Բաժիններ՝

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին

Ռուսական զինված ուժերը վերսկսել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածները։ Փետրվարի 3-ի գիշերը հարձակման են ենթարկվել Կիևը, Խարկովը, Դնեպրը, Վիննիցան, Օդեսան և այլ քաղաքներ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եվս մեկ նպատակային հարված է եղել հատկապես էներգետիկ ենթակառուցվածքների դեմ. ռուսներն օգտագործել են զգալի քանակությամբ բալիստիկ հրթիռներ այլ հրթիռների հետ համատեղ՝ թվով ավելի քան 70, և 450 հարձակողական անօդաչու թռչող սարքեր», – մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումը։

Կիևում վիրավորվել է հինգ մարդ, վնասվել է երկու բազմաբնակարան շենք, ավելի քան 1000 տուն կրկին առանց ջեռուցման է մնացել։ Խարկովի իշխանությունները հայտնել են, որ առանց ջեռուցման է մնացել ավելի քան 800 բնակելի շենք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ օբյեկտներին։ Նախարարությունը պնդում է, որ հարվածն ուղղվել է՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա ուկրաինական հարձակումների։

Նախորդ շաբաթ Ռուսաստանը ԱՄՆ նախագահի խնդրանքով դադարեցրել էր ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ ուժեղ ցրտերի և Աբու Դաբիում սկսված բանակցությունների ֆոնին։

Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զոինվորականների կողմից Նովա Կախովկայի հրետակոծության հետևանքով կա 3 զոհ։

«Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ վարչակազմի աշխատակից։ Կան վիրավորներ, նրանք բժշկական օգնություն են ստանում», – իր Telegram ալիքում հայտնել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս