Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, օդային և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ։
«Հենց խաղաղության համաձայնագիր կնքվի, անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, ինքնաթիռներ օդում և աջակցություն ծովում ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել», – ասել է նա։
Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կնպաստեն այլ ձևերով։
«Այս պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են դժվար ընտրություններ: Ուկրաինան պետք է հասկանա, որ յուրաքանչյուր զոհաբերություն, յուրաքանչյուր կորցրած կյանք և յուրաքանչյուր կրած դժվարություն շուտ չի կրկնվի, և որ խաղաղությունը երկարատև կլինի ու կունենա խոշոր երկրների աջակցությունը», – ընդգծել է Ռյուտեն։
«Մենք ցանկանում ենք ոչ միայն այս պատերազմի ավարտը, մենք մտածում ենք ապագայի մասին և ձգտում ենք ապահովել երկարատև խաղաղություն», – ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուժեղ զինված ուժերից բացի, Ուկրաինային անհրաժեշտ է նաև իր դաշնակիցների հզոր աջակցությունը։
«Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ տրամադրելու որոշակի անվտանգության երաշխիքներ: «Կամեցողների կոալիցիան» առաջընթաց է գրանցել այդ երաշխիքների մշակման գործում, մասնավորապես՝ անցյալ ամիս Փարիզում, և նախագահ Զելենսկին խոսել է այս մասին», – նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
Հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի նախագահները Փարիզում ստորագրեցին հռչակագիր հրադադարից հետո Ուկրաինայում ֆրանսիական և բրիտանական զորքերի տեղակայման մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիև է ժամանել փետրվարի 3-ին: Ռյուտեն ելույթ է ունեցել Գերագույն ռադայի 15-րդ նստաշրջանի բացմանը: Նախորդ անգամ Ռյուտեն Ուկրաինայում էր եղել 2025 թ. ապրիլին և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այցելել էր Օդեսա։
