Ադրբեջանական սադիզմի հայ ֆինանսավորողները
Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Այս տեղեկությունները սովորական են դարձել մեր լրահոսում: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են «դատավարության» օրը, հետո կցկտուր «տեղեկություններ», երբեմն սարսափազդու լուսանկար են տարածում: Եվ այդպես՝ մինչև հաջորդ «դատավարություն»…
Հայ հասարակությունը, լավագույն դեպքում՝ դրա ակտիվ հատվածը մի քանի օր մղկտում է այս առիթով և անցնում լրահոսի ավելի մղկտալի կտորներին: Իսկ լրահոսի հատկապես պաշտոնական մասը ողողված է Ադրբեջանի հետ ու Ադրբեջանի տարածքով առևտրի վերաբերյալ հորթային հրճվանքի արտահայտություններով: Հեռու չէ այն օրը, երբ Էկոնոմիկայի նախարարը կարող է ադրբեջանական բենզինով լոգանք ընդունել՝ ցույց տալով «խաղաղության մաքրությունը», իսկ ԱԺ նախագահը՝ խմոր հունցել ղազախաադրբեջանական անասնակեր-հացահատիկի ալյուրով՝ ցույց տալու համար «խաղաղության համը»:
Բաքվի ամեն «դատավարություն», սակայն, հիշեցնում է, որ այդ «խաղաղությունը» ոչ միայն մաքուր ու համեղ չէ, այլև կեղտոտ է ու նողկալի՝ արդեն դրանում մեր հավաքական մասնակցության իմաստով: Ադրբեջանի ու Ադրբեջանի տարածքով առևտրին ձոնվող դիֆերամբներին հիմնականում հակադրում են՝ բենզին կամ այլ ապրանքատեսակ գնելով՝ մենք վճարում ենք Ադրբեջանի գնած սպառազինության համար: Դա ճիշտ է, բայց ունի որոշակի թեականություն այն իմաստով, որ այդ սպառազինությունը գոնե այսօր չի կիրառվում մեր դեմ: Մինչդեռ հայ ռազմագերիների «դատավարությունները» մենք՝ հավաքականորեն, ֆինանսավորում ենք ոչ թե թեական, ապառնի ժամանակով, այլ ամենօրյա ռեժիմում:
Բենզինի վաճառքից, տարանցիկ բեռնափոխադրումից գոյանում է շահույթ, որից հարկ է մուծվում Ադրբեջանի բյուջե, որտեղից պետությունը վճարում է Բակո Սահակյանին ու Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Իշխանյանին ու Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Արկադի Ղուկասյանին ու Արայիկ Հարությունյանին, ու բոլոր մյուսներին ցմահ ազատազրկման «մեղադրանքներ ներկայացնող» դատախազներին ու «դատավարությունն անցկացնող» դատավորներին, նրանց պահման վայրերի բանտապահներին ու բանտապահների անվան տակ խոշտանգողներին, բոլորին, ովքեր ներգրավված են հայ ռազմագերիներին ֆիզիկապես ու բարոյապես նվաստացնելու եղկելի գործընթացում:
Մենք՝ որևէ ձևաչափով առևտուր անելով Ադրբեջանի հետ, գիտակցաբար մաս ենք կազմում, ոչ թե ուղղակի մաս ենք կազմում, այլ ֆինանսավորում ենք մեր հայրենակիցների ստորացումը:
Իրական խաղաղությունն անխուսափելիորեն հանգեցնում է նախկին հակառակորդների միջև առևտրի, տնտեսական կապերի հաստատման: Բայց դրա համար պարտադիր պայման է թշնամական գործողությունների վերացումը: Երբ հայ պաշտոնյաները, որոշ օլիգարխներ հալվում են Ադրբեջանի հետ առևտրի մասին խոսելիս, իսկ քաղաքացիները՝ հրճվանքը թաքցնելով հաշվում են մի քանի կոպեկ տնտեսումը, ստացվում է, որ հայ ռազմագերիների հետ կատարվողը ոչ միայն թշնամական չեն համարում, այլ հաճույքով վճարում են դրա համար:
Խաղաղությունը կենսականորեն կարևոր արժեք է, առևտուրը՝ նյութական շահին ուղղված գործողություն, որը կարող է և պետք է լինի իրական խաղաղության հետևանքը, ածանցյալ, բնական արդյունքը: Հիմա տեղի է ունենում հակառակը՝ խաղաղությունն է ածանցվում մանր առևտրից:
Ժողովրդական խոսքն ասում է՝ արյունը ջուր չի դառնում: Ջուր՝ գուցե չէ, բայց բենզին, փաստորեն, դառնում է:
