Օրերս «Հետքը» հրապարակել էր իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթեր այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից՝ Ալիևի աշխատակազմին ծառայություններ մատուցողը:
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ցարական Ռուսաստանի քարտեզներում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա», որ դրանք իբր արտացոլում են «պատմական ճշմարտությունը», ինչն իրենք «պիտի ուսումնասիրեն և հանրահռչակեն»: Եվ սա «իրավունք» է տվել Ադրբեջանի ղեկավարին պնդելու, որ իրենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով պետք է վերադառնան իրենց «պատմական տարածքներ», և, որ այս առումով հիմնական խնդրի լուծողը պետությունը պիտի լինի: