Փաշինյանը թիկունքով է շուռ գալու իր թիմին, եթե գա իր գլուխն ազատելու պահը. Կարինե Նալչաջյան

Նիկոլ Փաշինյանի վարքում անհավասարակշռության ակնհայտ դրսևորումներ, իհարկե, կան, սակայն հոգեպես նա առողջ է։ Իր պրոբլեմը բարոյական ոլորտի պրոբլեմ է։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մասնագիտորեն մեկնաբանելով Փաշինյանի հոգեբանական բնութագրի մասին հարցը։

«Ես նկատում եմ մի սպասում մարդկանցից, որ կլինիկական ինչ-որ բնութագրում տրվի իրեն, բայց ես այդ հարցին պատասխանել եմ և կշարունակեմ պատասխանել նույն կերպ։ Իհարկե, նրա վարքում անհավասարակշռության որոշակի, նույնիսկ ակնհայտ դրսևորումներ կան, բայց հոգեկան առողջության տեսակետից իմ գնահատականը հետևյալն է՝ նա հոգեպես առողջ է, այսինքն՝ գուցե նա գտնվում է որոշակի սահմանային գծերին մոտիկ, բայց այն, ինչ անում է, ոչ թե հալյուցինացիաների ազդեցության տակ է անում, ոչ թե դրանք զառանցանքներ են և այլն, այլ նա ամեն ինչ անում է միանգամայն գիտակցված, այսինքն՝ նա պատասխանատու է իր արարքների համար։ Ես այնտեղ փսիխոզի դրսևորումներ չեմ տեսնում, նևրոտիկ որոշակի դրսևորումներ բոլորիս մոտ էլ ինչ-որ չափով կա։ Իր մոտ որոշակի շեշտադրվածություններ, իհարկե, կան, բայց իր պրոբլեմը բարոյական ոլորտի պրոբլեմ է»,- պարզաբանեց հոգեբանը։

Մասնագետն ընդգծում է՝ մարդը հասունանում է ոչ միայն ֆիզիկապես, հոգեպես, մտավոր ու էմոցիոնալ առումով, այլև բարոյապես, որտեղ միշտ չէ, որ մարդը կարողանում է լիարժեքորեն հասնել զարգացման բարձր մակարդակի, ինչպես և մյուս ուղղություններով։

Կարդացեք նաև

«Այս մարդու մոտ ակնհայտ է բարոյական զարգացման զրոյական վիճակը, և երբ այս տեսակետից նայում ենք ընդհանրապես իր անցած ուղուն, վարքին, պահվածքին մինչև այսօր, մենք կարող ենք ֆիքսել, որ գործ ունենք բարոյական զարգացման խնդիր ունեցող մարդու հետ, և իր ամբողջ կյանքն ու գործունեությունը սա ապացուցում է։ Տեսեք, այսքան արյուն թափել, ամեն ինչի հիմքում կանգնած լինել և բացարձակապես չունենալ մեղքի զգացո՞ւմ, չունենալ խղճի խա՞յթ»,- վերլուծում է մասնագետը։

Կարինե Նալջաչյանի խոսքով՝ պետք է երբեք չմոռանալ, որ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «արտաքին կառավարման խամաճիկային իշխանություն է», և եթե այս տեսակետից նայում ենք իրենց գործունեությանը, ապա ակնհայտ է դառնում, որ իրենք միանգամայն գիտակցված, հաշվենկատ կերպով իրագործում են բոլոր այն նպատակները, որոնց համար իրենք բերված են իշխանության թշնամական ուժերի կողմից։

«Հիվանդ ման գալ Նիկոլ Փաշինյանի կերպարում՝ գիտեք, ես հասկանում եմ, հանրային սպասումներն էդպիսին են, ուզում են՝ ինչ-որ պիտակ տաս և այլն, բայց ես նայում եմ օբյեկտիվորեն և մասնագիտորեն. իր մոտ կան որոշակի շեշտադրումներ, բայց ինքն, ըստ էության, պրակտիկորեն հոգեպես առողջ, միանգամայն գիտակից մարդ է»,- կարծում է Կարինե Նալչաջյանը։

Թեմայի համատեքստում մասնագետն ուշադրություն հրավիրեց հատկապես երկրում վախի մթնոլորտի ձևավորմանը, պատերազմով վախեցնելու ու հանրության դեմ վարվող հոգեբանական պատերազմի խնդիրների վրա, նաև անդրադարձավ Փաշինյանի թիմի նախընտրական քարոզարշավին և «ուրախ ավտոբուսի» ուղևորների վարքին։

«Մարդու բարոյական զարգացման մինչև յոթ փուլ կա։ Դրանք ուսումնասիրված ու նկարագրված են հոգեբանության մեջ։ Հիմա ես ուզում եմ Փաշինյանի թիմի մասին խոսել։ Գիտե՞ք՝ ինչ, երբ էդպես թռվռում եք, երգում եք՝ «ուր որ գնաս, հետդ կգամ» և այլն, դուք հասկանո՞ւմ եք՝ Փաշինյանը ձեզ տանելո՞ւ է՝ ուր որ գնա։ Կտաներ, եթե գոնե գտնվեր բարոյական զարգացման երրորդ փուլում՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ», այսինքն՝ այսքան ծառայեցին, այսքան ջանք են թափում, և այլն։ Բայց նա (Նիկոլ Փաշինյանը) ավելի ներքևի փուլում է, այնպես որ, նա միանգամից թիկունքով է շուռ գալու իր թիմին, եթե գա այն պահը, որ տեսնի, որ իր գլուխն ազատելու մասին է ընդամենը մտածելու»,- հավելեց Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանի գնահատմամբ՝ Փաշինյանի թիմի քարոզչական հնարքները՝ սրտիկները, «պերաշկի-կուկուռուզ» ուտելը մարդկանց մոտ գլխավորապես մեկ էմոցիա են առաջացնում՝ ԶԶՎԱՆՔ, և միտված են հասարակության ինքնագնահատականն իջեցնելուն։ Նաև հավելեց՝ արդեն «նախկին-ներկա» խաղն էլ չի անցնում։

«Իրենք չեն հասկանում, որ ժողովրդի նման իրենց չեն պահում, այդ մեխանիզմը չէ՝ «ես մեկն եմ ձեզնից»։ Դրա ինչ-որ տարրեր, իհարկե, կան, բայց լիարժեքորեն դա չէ, որովհետև, անկեղծ ասած՝ ես մեր ժողովրդի մասին ավելի բարձր կարծիք ունեմ՝ թեկուզ կենցաղային կուլտուրայի, ուտելու կուլտուրայի և այլնի հետ կապված։ Այնպես են իրենց պահում, որ ինքնանվաստացման զգացում են առաջացնում բոլորիս մոտ։ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ կարևորագույն նպատակներից մեկը տվյալ հասարակության, ազգի, ժողովրդի, խմբի մեջ հավաքական ինքնագնահատականն իջեցնելն է»,- շեշտում է հոգեբանը։

Իսկ Փաշինյանի նախորդ շաբաթվա հայտարարությունը 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, թե «ԳԻՏԱԿՑՎԱԾ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆ ԵՆՔ ԳՆԱՑԵԼ 2020 ԹՎԻՆ, ԴՐԱ ՀԱՄԱՐ Է, ՈՐ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ», հոգեբան Կարինե Նալչաջյանը գնահատում է բարոյահոգեբանական դաշտում. «Նա մի կողմից՝ ձեռքը գցում է փրփուրներին, մյուս կողմից՝ ինքնախոստովանություններ է փաստորեն անում, և իր մտքի այս վայրիվերումները, այդ մանիպուլյատիվ մեթոդներն արդեն չեն աշխատում, և իմ կարծիքով՝ նա շատ լավ հասկանում է՝ 2018 թիվը վաղուց է անցել»։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ իշխանության կողմից «մկաններ ցույց տալը»՝ ընդդիմախոսների ձերբակալությունները, կալանավորումներն ու բռնաճնշումները, ըստ էության, ուժի ցուցադրում է, որի հետևանքը երկրում վախի մթնոլորտի ձևավորումն է։

«Եթե ես ինձ թույլ տամ խորհուրդ տալ մարդկանց՝ որտեղ ինքը հայտնվում է՝ աշխատեք չընկնել այդ սադրանքի ծուղակը»,- դիմելով հանրությանը՝ ասում է հոգեբանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930