Բունկերում փակված պետության և ծիածանագույն Մերսեդեսի երկընտրանքը
2026թ. խորհրդարանական ընտրության դիապազոնն ընդգրկում է 2020թ. նոյեմբերի 10-ի բունկերից մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական ավտոմեքենայի վրա «1» համարանիշի դաջումն ընկած տարածությունը: 6 տարի առաջ պետությունը վախեցած մեկի ապաստարան դարձած բունկերում էր, այսօր՝ զրահապատ մեքենայի համարանիշին:
Նիկոլ Փաշինյանին անցած ավելի քան հինգ տարիներին հաջողվել է դուրս գալ բունկերից ու տեղավորվել հարմարավետ ծառայողական ավտոմեքենայում: Պետությունը մնացել է բունկերում, և 2026-ի ընտրությունը պետությունը բունկերից վերջապես հանելու կամ այն դրանում զմռսելու և Փաշինյանի կողմից սեփական դարձած պետական ավտոմեքենայի համարանիշի «1»-ի կողքին ցանկացած պետության դրոշ դաջելու թողտվության միջև է:
Հիմա նա գնում է այդ համարանիշի վրա ադրբեջանական կամ թուրքական դրոշը դաջելու ճանապարհով, թեև հասկացնում է՝ պատրաստ է համարանիշն ապականել ցանկացած այլ գույնի դրոշով՝ իշխանությունը պահպանելու պայմանով:
Հունիսին հայ ժողովուրդը որևէ կերպ թույլ տալով Փաշինյանի վերարտադրությունը՝ ընտրելու է այն դրոշի գույնը, որը դաջվելու է երկրի թիվ մեկ ծառայողական ավտոմեքենայի համարանիշներին, և դա կարող է հայկական չլինել: Փաշինյանն ուղիղ չի ասում, բայց դեմ չի լինի, եթե իշխանությունը պահպանելու պայմանով այդ գունային համադրությունն ընդգրկի ծիածանի բոլոր գույներն այնպես, ինչպես ընդգրկում է սեռական փոքրամասնությունների իրավունքներ պաշտպանող դրոշը…
Ցանկացած ընտրություն, հատկապես՝ համապետական ընտրություն, սոցիալական ինժեներիայի կարևոր ցուցիչ ու բաղադրիչ է: ՔՊ-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրապարակված է, ու հայ հասարակությանը հունիսին առաջարկվելու է ընտրություն կատարել այդ ցուցակի ու մյուս քաղաքական ուժերի միջև: Մյուսների դեպքում՝ ավելի կամ պակաս չափով, ցուցակները կարող են քննարկելի, քննադատելի, վերապահելի լինել:
Բայց ՔՊ-ի դեպքում ամեն ինչ առավել քան պարզ է՝ հայ ընտրողին առաջարկվելու է ընտրություն կատարել քննարկելի, քննադատելի, վերապահելի ինչ-որ ցուցակների և մի ցուցակի միջև, որի ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, արել են հարյուրավոր, բայց դրանից առանձնացնելի մի քանի նշանային գործողություններ, որոնց չմերժումը, առավել ևս՝ որոնց հավանություն տալը խիստ որոշակի հետևանքներ է ունենալու, ի թիվս այլ գործոնների, հենց սոցիալական կառույցի հարթությունում:
ՔՊ-ինը ցուցակ է, որի գլխավորողն «Արցախը Հայաստան է, և վերջ» ասելով, ամեն բջիջով ծառայել է «Արցախը Ադրբեջան է, և վերջ» իրականության հաստատմանը:
Սա մի ցուցակ է, որի գլխավորողն «անձնական պաշտպանության տակ առնելով» տրանսգենդերին, աղանդավորին, անձնական հարձակման է ենթարկել Հայ Առաքելական եկեղեցին:
Սա մի ցուցակ է, որի գլխավորողը շնորհակալություն է հայտնել Ալիևին նույն օրերին, երբ վերջինս ցմահ ու 20 տարվա ազատազրկման է դատապարտել մեր հայրենակիցներին:
Սա մի ցուցակ է, որի գլխավորողին իշխանությունը պահպանելու հարցում աջակցում են Թուրքիայի արտգործնախարարը, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ազդեցությամբ գործող «փորձագետները» և ներկայումս համաշխարհային նոր կարգ կերտել փորձող ԱՄՆ այն վարչակազմը, որի գլխավոր խորհրդականը դեռևս 2018-ին Երևանում հայտարարում էր, որ «ժամանակն է ազատվել պատմական կաղապարներից»: Սա մի ցուցակ է, որի առաջին համարին
2018-ին իշխանության բերել օգնել է Ալիևը և ի լուր աշխարհի խոստովանել է այդ մասին:
2026-ի հունիսի 7-ի ընտրությունը լինելու է ընտրություն ազգային ինքնություն ունեցող մարդու և երեկ հորթին մորթած, առանց հիշողություն բաց դաշտում արածողի միջև: Բոլոր նրանք, ովքեր սրտիկներ ուղարկող ծաղրածուների միջոցով թիկունքում զբաղված են հայերի նոր սոցիալական ինժեներիայով, հաշվարկում են, որ հունիսի 7-ին անհիշողություն անասունը հաղթելու է հիշողություն ունեցող հայ մարդուն: Ընտրությունը մերն է:
Հարություն Ավետիսյան



