Ձեռքը հոգու շարունակությունն է․ ինպե՞ս է արտ-թերապիան բացահայտում մարդուն․ Քրիստինե Բաբայան

Ինֆորմացիոն հոսքերի ու արագ տեմպի աշխարհում մարդիկ հաճախ բախվում են սոցիալիզացիայի խնդիրների, որոնց լուծման համար շարունակվում է տարբեր բանաձևերի փնտրտուքը. բանաձևերից մեկը, որը գտել են մասնագետները, արտթերապիան է, որն աջակցում է անձի ինքնաբացահայտմանն ու ինքնարտահայտմանը։

Արտ-թերապիայի «Ձնծաղիկ» կենտրոնի հիմնադիր, նախադպրոցական մանկավարժ, հոգեբան Քրիստինե Բաբայանը 168am-ի հետ զրույցում նշեց․ «Այսօր ամեն ինչ շատ արագ է փոխվում, և երբեմն պարզապես չենք հասցնում ժամանակին համընթաց շարժվել, սակայն արտ-թերապիան օգնում է դանդաղել և ապրել այստեղ ու հիմա։ Նկարչության, կոլաժի կամ բազմաթիվ այլ մեթոդների միջոցով թե՛ երեխան, թե՛ մեծահասակը կարող են արտահայտել իրենց հույզերը, ապրումները և ներքին կոնֆլիկտները։ Արտ-թերապիան օգնում է ավելի լավ հասկանալ ինքն իրեն, նվազեցնել հուզական լարվածությունը և բարձրացնել ինքնագնահատականը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն է ունենում սոցիալականացման վրա»։

Հոգեբան-արտթերապիստը նշում է, որ հատկապես երեխաների հետ աշխատելու ընթացքում նկատել է, որ հենց ստեղծագործական աշխատանքի պահին երեխաները սկսում են թուլանալ և բացվել։

Կարդացեք նաև

«Ամբողջ լարվածությունը փոխանցվում է մատիտին կամ վրձնին, մտքերն ազատվում են, և երեխան սկսում է խոսել ու պատմել իր հետ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ստեղծվում է վստահության մթնոլորտ։

Արտ-թերապիան թերապիայի ամենանուրբ և արդյունավետ ուղղություններից մեկն է, որի միջոցով կարող ենք շփվել երեխաների հետ և ավելի լավ հասկանալ նրանց: Ինչպես ասում է իմ հրաշալի դասախոս Ելենա Տարարինան, «ձեռքը հոգու շարունակությունն է և նկարում է այն, ինչ թաքնված է խորքում»,- հավելեց Քրիստինե Բաբայանը։

Հարցին՝ արտթերապիան ինչպե՞ս է օգնում սթրեսի կամ անհանգստության դեպքում, նա պատասխանեց՝ վստահեցմամբ, որ այս կերպ սթրեսը հնարավոր է հաղթահարել բավականին արագ։

«Բավական է մի քանի ֆիզիկական ակտիվություն և արտ-թերապիայի որոշ մեթոդներ, որոնք սովորելուց հետո կարելի է կիրառել ամբողջ կյանքի ընթացքում՝ ամեն անգամ արագ և արդյունավետ կերպով ազատվելով սթրեսից։ Օրինակ,  երեխաները շատ սիրում են սթրեսից ազատվել թուղթը մանր կտորների պատռելով․ բավական է միայն թուղթը երկու մասի բաժանել, և նրանց դեմքին արդեն ժպիտ է հայտնվում, իսկ երբ թուղթը վերածվում է փոքրիկ կտորների, նրանք արդեն ուրախանում են և ցանկանում «շարունակել զվարճանքը»։ Նմանատիպ մեթոդները շատ են։

Արտ-թերապիան հարմար է բոլոր տարիքային խմբերի համար։ Այն բացահայտում է նույնիսկ ամենափակ մարդկանց՝ անկախ տարիքից․ թերապիայի միևնույն մեթոդները կարող են արդյունավետ լինել բոլորի համար»,- պարզաբանեց մասնագետը։

Ի դեպ, արտթերապիստը շեշտեց, որ այս մեթոդն օգնում է ԱՍԽ (աուտիզմի սպեկտրի խանգարում) ունեցող երեխաներին և հատկապես այն դեպքերում, երբ երեխային դժվարանում է բառերով արտահայտել իր մտքերն ու զգացմունքները։

«Փորձը ցույց է տալիս, որ արտ-թերապիան դրական ազդեցություն է ունենում երեխայի հուզական վիճակի, հաղորդակցման և ինքնարտահայտման վրա»,- նշեց Քրիստինե Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031