Ենթադրում եմ՝ 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի աշխատանքը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ–ին կփոխանցի «Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի վերաբերյալ իր դիտարկումները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։

Պատգամավորի հարցը վերաբերում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան պաշտոնական այցից հետո ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացման հետագա ճանապարհային քարտեզին և «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ժամկետներին։

«Համաձայնագրի նախագիծը հիմնված կլինի երկու երկրների կառավարությունների կողմից հաստատված շրջանակային փաստաթղթի վրա»,- նշեց նա։

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում ԱՄՆ–ի հետ համագործակցությանը` Փաշինյանն ասաց, որ դեռ կտեսնեն՝ Հայաստանն ինչպես է շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։

«Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և, իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»,– հայտարարեց նա։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հետաքրքրվեց` ի վերջո, ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը, ի՞նչ պայմաններում, մինչ այդ մենք նոր ատոմակայան կառուցա՞ծ ենք լինելու, ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ւմ հետ ենք համագործակցելու։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այժմ Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը։

«Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ»,– հայտարարեց նա։

Տեսանյութեր

Լրահոս