրան թվում է, թե կարող է ունենալ մահվան և խելագարվելու վախ։

Կարդացեք նաև

– Դրդող պատճառները որո՞նք են։

– Խուճապային խանգարման սկսվելու դեպքում անձը՝ լինի գնացքում, տանը, մարդաշատ վայրերում, օգնություն է ուզում՝ ասելով, թե՝ փրկե՛ք ինձ, ես մահանում եմ։ Իսկ տագնապային իրավիճակների ժամանակ անձն ունենում է ոչ գերուժգին վախի զգացողություն, ինչի դեպքում մեծ մասամբ կարողանում է իրեն տիրապետել։ Երբ խուճապային խանգարումը տեղի է ունենում տանը, սանհանգույցում, գնացքում, մետրոյում, մարդն աստիճանաբար սկսում է այդ վայրից խուսափել։ Սա աստիճանաբար կարող է բերել կպչուն վախերի։ Կպչուն վախերի առաջացման դեպքում անձի կյանքի որակը սկսում է նվազել, և դրա հետ զուգահեռաբար, հնարավոր է՝ անձն ունենա ռիտուալներ՝ գործողություններ, որոնք հանգստացնում են, նպաստում, որ լարվածությունն անցնի։

Նշեմ, որ կա խուճապային խանգարում և խուճապային գրոհ։ Խուճապային գրոհը երկրորդային սիմպտոմատիկա է, այսինքն՝ առաջնային փուլում ունենում ենք դեպրեսիվ խանգարում, ինչի արդյունքում ունենում ենք խուճապային գրոհ՝ լրիվ խուճապային խանգարման նման սիմպտոմատիկաներով։ Օրինակ, անձն ունի բարձրության վախ, որը կոչվում է ակրոֆոբիա, և անսպասելի ինչ-որ բարձրության վրա գտնվելով՝ նրա մոտ սկսում է խուճապային գրոհ։ Եթե անձին բարձրությունից դուրս բերենք, գրոհը կանցնի։

Նշեմ, որ խուճապային խանգարման դեպքում մեծամասամբ անձինք սպասում են դրա կրկնվելուն, ինչի արդյունքում գտնվում են գրեթե լարված, սպասողական վախի ներքո։ Ամսվա կտրվածքով առնվազն 4 անգամ խուճապային գրոհների դեպքում գնահատվում է միջին աստիճանի խուճապային խանգարում, եթե շաբաթական տեղի է ունենում առնվազն 4 անգամ և տևում է մեկ ամիս, սա արդեն ծանր աստիճանի խուճապային խանգարում է։

Խուճապային խանգարումը հունարեն «պան» բառից է գալիս։ Համաձայն լեգենդի՝ Պանը համարվել է հովիվների Աստված, ով անսպասելիորեն հանգիստ միջավայրում բղավում էր, և ոչխարների հոտը խուճապահար փախչում էր։

Ընդգծեմ, որ համաշխարհային վիճակագրությամբ շտապօգնության կանչերի 10-20%-ը սրտխփոցի, շնչահեղձության, սրտի շրջանում ճնշող ցավի համար է, և բժիշկները գնում, վիճակը գնահատում, տեսնում են, որ սուր պաթոլոգիաներ չկան, խուճապային գրոհներ կամ խանգարումներ են։

Խուճապային խանգարումների ժամանակ անձինք նշում են, որ ունեն բերանի չորացում, ինչի արդյունքում երբեմն ունենում են կլման վախ, և հետագայում կարող է այդ անձը սննդից հրաժարվել։

– Խուճապային գրոհն ինչքա՞ն է տևում, և ի՞նչ պետք է անի մարդը, որ խուճապի չմատնվի։

– Ընդհանրապես 30-40 րոպե, առավելագույնը 1 ժամ է տևում։ Եթե խոսքը խուճապային գրոհի մասին է, և մենք ունենք հստակ օբյեկտը, այդ օբյեկտից անձին պետք է դուրս հանել, և նա կհանգստանա։ Եթե խուճապային խանգարում է, պետք է դիմել մասնագետների՝ հոգեբանի, հոգեթերապևտի, հոգեբույժի, ստանալ համապատասխան դեղորայք և բուժում։ Բացի դա, պսիխոթերապիաների արդյունքում անձանց հոգեթերապևտը սովորացնում է, թե ինչպես հեշտ և հանգիստ հաղթահարել այդ վիճակը։ Կան շնչառական վարժություններ, թատերական, երաժշտական թերապիաներ։

Խուճապային խանգարման հիմքում մեծ մասամբ ընկած են մանկական տրավմաները, որոնք երբեմն մոռացվում են անձի կողմից։ Այսինքն՝ այդ հիշողությունը չկա, ուղղակի անգիտակցության կանչն է տվյալ իրավիճակում։ Դա կարող է կապված լինել տան ինչ-որ իրի, անձի, հոտի հետ, ինչն էլ բերում է այդ խանգարմանը, և բուժման, զննման արդյունքում պետք է գնահատվի այդ ոչ սպառնալիք վախի զգացողության իմպուլսը, և վերջ։ Խուճապային խանգարումը, երբ երկար է տևում, հանգեցնում է մի շարք այլ խնդիրների, դրանցից են՝ սիրտ-անոթային համակարգի կողմից սրտի ռիթմի խանգարումները և զարկերակային ճնշման բարձրացումը, աղեստամոքսային տրակտի կողմից գրգռված հաստ աղու համախտանիշը, գաստրիտները, շաքարային դիաբետը։ Իսկ վահանաձև գեղձը որպես պրովոկացիա կարող է առաջացնել խուճապային գրոհ։

Խուճապային գրոհը և տագնապը կարող են առաջացնել ինչ-որ հիվանդություններ, կամ հիվանդությունները դառնում են տագնապի պատճա՞ռ։

– Այո, հնարավոր է մակերիկամի, գլխուղեղի ֆունկցիայի խանգարման ժամանակ ունենանք տագնապային խանգարման վիճակին բնորոշ սիմպտոմատիկաներ՝ անհանգստություն, լարվածություն, անքնություն, ոտքերի անհանգիստ համախտանիշ, և այդ ամենը կարող է բերել դեպրեսիայի, քնի խանգարումների, ինչպես նաև սուիցիդալ մտքերի, ինչն արդեն վերջնական աստիճանն է։

Ունենք նաև ընդհանրացված տագնապային խանգարում, որը ինտրովերտ՝ քիչ շփվող, փակ, մշտապես սթրեսային իրավիճակում գտնվող կանայք են ունենում։ Մեծ մասամբ ապագայի հանդեպ վախեր, տագնապներ են ունենում, որ հանկարծ երեխային, հարազատին մի բան չլինի։

Ինձ թվում է՝ այդպես բոլորն են մտածում։

– Այո, բայց մշտապես են գտնվում այդ անհանգիստ, լարված, դյուրագրգիռ, անքուն վիճակում։

Կարո՞ղ ենք ասել, որ երկարատև սթրեսը հանգեցնում է խուճապային գրոհի առաջացման։

– Երկարատև սթրեսի արդյունքում երբեմն ունենում ենք հուզական ոլորտի բթացումներ, և այդ ժամանակ, ընդհակառակը, կյանքի հանդեպ որակը և էմոցիոնալ համակարգն իջնում է, այսինքն՝ ոչ թե ունենում ենք խուճապային ինչ-որ գրոհներ, խանգարումներ, այլ՝ ընդհակառակը, ավելի շատ հուզական, էմոցիոնալ ոլորտի պասիվացում, երբեմն ասում ենք՝ բթացում։

Հոգեբանները նշում են, որ մարդիկ, ովքեր շատ բան, այսպես ասած, ներս են գցում, հակված են նման խնդիրների, այդպե՞ս է։

– Այո, ինտրովերտ, այսինքն՝ ավելի փակ մարդիկ են նրանք։ Երբեմն լինում է, որ անձինք բավականին ծանրաբեռնված իրենց աշխատանքի արդյունքում ունենում են նաև այրման համախտանիշ։ Դա արդեն աշխատանքային այրման համախտանիշ է, ինչը կարող է հանգեցնել խուճապային գրոհի կամ խուճապային խանգարման։ Այսինքն՝ անգիտակցական մակարդակը ցանկանում է հանգիստ միջավայր ունենալ, ինչը բերում է այդ վիճակին։

– Ասացիք, որ ինքնասպանության մտքեր էլ են առաջանում մարդու մոտ՝ այդ պահին ի՞նչ անի։

– Պետք է դիմել մասնագետի։ Խուճապային խանգարումն այնպիսի մի վիճակ է, որ բուժառուն և հարազատը սկզբնական շրջանում դիմում են սրտաբաններին, այնուհետև՝ նյարդաբաններին, վերջում նոր՝ հոգեբանի, հոգեբույժի կամ հոգեթերապևտի՝ նշելով, որ արվել են բավականին հետազոտություններ, ծախսեր, բայց անարդյունավետ է եղել։

– Ամենաշատը ո՞ր տարիքի մարդկանց մոտ է հանդիպում խնդիրը։

– 20-40 տարեկան անձանց մոտ է հիմնականում հանդիպում, երբեմն ունենում ենք տարիքային կրիզիս հասկացողությունը՝ 30-40-տարեկանների մոտ է լինում։

Այսինքն՝ մինչև դառնում են սթրեսակայո՞ւն։

– Յուրաքանչյուր անձի տեսակ սթրեսը յուրովի է ընդունում։ Մեկը կարող է շատ ծանր տանել, մյուսը՝ ավելի հանգիստ։ Կա նաև տեսողական կամ լսողական ապատիա, այսինքն՝ անձը, օրինակ, տեսնելիս կամ լսելիս հուզմունք կարող է չզգալ, կամ միայն տեսնելիս հուզմունք զգալ, ու դա արտահայտվի որպես խուճապային գրոհ կամ խանգարում։

Հակադեպրեսանտները վնա՞ս են, թե՞ օգուտ։

– Ինքնաբուժումը միմիայն կբերի վնասի, մանավանդ հիմա արհեստական բանականություն ասվածին որ ներկայացնում են իրենց գանգատները, և այն «բուժում» է նշանակում։ Նշեմ, որ այն մարդ չէ, իսկ բժիշկներն էմոցիոնալ անձինք են։

Հակադեպրեսանտներից բացի, ունենք նաև այլ մոտեցումներ, այլ դեղորայքներ, դրանց մեջ մտնում են ցերեկային տագնապամարիչները, որոնք չեն առաջացնում քուն։

Ի դեպ, հակադեպրեսանտը երբեմն բերում է հակառակ ռեակցիաների։ Այսինքն՝ անձը կարող է այն օգտագործել և խուճապային գրոհը կրկնվի, կամ արդեն իսկ դեղը խմելով՝ ներշնչողական վախ ունենա, որ սա չի օգնի, և իր մոտ արհեստականորեն առաջանա վախի զգացողություն։ Եղել են դեպքեր, որ այս վիճակից ելնելով՝ հրաժարվել են դեղորայքից։

Երբ խուճապային խանգարումը տեղի ունենում տան մեջ, երեկոյան ժամին, մթության մեջ, այդ անձն ունենում է արդեն մթության կամ միայնակության վախ, ինչն աստիճանաբար կբերի այդ մարդու մենակ չմնալու ցանկությանը։ Դա արդեն կյանքի որակի նվազեցում է, որակի իջեցում։ Անձը սկսում է խուսափել, աշխատանքի չգնալ։ Նույնը կարող է լինել սանհանգույցում՝ լողանալիս․ անձը հնարավոր է այդ գրոհից հետո վախենա գնալ ու լողանալ՝ մտածելով, որ կունենա այդ վիճակը։

– Խուճապային գրոհի դեպքում կյանքին վտանգ սպառնո՞ւմ է։

– Այդ վիճակներից առաջացած այլ սոմատիկ խանգարումների կբերի, բայց քանի որ գերուժգին վախ է, ցանկացած անձ մտածում է, որ չմահանա կամ չխելագարվի։ Դա տևում է 30-40 րոպե, և վերջ։

 – Եթե գրոհը լինում է ավտոբուսում, մետրոյում, այդ պահին ինքն իրեն ինչպե՞ս օգնի մարդը։

– Պետք է նախապես նշանակված դեղորայք ունենա։ Կան նաև շնչառական վարժություններ, որոնք սովորեցնում են մասնագետները։

Տագնապի ժամանակ կա թղթե տոպրակի մեջ շնչելու վարժությունը, ինչը բերում է ավելի հանգիստ վիճակի։

– Տագնապը և խուճապային գրոհն ինչո՞ւ են անպայման կապում մանկության հետ։

– Տեսե՛ք, կա հասկացություն՝ մանկական կոնֆլիկտներ, սթրեսներ, տրավմաներ, բացի դրանից, կա նաև ժառանգական ֆակտորը՝ ծնողներից մեկն ունենում է որոշակի տագնապային խանգարումներ, տրավմաները երբեմն մոռացվում են անձի կողմից, և մեծանալով՝ ունենում են իքս իրավիճակը հիշեցնող մի վիճակ, որը բերում է խուճապային խանգարման, բայց նա չի հասկանում, թե ինչո՞ւ է այդպես։ Բուժման արդյունքում այդ անգիտակցական օբյեկտի հասկացողությունը պետք է պարզեն հոգեբանն ու հոգեթերապևտը։

– Վերջնական բուժում հնարավո՞ր է։

– Բուժումը և՛ դեղորայքային է, և՛ հոգեբանական, և՛ հոգեթերապևտիկ։ Հասկանալով խնդիրը, այո, վերջնական հաղթահարում ենք։

Մենք սկսում ենք նոր փուլ, նոր շրջան, չի բացառվում, որ այն կրկնվի արտաքին աշխարհի գործոնների ազդեցության տակ, օրինակի համար՝ հարազատի կորուստ, աղետ, վեճ, նվաստացում։

Անձինք, ովքեր հաղթահարում են այդ վիճակները, ավելի սթրեսադիմացկուն են լինում մեծամասամբ։

– 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսը խուճապային գրոհների առաջացման պատճառ դարձե՞լ են։

– Ճիշտ ասացիք՝ խուճապային գրոհ, որովհետև մենք ունենք պատճառը, պատճառահետևանքը՝ պատերազմ, կորոնավիրուս, մահվան վախ, ինչը ցանկացած խուճապային գրոհների մեջ դոմինանտ է։

Հաճախ եմ նկատում, որ մարդիկ, երբ ունեն տագնապ կամ խուճապային գրոհ, ասում են՝ աղոթեք և կանցնի։ Հասկանում եմ, որ խոսքը կարևոր է, բայց լինո՞ւմ է, որ աղոթքը նաև օգնում է։

– Այո, հավատը մեծ դեր ունի այս իրավիճակում։ Աղոթքը, խաչակնքվելն է օգնում այդ անձանց, որովհետև նրանք հավատում են, որ Աստված կօգնի։ Դա նույնպես ինքնաներշնչման մի տակտիկա է, որը բավականին արդյունավետ է։

Տեսանյութեր

Լրահոս