Բաժիններ՝

Ռուսական հարվածներից Ուկրաինայում կա 2 զոհ, վիրավորներ

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի դեմ կիրառել է 125 անօդաչու թռչող սարք, և որ առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ դրանցից 110-ը «խոցվել կամ ճնշվել» են երկրի հյուսիսում, հարավում և արևելքում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ Սլավյանսկում օդային ռմբակոծությունների հետևանքով երկու մարդ զոհվել, ևս յոթը վիրավորվել են։ Նրա խոսքով՝ զոհվածները մայր ու աղջիկ են։ Վիրավորների թվում է նաև յոթ տարեկան երեխա։

Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է բնակելի թաղամասի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին, որի հետևանքով վիրավորվել է երկու երեխա՝ 8 և 12 տարեկան։

Տեղեկություններ են հաղորդվել, որ Օդեսայի մարզում ռուսական հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ օբյեկտ։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-ի գիշերը ՀՕՊ համակարգերը երեք շրջանում խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում Բելգորոդի մարզում խոցվել է երեք, Աստրախանի մարզում՝ երկու, Կուրսկի մարզում՝ մեկ անօդաչու թռչող սարք։

Կուրսկի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնն իր Telegram ալիքում հայտնել է, որ Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են էլեկտրակայանի, որի հետևանքով մոտ 28 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության և մասամբ՝ առանց ջեռուցման։

Փետրվարի 10-ի առավոտյան Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է մարզկենտրոնում և շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների մասին՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հրթիռային հարձակումների հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս