Անկարգություններ Ալբանիայում հակակառավարական ցույցի ժամանակ. 13 մարդ է ձերբակալվել

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի կենտրոնում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ընդդիմության հազարավոր կողմնակիցների դեմ, ովքեր «Մոլոտովի կոկտեյլներ» և ֆայերներ են նետել՝ պահանջելով երկրի կառավարության հրաժարականը, հայտնում է Associated Press-ը:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տասնվեց ցուցարար այրվածքներով և այլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց՝ հավելելով, որ 13 ցուցարար բերման է ենթարկվել:

Վարչապետ Էդի Ռամայի կառավարությունը քննադատության է ենթարկվել փոխվարչապետ Բելինդա Բալուկուի հետ կապված կոռուպցիոն մեղադրանքների պատճառով, սակայն Ռաման դիմադրել է նրան պաշտոնանկ անելու կոչերին:

Ավելանում են Բալուկուի դատական անձեռնմխելիությունը չեղարկելու վերաբերյալ պահանջները, ինչը կարող է իրականացվել միայն խորհրդարանական քվեարկության միջոցով։ Կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը մեղադրել է Բալլուկային, ով նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարն է, որոշակի ընկերությունների օգտին շինարարական նախագծերի պետական ​​գնումներին միջամտելու մեջ և կոչ է արել չեղարկել նրա անձեռնմխելիությունը։

Երեքշաբթի երեկոյան Ալբանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ։ Սա վերջին ամիսների ընթացքում Ռամայի հրաժարականի պահանջով նմանատիպ երրորդ ցույցն է եղել։ Անվտանգությունն ապահովելու համար ավելի քան 1300 ոստիկան է ներգրավվել։ Նախորդ բողոքի ակցիաները նույնպես ուղեկցվել են բռնությամբ. ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» և քարեր են նետել ոստիկանության ու կառավարական շենքի ուղղությամբ, իսկ իշխանություններն ի պատասխան արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալի Բերիշան՝ նախկին վարչապետը, ում նույնպես կոռուպցիայի մեղադրանք է առաջադրված, բողոքի ակցիան «խաղաղ ապստամբություն» է անվանել Ալբանիայի համար օրհասական պահին։ Ելույթ ունենալով հանրահավաքում՝ նա մեղադրել է Ռամային «արդարադատության համակարգին պատերազմ հայտարարելու» մեջ։

Տեսանյութեր

Լրահոս