Իսրայելը կհայտնվի Թեհրանի թիրախում ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածների դեպքում. Խամենեիի խորհրդական

Իրանն, անկասկած, կթիրախավորի Իսրայելը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի դեպքում, քանի որ նրանք մեկ ամբողջություն են։ Այս մասին Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։

Լրագրողը նրան հարց է ուղղել՝ արդյոք Իրանը կպատասխանի Իսրայելին, եթե ԱՄՆ-ն հարվածի։

«Իսրայելն ու ԱՄՆ-ն ​​երկու առանձին միավորներ չեն, այլ նույնն են, ինչպես ապացուցվում է փաստերով, – նշել է նա։ – Ենթադրությունը, որ Ամերիկան ​​կհարվածի առանց Իսրայելի մասնակցության, հիմնարար սխալ է»։

Շամխանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի, ապա «Իսրայելն, անշուշտ, կներգրավվի, և պատասխանը պետք է համաչափ լինի»։ Նա հավելել է, որ պատասխանի մասշտաբը «կախված է նրանց գործողություններից և քայլերից»։

«Մենք կպատասխանենք և կհակադարձենք նույն կերպ», – շեշտել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Նա նաև նշել է, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։ Թրամփը հիշեցրել է, որ ամերիկյան հսկայական ռազմական նավատորմ է շարժվում դեպի Իրան։

Տեսանյութեր

Լրահոս