Ովքե՞ր չեն կարող կատարել աչքի լազերային վիրահատություն, ո՞ր դեպքում է անարդյունավետ
Աչքի լազերային վիրահատությունն ակնաբուժական խնդիրների լուծման ամենաժամանակակից և արդյունավետ միջոցն է: Իսկ թե ինչպե՞ս է այն իրականացվում, ի՞նչ հակացուցումներ կան, ինչպե՞ս է պետք խնամել աչքերը վիրահատությունից հետո՝ պարզաբանել է ակնաբույժ Նարեկ Միքայելյանը։
– Մեր օրերում աչքի հիվանդությունները տարածված են, և մարդիկ երբեմն դիմում են լազերային վիրահատության․ ո՞ր դեպքում է այն ցուցված։
– Տեսողության լազերային կորեկցիան ժամանակակից միջամտություն է, որի դեպքում հատուկ լազերի միջոցով փոփոխության ենք ենթարկում աչքի արտաքին բեկող միջավայրը, այսինքն՝ եղջերաթաղանթը։ Փոխելով եղջերաթաղանթը՝ մենք կարողանում ենք շտկել ռեֆլեքսային բնույթի խանգարումները, որոնցից են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը։
Քանի որ ռեֆլեքսային բնույթի խանգարումները կարող ենք շտկել ակնոցներով և կոնտակտային լինզաներով, լազերային կորեկցիայի մեթոդը հանդիսանում է՝ որպես ընտրության մեթոդ։ Այսինքն, ունի ալտերնատիվ, որոնք ակնոցներն ու կոնտակտային լինզաներն են։ Միջամտություններն ունեն իրենց ցուցումներն ու հակացուցումները․ ցուցումներն են՝ կարճատեսությունը՝ միջինը մինչև -15 դիոպտրիա, հեռատեսությունը՝ միջինը մինչև +6 դիոպտրիա, և մինչև 6 աստիճանի աստիգմատիզմը։
Բացարձակ հակացուցումներն են՝ աչքի դիստրոֆիկ բնույթի փոփոխությունները, բոլորին հայտնի կերատոկոնուս հիվանդությունը, աչքի լուրջ բորբոքային պրոցեսների բերող հիվանդությունները, ինչպիսին է չոր աչքի համախտանիշը։
– Հորմոնալ խանգարումների դեպքում աչքի լազերային վիրահատություն կատարո՞ւմ են։
– Էնդոկրին բնույթի խանգարումները ևս հանդիսանում են հակացուցում, բայց ոչ թե բացարձակ, այլ հարաբերական։ Այսինքն, կայունացնելով օրգանիզմի հորմոնալ վիճակը՝ որոշակի վերապահումներով կարող ենք իրականացնել տեսողության լազերային կորեկցիա։
– Մինչև ո՞ր տարիքի մարդկանց են վիրահատում։
– Կարող ենք վիրահատել 18-ից մինչև 45 տարեկան անձանց։ 45-ից բարձր տարիքում նույնպես կարող ենք իրականացնել աչքի լազերային կորեկցիա, բայց այստեղ պետք է բացատրական աշխատանքներ տարվեն բուժառուների հետ, քանի որ կունենանք որոշ խնդիրներ՝ կապված ակոմոդացիայի հետ (տարբեր հեռավորությունների վրա առարկաները պարզ տեսնելու աչքի հարմարվելու ունակությունը)։ 45-ից բարձր մարդկանց մոտ ոսպնյակը կարծրանում է և ակոմոդացիայի ֆունկցիան արդեն սպառվում է, և իրականացնելով վիրահատություն, փաստորեն մի ակնոցը փոխարինելու ենք մյուսով։
Այսինքն, եթե այդ տարիքում մարդը տեսնում էր մոտ հեռավորության վրա՝ առանց ակնոցի, իսկ հեռուն՝ ակնոցով, իրականացնելով տեսողության լազերային կորեկցիա՝ կստիպենք նրան, որ արդեն կրի մոտ հեռավորության վրա նախատեսված ակնոց, իսկ հեռուն կլինի առանց ակնոցի։ Փոխարինում ենք մի ակնոցը մյուսով, որը երևի որոշ մարդկանց համար նպատակահարմար չէ։ 45-ից բարձր տարիք ունեցողների մոտ զարգանում է նաև կատարակտ հիվանդությունը, որը ոսպնյակի ոչ միայն կարծրացումը, այլև պղտորումն է։ Այս դեպքում ստիպված կրկնակի վիրահատություն ենք կատարելու։
– Մարդիկ, ովքեր մոտ են 40 տարեկանին, սակայն ունեն կարճատեսություն, խուսափում են աչքի լազերային վիրահատություն կատարելուց, քանի որ կա տարածված կարծիք, որ այս տարիքից սկսած կարճատեսությունը վերածվում է հեռատեսության։ Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է։
– Իրականում սա միֆ է։ Ինչպես կային կարճատես, այնպես էլ մնում են, ուղղակի ի տարբերություն այն մարդկանց, որոնք չունեն կարճատեսություն և 45-ից հետո կրում են մոտ հեռավորության համար ակնոց, կարճատեսները չեն կրելու, իրենք միայն հեռուն տեսնելու համար են ակնոց կրելու։ Կան տարբերություններ՝ կարճատեսության աստիճանի հետ կապված։ Եթե կարճատեսությունը -2 է, նա 40-50 տարեկանում մոտ հեռավորության ակնոց չի կրելու, իսկ եթե 60 տարեկանում չունենա կատարակտ հիվանդություն, ունենա ոսպնյակի պղտորում, նա ստիպված կլինի կրել +1 համարի ակնոց։
Եթե կարճատեսությունը -6 կամ -15 է, անձինք վատ են տեսնում և՛ հեռուն, և՛ մոտիկը։ Նրանք երկու տիպի ակնոց կրելու կարիք ունեն, և այս մարդկանց 45 տարեկանից հետո խորհուրդ ենք տալիս իրականացնել ոսպնյակի ռեֆրակցիոն բնույթի փոխարինում՝ արհեստական ոսպնյակով։ Հիմա տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ունենք բազմաֆունկցիոնալ ոսպնյակներ, որոնք թույլ են տալիս վիրահատությունից հետո տեսնել հեռու, մոտ և միջին տեղակայված առարկաները՝ առանց ակնոց կրելու։
– Ոսպնյակի փոխարինման վիրահատությունն ինչպե՞ս է կատարվում։
– Սա նման է կատարակտի վիրահատությանը, ուղղակի մենք կատարակտի ժամանակ հեռացնում ենք պղտորված ոսպնյակը և փոխարինում ենք արհեստական ոսպնյակով, իսկ ռեֆրակցիոն բնույթի փոխարինման դեպքում նույն վիրահատությունն է կատարվում, բայց ոչ թե պղտորված ոսպնյակն ենք հեռացնում, այլ շտկում ենք կարճատեսությունը, աստիգմատիզմը։
– Նրանք, ովքեր դեռ երեխաներ չեն ունեցել, ունեն կարճատեսություն, չեն դիմում լազերային վիրահատության՝ համարելով, որ մինուսները շատանալու են ծննդաբերելուց հետո։ Նման բան կա՞։
– Իրականում նման բան չկա, որովհետև, եթե մարդը տառապում է կարճատեսությամբ, հղիության ժամանակ, կապված օրգանիզմի հորմոնալ վերափոխումների հետ, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում ժամանակավոր ունենում ենք կարճատեսության փոքր աճ։ Բայց սա ոչ թե իրական աճ է, այլ հորմոնալ վերափոխման ժամանակ օրգանիզմում առաջանում են այտուցներ, աչքի հյուսվածքներում և այդ այտուցների պայմաններում ունենում ենք կեղծ կարճատեսության մի փոքր աճ։ Ծննդաբերությունից, կերակրման շրջանի ավարտից հետո վերադառնում են նույն վիճակին, որը կար նախքան հղիությունը։
Այստեղ երկրորդ հարցը կա՝ արդյո՞ք կարելի է բնական ճանապարհով ծննդաբերել, եթե կարճատեսությունը բարձր է։ Բարձր աստիճանի կարճատեսների մոտ՝ անկախ նրանից՝ լազերային կորեկցիա են իրականացրել, թե ոչ, բնական ճանապարհով ծննդաբերելն ունի որոշակի հակացուցումներ, վերապահումներ, եթե առկա է ակնահատակի վնասում։ Տվյալ հղին պետք է վերահսկվի ակնաբույժի կողմից և, եթե լինեն ակնահատակի ճաքեր, պատռվածք, կամ այն լինի բարակ կամ ձգված, պետք է կատարվի ակնահատակի ամրացում։ Սակայն, եթե հակացուցումները շատ խիստ են, ապա պետք է կատարվի կեսարյան հատում։
Ընդհանուր առմամբ, լազերային վիրահատության կարող են դիմել հղիություն պլանավորելուց 6 ամիս առաջ և ծննդաբերելուց 6 ամիս հետո, որպեսզի հորմոնալ վերափոխումները չանդրադառնան վիրահատությունից առաջացած վերքի լավացման վրա, լինի նորմալ արդյունք։
– Ո՞ր դեպքում է աչքի լազերային վիրահատությունն անարդյունավետ։ Պատահում է՝ վիրահատում են, ապա ասում, որ տեսողությունը հետո կրկին վատացել է։ Սա ինչի՞ հետ է կապված։
– Սա կապված է նրա հետ, որ նախքան վիրահատությունն այդ մարդիկ չեն անցել լիարժեք ակնաբանական հետազոտություն։ Հնարավոր է՝ ունեցել են այնպիսի հիվանդություններ, որոնք անդրադարձել են ակնահատակի առողջական վիճակի վրա, կամ ունեցել են հիվանդություններ, որոնք թերի են ախտորոշվել և ժամանակի ընթացքում ավելի ակտիվ են դրսևորվել, և առաջացել է տեսողության վատացում։ Բացի դրանից, եթե կարճատեսությունը վիրահատում ենք մինչև 18 տարեկանը, հնարավոր է՝ կարճատեսության աճ ունենանք, որովհետև օրգանիզմն աճում է։
– Եթե կարճատեսությունը ժառանգական է, հնարավո՞ր է՝ տեսողությունը վատանա, ու կրկին վիրահատեն։
– Չէ, դա կապ չունի։ Ձեռքբերովի կարճատեսությունը բարդացած կարճատեսության շարքին է դասվում, օրինակ, կարող է լինել աչքի բորբոքային բնույթի հիվանդությունների արդյունքում, որի դեպքում դեֆորմացվում է աչքի արտաքին թաղանթը։ Այս դեպքում ունենք վիրահատության հակացուցում։ Կարճատեսության մեծ մասը զարգանում է՝ կապված ժառանգական նախատրամադրվածության հետ։
– Մեր օրերում կարճատեսության զարգացման համար մեծ դեր ունի նաև տեխնիկան՝ հեռախոս, համակարգիչ․․․
– Կա այդպիսի տեսություն, որ հեռախոսները, գաջեթները նպաստում են կարճատեսության զարգացմանը, բայց այս դեպքում ոչ թե իրական կարճատեսությունն է աճում, այլ զարգանում է ակոմոդացիայի սպազմ՝ կեղծ կարճատեսություն, երբ մկանները կծկվում են ու այդպես մնում և պահանջում են լրացուցիչ դեղորայքային բուժում, որպեսզի մկանները թուլանան։
– Տեսակետ կա, որ ակնոց և կոնտակտային լինզա շատ կրելու դեպքում աչքը վնասում ես ու ավելի վատ ես սկսում տեսնել։
– Ակնոցները և կոնտակտային լինզաներն ունեն իրենց լավ և վատ կողմերը։ Ակնոցը կոնտակտային լինզայից տարբերվում է նրանով, որ ակնոցով սահմանափակում ենք մեր տեսադաշտը, բացի այդ՝ ձմռանն ապակին քրտնում է, և տեսողությունը, որը կարելի էր շտկել ակնոցի միջոցով՝ զիջում է կոնտակտային լինզայով շտկմանը։ Այսինքն, կոնտակտային լինզաները, քանի որ անմիջապես դրվում են եղջերաթաղանթին, ավելի լավ են շտկում տեսողությունը, տեսադաշտն էլ լայն է։ Ուղղակի բարդ է հիգիենայի պահպանումը, քանի որ կոնտակտային լինզաներն անընդհատ խնամք են պահանջում։ Իսկ կոնտակտային լինզա երկար կրելու արդյունքում կարող ենք ունենալ եղջերաթաղանթի արտաքին թաղանթի՝ էպիթելի վնասում, բորբոքում, որոնք իրենց ազդեցությունն են թողնում եղջերաթաղանթի թափանցիկության վրա։ Սա է պատճառը, որ ամբողջ աշխարհում տարեկան աչքի լազերային շտկման մոտ 4 միլիոն վիրահատություն է կատարվում։
– Ոմանք կոնտակտային լինզա են օգտագործում և այդպես էլ քնում են, վնաս չէ՞։
– Իհարկե վնաս է։ Տեսողական հիգիենայի խախտում է։ Կան կոնտակտային լինզաներ, որոնցով թույլ է տրվում նույնիսկ քնել, բայց խորհուրդ չի տրվում այդպիսի բան անել, քանի որ հնարավոր է, որ զարգանան աչքի բորբոքային հիվանդություններ, վնասվի եղջերաթաղանթը։
– Լազերային վիրահատությանը պատրաստվելու համար ի՞նչ ցուցումներ կան։
– Վիրահատությունն ընթանում է թեթև և հանգիստ։ Եթե նախկինում կրել են կոնտակտային լինզա, գոնե մեկ շաբաթ շուտ այլևս չպետք է կրեն դրանք, որովհետև դրանք վնասում են աչքի արտաքին մակերեսը և որոշակի չափով փոխում են եղջերաթաղանթի ձևը, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ վիրահատության արդյունքի վրա, քանի որ լազերը շտկում է այն տվյալները, որոնք մենք հաղորդում ենք։ Ծրագրավորում ենք լազերը, և, եթե ունենք աչքի ձևափոխում՝ լինզաների կրման կամ նախքան վիրահատությունը չհանելու արդյունքում, լազերը չի հաշվարկի այդ ամենը և կորեկցիա կանի աչքն այնպես, ինչպես ծրագրավորել ենք։
Վիրահատության ներկայանալիս չպետք է օգտագործեն որևէ կոսմետիկ միջոց, որը մաքրելու արդյունքում հնարավոր է՝ տրորեն աչքը, ու սա անդրադառնա հետվիրահատական արդյունքի վրա։
– Որքա՞ն է տևում վիրահատությունը։
-Կախված մեթոդից՝ տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Իրականացվում է տեղային, կաթիլային անզգայացմամբ։ Հիվանդը որևէ ցավ չի զգում։ Ներկա տեխնոլոգիաները նույնիսկ թույլ են տալիս վիրահատել կարճատեսությունը՝ առանց աչքին հպվելու։ Ամեն ինչ կատարում է լազերը։ Տեսողությունը վերականգնվում է միանգամից։
Հնարավոր է՝ մի քանի օրերի ընթացքում տեսողությունը տատանվի, հնարավոր է՝ ֆոկուսավորման խնդիրներ առաջանան, լույսի աղբյուրին նայելիս պայծառ օղակներ առաջանան, գուցե լինեն չոր աչքի համախտանիշի խնդիրներ, որոնք հնարավոր է բուժել աչքի կաթիլներով։ Միջինը 1-2 ամսում հիվանդների հարմարվողականության շրջանն ավարտվում է։
– Հաճախ նշում են, որ վիրահատությունից հետո գլխացավեր են ունենում։ Սա բնակա՞ն երևույթ է։
– Չպետք է նման բան լինի։ Կան մեթոդներ, որոնք հիվանդների մոտ անհարմարավետություն են առաջացնում և մաքսիմում 4 օրում անցնում են։
– Ինչպե՞ս խնամել աչքերը՝ վիրահատությունից հետո։
– Պետք է հետևել բժշկի ցուցումներին։ Առաջին շաբաթը համարվում է կրիտիկական։ Պետք է խուսափել աչքերը տրորելուց, ջրի հետ շփումից, մոտ մեկ ամիս ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց, ագրեսիվ սպորտից, շոգեբաղնիք, լողավազան այցելելուց։ Ծովափ գնալու համար խորհուրդ է տրվում 2 ամիս համբերել։
– Աչքի լազերային վիրահատությունը մարդուն վերջնականապես ազատո՞ւմ է խնդիրներից։
– Ազատում է ռեֆրակցիոն բնույթի խնդրից։ Կարճատեսին ազատում է մինուս թվից, բայց շարունակում է կրել կարճատես ախտորոշումը և չի ազատվում այն ցուցումներից, որոնք տրվում են կարճատեսներին․ ծանրության բարձրացում, ծննդաբերություն և այլն։ Եթե կարճատեսության աստիճանը բարձր է, ակնահատակում կան խնդիրներ՝ ճաքերի, պատռվածքների տեսքով, ցանցաթաղանթը բարակ է, պետք է հսկել բուժառուին և անհրաժեշտության դեպքում իրականացնել ակնահատակի լազերային ամրացում, որ հետո չունենան այլ խնդիրներ՝ կապված ցանցաթաղանթի շերտազատման հետ։