Դա հեքիաթ է. ԱՄՆ-ը ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ չունի որևէ պարտավորություն. ՀՀ իշխանությունը թող հիշի 2008 թվականի Վրաստանի վիճակը. Գրիգոր Բալասանյան

Ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին արդեն փետրվարի 21-ին, գրում է CBS News-ը։

Հեռուստաալիքի զրուցակիցները հստակեցրել են, որ Իրանի նկատմամբ ցանկացած գործողության ժամկետները, հավանաբար, դուրս կգան գալիք հանգստյան օրերի շրջանակից։ Նրանք նշել են, որ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նաև նշվում է, որ այս հարձակումը տեղի կունենա Իսրայելի հետ համատեղ։

ԱՄՆ-Իրան երկխոսության ֆոնին այս պահին որքանո՞վ է հավանական ԱՄՆ հարձակումն Իրանի վրա, հատկապես, երբ Միացյալ Նահանգներն այդքան էլ դժգոհ չի եղել այդ երկխոսությունից։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ՝ այս հարցը բավականին սուր է դրված և բանակցությունները չեն երաշխավորում, որ պատերազմ չի լինելու։

Կարդացեք նաև

«Հիշեցնեմ, որ Իրանի դեմ 12-օրյա պատերազմը եղավ, երբ ընթանում էին Իրան-ԱՄՆ բանակցություններ, այսինքն՝ սա չի կանգնեցնում Միացյալ Նահանգներին, որը գործելու է միայն Իսրայելի հետ համատեղ։ Միացյալ Նահանգներն առանձին այդ ամենի մեջ չի մտնելու, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, մեծ հաշվով, Թրամփը դեռևս դիմադրում է և չի ցանկանում գնալ ռազմական էսկալացիայի։ Բայց Նեթանյահուն շանտաժ է անում, և նույն լրատվամիջոցների փոխանցմամբ, Իսրայելի վարչապետի ձեռքի տակ կան նյութեր՝ Էփշտեյնի գործի վերաբերյալ, որոնք վարկաբեկիչ են Թրամփի համար՝ Նեթանյահուն սպառնում է  դրանք հրապարակել, եթե Թրամփը չմիանա Իրանի դեմ ռազմական գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց՝ մեծ հաշվով, առնվազն այս պահին Միացյալ Նահանգներին առանձին անհրաժեշտ էլ չէ հարձակումն Իրանի վրա, բայց Իսրայելի շանտաժը կարող է իր հետևանքն ունենալ։

Գրիգոր Բալասանյանը վստահ է՝ եթե այդ հարձակումը տեղի ունենա, ապա անկանխատեսելի հետևանքներ է ունենալու ողջ տարածաշրջանի և Հայաստանի վրա։

«Ռազմական գործողություններ սկսելու պարագայում ԹՐԻՓՓ-ի հարցն անժամկետ հետաձգվելու է, քանի որ Միացյալ Նահանգները դրանով զբաղվելու ժամանակ չի ունենա։ Բայց վտանգն այստեղ այնքանով է մեծանում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են մտածել, որ իրենք իրավունք ունեն՝ առանց Միացյալ Նահանգների, կոպիտ ուժով բացելու «միջանցք», կտրել ու երկու կողմերից վերցնել, դրանով էլ հարցը համարեն փակված։ Հետո բանակցությունների ժամանակ այս ամենն Ադրբեջանն ու Թուրքիան կներկայացնեն՝ որպես օժանդակություն, օգնություն, քանի որ «միջանցքն» ուզում էին այլ երկրներ վերցնել, իսկ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի դա հայտնվի Միացյալ Նահանգների դաշնակիցների ձեռքին»,- շեշտեց նա և հավելեց՝ այդ ամենը Հայաստանի համար կործանարար է լինելու։

Այս ամենի համատեքստում Գրիգոր Բալասանյանը վտանգավոր է համարում նաև ՀՀ իշխանությունների օրակարգը, որտեղ քննարկվում են երկրորդական ու երրորդական հարցեր, սակայն սահմանին տեղի ունեցող իրադարձություններին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։

«Ինքս մի քանի անգամ ասել եմ, որ հիմա Սյունիքում պետք է ձևավորվեն նաև քաղաքացիական պաշտպանության համապատասխան ուղղություններ, որպեսզի մեր ազգաբնակչությանը տեղեկացնեն վտանգների մասին, և ամեն ինչ անենք բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ, օրինակ, ռազմական գործողությունների սկսման պարագայում՝ դրոնների այս դարում իրանական կամ ամերիկյան դրոններ չեն հայտնվի նաև հայ-իրանական սահմանին:

Երկրորդը՝ սկսվելու է փախստականների անվերահսկելի հոսք, և նրանք մասսայական կարող են Արաքսն անցնել՝ փրկվելու համար։ Մենք որտե՞ղ ենք տեղավորելու այդ մարդկանց, ինչպե՞ս ենք դիմագրավելու ու կառավարելի դարձնելու փախստականների անկանոն հոսքը։ Սրան որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, բոլորը զբաղված են փրայմերիզներով ու քվեներ փախցնելով։ Սա մեր ազգային անվտանգությանը մեծագույն սպառնալիք է»,- նշեց միջազգայնագետը։

Գրիգոր Բալասանյանը նաև ընդգծեց՝ Հայաստանին որևէ կերպ թուրք-ադրբեջանական հարձակումից չի կարող պաշտապնել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության» թուղթը։ Այդ թղթում որևէ պետություն, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չունի պարտավորություն կողմերի հանդեպ։

«Այնպես որ, այդ «հեքիաթները», որ իշխանությունը մատուցում է մեր հասարակությանը, այդպես էլ մնում են հեքիաթի մակարդակում, որովհետև ԱՄՆ-ը հատկապես ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ չունի որևէ պարտավորություն։ Իսկ երբ իշխանությունը շարունակում է այդ քարոզչությունը, թող հիշի 2008 թվականի Վրաստանի վիճակը, երբ ԱՄՆ-ի հետ ստորագրեցին ռազմավարական համագործակցություն՝ ԱՄՆ-ն դարձավ Վրաստանի ռազմավարական գործընկերը, սակայն Վրաստանին չօգնեց։ Այնպես որ, այդ ամենը հեքիաթ է»,- շեշտեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս