«ԱՄՆ-Իրան պատերազմը շատ վտանգավոր է Հայաստանի համար. Իրանի միջուկային օբյեկտները տեղադրված են երկրի հյուսիսային մասում, այսինքն՝ մոտ են ՀՀ սահմաններին». Գագիկ Հարությունյան

ԱՄՆ զինված ուժերը դեռևս չեն ստացել Իրանի վրա հնարավոր հարձակման թիրախների ցանկը, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս ռազմական գործողության հրաման չի տվել: Այս մասին հաղոորդել է CNN-ը՝ հղում անելով պլանավորմանը ծանոթ աղբյուրին։

Ինչպես նշում էCNN-ը, ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Թրամփը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտական ​​լուծմանը։

Իսկ մինչ այդ, ABC-ն՝ հղում անելով պլանավորմանը ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը քննարկել է Իրանին հարվածելու մի քանի տարբերակներ՝ սկսած թիրախային հարվածից՝ մինչև կառավարական, ռազմական և միջուկային օբյեկտների լայնածավալ ռմբակոծություն։

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ իրավիճակը բարդ է, սակայն տպավորություն է, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում խոշոր պատերազմ Իրանի հետ։ Ավելին՝ նա կարծես թե այդ հարցում համաձայնության չի եկել Իսրայելի վարչապետի հետ, որն ավելի շատ է հակված ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։

Կարդացեք նաև

«Այդուհանդերձ ինքս այս պահին որևէ բան չեմ բացառում, քանի որ Իսրայելը մի կայսրություն է, որը սահմաններ չունի։ Հիմա էլ ասպարեզ է բերել Էփշտեյնի փաստաթղթերը, որը կապված է իսրայելական հետախուզական ծառայությունների հետ, այս ամենը միայն գումարի համար չի արվել։

Իսրայելը շատ հեռուն է նայում և այդպես էլ մշակում է իր ռազմավարությունը, այդ պատճառով էլ ամեն ինչ անում է, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը համաձայնի հարձակում գործել Իրանի դեմ։

Թրամփը կարող է միայն թեթև հարված հասցնել Իրանին, որպեսզի կարողանա արագացնել Իրանի հետ բանակցությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։

Ըստ Գագիկ Հարությունյանի, Իսրայելն աշխատում է համախոհներ գտնել տարբեր երկրներում, օրինակ, գտել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որն աշխատում է Իսրայելի համար՝ կատարելով նրանց որոշակի կազմակերպությունների հրամանները։ Պատահական չէ, որ Իսրայելը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ուկրաինայում ցանկանում էր իսրայելական փոքր պետություն ստեղծել, ինչը կանխվեց Ստալինի ձեռքով։

«Հիմա Իսրայելը փորձում է այնպես անել, որ Եվոպայի տարբեր հատվածներում ունենա իր համար հարմար տարածքներ, դրանցից մեկն Ուկրաինան է»,- հավելեց քաղաքագետը:

Ըստ մեր զրուցակցի, Միացյալ Նահանգներն Իրանի հետ պատերազմ սկսելու գործում շատ լավ հասկանում է, որ բարդ գործ է լինելու և միայն հարվածներ է հասցնելու, ոչինչ չի ստանալու։ Հատկապես այն դեպքում, երբ Իրանն այս հարցում շատ վճռական է։

«Իրանի հետ ցամաքային պատերազմ սկսելը շատ երկրների համար խաթարելու է բիզնես գաղափարներ ու նախագծեր, սա Միացյալ Նահանգների համար ևս ռիսկեր է պարունակում։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ հարված կլինի Իրանին, սակայն մասշտաբային պատերազմի չի վերածվի։

Ժամանակին բազմաթիվ հոդվածներ եմ գրել, հիմա էլ եմ ասում, որ ԱՄՆ-Իրան պատերազմն առաջին հերթին շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև Իրանի միջուկային օբյեկտները տեղադրված են  երկրի հյուսիսային մասում, այսինքն՝ մոտ են ՀՀ սահմաններին։

Օրինակ, եթե այդ հատվածում տեղի ունենա միջուկային ինչ-որ միջադեպ, դա մեծ վտանգ է լինելու Հայաստանի համար։ Նման ցնցումների դեպքում մեր կորուստները քաղաքական ու նյութական առումով մեծ են լինելու, սրա մասին պետք է ՀՀ իշխանությունը մտածի»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս