Արևմուտքն ընտրեց Ադրբեջանին… Նրանք, երևի, զինում են Ադրբեջանին, որ նա էլ ավելի խաղաղասեր լինի, հա՞. Խաչիկյան

Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես կուզենայի դիմավորել Վենսին…

Հայաստանում սկսվել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելության շոուն։ Հասկանալի է, որ այս վարչակարգը մաքսիմալ կօգտագործի այդ առիթը՝ դրա վրա իրեն գովազդելու, ընտրություններից առաջ իր վարկանիշը բարձրացնելու և դրսից եկած քեռիների կողքին երեխաների պես ինքնահաստատվելու համար։ Նորից եթերը կողողեն իրենց լուսանկարներով, հեքիաթներով ու դատարկ խոսքերով։

Մենք բոլորս կցանկանայինք զարգացնել կապերն ԱՄՆ-ի հետ, և դա արել են նաև Հայաստանի նախկին ղեկավարները։ Բայց մենք կուզենայինք ԱՄՆ փոխնախագահին դիմավորել որպես հաղթանակած, հպարտ, ուժեղ երկիր, այլ ոչ թե ջախջախված, կապիտուլացված, ձախողակի ու տգետի ղեկավարությամբ երկիր ։ Այն էլ՝ տասնյակ քաղբանտարկյալներով, տեռորով ու բռնաճնշումներով։ Եվ մի մարդու կողմից, ով վաճառել է սեփական ժողովրդին։

Մինչ Վենսի ժամանումը Դոնալդ Թրամփը հայտարարություն արեց այս այցի նպատակների մասին. զարգացնել, ուշադրությո՛ւն, ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ և ամերիկյան զենք վաճառել Ադրբեջանին։ Իսկ Հայաստանի հետ՝ համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում։

Տարբերությունը բացատրե՞մ։

Տասնյակ տարիներ դրամաշնորհակեր քարոզիչները մեզ խոստանում էին, որ երբ մենք դառնանք «ժողովրդավարություն», Արևմուտքը կդառնա մեր գործընկերն ու դաշնակիցը։ Եվ ի՞նչ։ Արևմուտքն ընտրեց Ադրբեջանին, ինչպես մենք զգուշացնում էինք տասնյակ տարիներ շարունակ։

Կլինի՞ արդյոք ռազմական դաշինք Հայաստանի հետ։ Ո՛չ։ Անվտանգության երաշխիքնե՞ր, ինչպիսիք տրվեցին Ուկրաինային Եվրոպայի կողմից։ Ո՛չ։ ՆԱՏՕ-ի անդամակցությո՞ւն։ Ո՛չ։ Ռազմաբազա՞։ Ո՛չ։ ԵՄ անդամակցությո՞ւն։ Ո՛չ ։

Ո՞ւր եք, դրամաշնորհակերներ, դերասաններ, քարոզիչներ։ Դուք մեզ համոզում էիք հանձնել Արցախը՝ Արևմուտքի մաս դառնալու համար։ Եվ ի՞նչ, դարձա՞նք։

Ո՞ւր է ձեր ամերիկյան բանակը 8 րոպեում, ո՞ւր է Ֆրանսիան։ Ո՞ւր են բազաները, անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Դուք ասում եք, որ մեզ խաղաղություն եք բերել։ Դա ի՞նչ խաղաղություն է՝ այնպիսի՞ն, ինչպիսին հիմա Ստեփանակերտում է, որն այժմ Խանքենդի է, և որտեղ հայեր չկան։ Այնպիսի խաղաղություն, որ ԱՄՆ-ն ու Անգլիան հիմա արագացված տեմպերով զինում են Ադրբեջանին ու դարձել նրա ռազմավարական գործընկերը։ Այդպիսի՞ խաղաղություն եք ուզում բերել մեզ։ Նրանք, երևի, զինում են Ադրբեջանին, որ նա էլ ավելի խաղաղասեր լինի, հա՞։

Վենսն ու Թրամփը բազմիցս խոսել են քրիստոնյաների պաշտպանության մասին։ Թրամփը քննադատում էր Քամալա Հարիսին այն բանի համար, որ նա թույլ տվեց Արցախի էթնիկ զտումը։ Դե ի՞նչ կասեք հիմա։ Կպաշտպանե՞ք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, հայ բնակչությանը և Արցախի ժառանգությունը։ Երբ Հայաստանում ձեր իսկ դրածոն արգելում է այդ մասին խոսել։

Դուք հանձնեցիք Մեղրին ու ստում էիք, թե դա միջանցք չէ, խնդրում էիք, որ այն այդպես չանվանեն։ Դա այնպիսի «ինքնիշխան միջանցք» է, որ մեր սահմանապահներին թույլ չեն տալիս նստել առջևի սենյակում, և նրանք պետք է թաքնվեն հետևի սենյակում՝ փակ դռան հետևո՞ւմ։ Թե՞ պահարանի մեջ։ Իսկ զուգարան նրանք կարո՞ղ են գնալ։ Եվ որտե՞ղ է այն 74%-ը, որն արդեն մերը չէ և շուտով կփոխանցվի Ադրբեջանին ու Թուրքիային։ Այդպիսի՞ խաղաղություն էիք ուզում բերել մեզ ։

Դուք ասում եք, որ ներդրումներ կլինեն, և դրանք կապահովեն մեր անվտանգությունը։ Դուք ավելի քան 35 միլիարդի ներդրում եք արել Ադրբեջանում։ Դուք Ադրբեջանից պահանջե՞լ եք հանձնել տարածքներն ու սեփական ժողովրդին։ Դուք հովանավորե՞լ եք այնտեղ թավշյա հեղափոխություն։ Դուք աննախադեպ օգնություն եք ցուցաբերում Իսրայելին՝ տասնյակ միլիարդներ ամեն տարի։ Եվ ի՞նչ, դուք Իսրայելից պահանջո՞ւմ եք հանձնել տարածքներն ու համաձայնել սեփական ժողովրդի էթնիկ զտմանը ։

Դուք մոտ 4 տրիլիոն դոլար ներդրեցիք Աֆղանստանում և Իրաքում՝ ներառյալ ռազմական ծախսերը։ Եվ ի՞նչ, դուք մնացի՞ք Աֆղանստանում և Իրաքում։ Դուք ասում էիք, որ Սիրիայի քրդերը ձեր ամենաքաջ, ամենահավատարիմ դաշնակիցներն են։ Եվ… հանձնեցիք նրանց Թուրքիային ու Դամասկոսում բարեփոխված ահաբեկչի կառավարությանը, որը նրանց ոչնչացնում է

Մենք ցանկացել և ցանկանում ենք լավ հարաբերություններ Ամերիկայի ու Արևմուտքի հետ։ Իրազեկ և ուժեղ կառավարությամբ, այլ ոչ թե ձախողված և ստորացված լուզերով ու տգետներով։ Հարաբերություններ՝ հիմնված հարգանքի, ռեալիզմի, ճշմարտության, մեր ժողովրդի շահերի, այլ ոչ թե ստի, դավաճանության և ստորացման վրա»։

Տեսանյութեր

Լրահոս