Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը, որը բաղկացած է 14 կետից։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։
Հուշագրով նախատեսվում է 30 օրվա ընթացքում վերացնել ծովային շրջափակումը, Իրանի սահմանակից գոտիներից դուրս բերել ամերիկյան ուժերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իրանի վերականգնման` առնվազն 300 մլրդ դոլարի ծրագիր պետք է ներկայացնեն։
Ըստ գործակալության` փաստաթղթում կետ կա, որի համաձայն` պետք է դադարեցվի իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ գործող պատժամիջոցների գործողությունը։
Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային բանակցություններ, որոնց արդյունքում համաձայնագիր կստորագրեն։ Իրանի և ԱՄՆ-ի հուշագրում Իրանի հրթիռային ծրագրին և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» աջակցությանը վերաբերող հարցեր ներառված չեն։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:

