
Փաշինյանի ստատուսների ժողովածո՞ւ, ինքնության դեմ կռի՞վ, թե՞ ««Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ»

«Մոռանալ հերոսական անցյալը»․ «Հայկական ժամանակ», 2005 թիվ
«Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ»,- դեռ 2005-ին «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված «Մոռանալ հերոսական անցյալը» վերտառությամբ հոդվածում գրել էր «Ն․Փ․»-ն։
Արդեն 2025 թվականին «Ն․Փ․»-ն այս ամենին տվեց միս ու արյուն․ 7 տարվա ընթացքում հանրությանը փորձեցին համոզել՝ Ցեղասպանությունն այլևս առաջնահերթություն չէ, Արցախն անցած էտապ է, «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությամբ հերոսությունը դարձել է սովորական, Արարատ Լեռը՝ անիրական, ու այն պետք է հեռացվի սահմանահատման կնիքից, Արագածը՝ իրականը, պատմությունը՝ Հայաստանի, քանի որ Հայոցը չի արտացոլում «Իրական» Հայաստանը, և այսպես շարունակ։ Իսկ այս ամենի «պսակը» նախագիծն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն են «իրական Հայաստան»-ի մասին։
Ի՞նչ է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին նախագիծը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, սեպտեմբերի 12-28-ը հանրային քննարկման է դրվել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին նախագիծը, որի հակիրճ բնութագրում նշված է․ «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ»։
Իսկ նախագծի հիմնավորման մեջ էլ ասվում է․
««Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է»։
«Ո՞ր գաղափարները պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում»
Հայեցակարգում ներկայացված են այն գաղափարները, որոնք պետք է ընկած լինեն «Իրական Հայաստանի» գեղագիտության հիմքում, իսկ դրանք, ըստ նախագծի, այն գաղափարներն են, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին։
«Խաղաղություն, Հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով, արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն, ինչպես անհատական, այնպես էլ հանրային և պետական մակարդակներում, հանրային պատասխանատվություն, նախաձեռնողականություն և մասնակցություն, Հանրային խոսույթում, արվեստում և մշակույթում փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն, բոլոր խնդիրների շուրջ խոսակցության միջավայրի և հնարավորությունների ստեղծում, անընդհատ (ինքնա)կրթություն և ստեղծագործ աշխատանք, գեղագիտության միջավայրայնացում, որը պետք է հնարավորություն տա նյութականացնել Իրական Հայաստանի գեղագիտությունը հանրային համակեցության մակարդակում, այն տրամաբանությամբ, որ այն պետք է արտահայտվի ոչ միայն բեմերում և արվեստի ստեղծագործություններում, այլև քաղաքաշինական միջավայրում»,- թվարկված է նախագծում՝ ընդգծումով, որ պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի այս գաղափարների շեշտադրմանը, գեղագիտական տարբեր ձևերի միջոցով դրանց ընդգծմանը և տարածմանը։
Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը․ հատված նախագծից
«Օրինակ՝ խաղաղության գաղափարի որդեգրումը իբրև Իրական Հայաստանի հիմնաքարային արժեք՝ ենթադրում է, որ անհրաժեշտ է այդ գաղափարի իրացումը ապահովել հետագա շղթայում, արվեստային տարբեր ձևերի ու մշակութային տարբեր իրադարձությունների, գիտական, կրթական հետազոտությունների և քաղաքաշինական բովանդակության մեջ։ Այս բոլոր մատնանշված միջավայրերում ներկայումս գերիշխող է պատերազմի, վրեժի, ռազմականացման շեշտադրումը»,- ասվում է նախագծում։
Նկատենք՝ ըստ կառավարության այս հայեցակարգի, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։
«Ընդ որում, որպեսզի խաղաղությունը իրական բովանդակություն ստանա, այն պետք է հիմնված լինի տարածաշրջանի ճանաչողության, սեփական պատմության ճշմարիտ ու ազնիվ իմացության և քննական մտածողության վրա։
Պատերազմի ու ռազմականացման խոսույթը հիմնված է մյուսի ապամարդկայնացման վրա, որովհետև թշնամության համար անհրաժեշտ է բացառել մարդկային դեմքը, որևէ նմանության և ընդհանրության մասին խոսքը, անհրաժեշտ է պարզեցնել իրավիճակը սև ու սպիտակի՝ այնուհետև գործողության մղելու համար։
Տարիներ շարունակ պատերազմին ուղղված քաղաքականությունը տեղեկատվական ու գիտելիքային վակուում է ձևավորել տարածաշրջանի ներկայի նկատմամբ՝ այն փոխարինելով հիմնականում պատմական և կոնկրետ դիրքից մեկնաբանված տեղեկատվությամբ։ Այս պարագայում անհրաժեշտ է ցույց տալ իրավիճակի բարդությունն ու բազմաթիվ շերտերը, տեսանելի դարձնել տարածաշրջանը՝ նաև իր ընդհանուր շահերով, այդ թվում՝ տնտեսական, որոնք կարող են ակնհայտորեն խրախուսել այդ ուղղությամբ միտքն ու զգացողությունը»,- ահա այս նկատառումներն են արվում նախագծում։
«Հիմա տեսնում ենք մի իշխանություն, որը համառորեն կռիվ է տալիս մեր ինքնությունը ջնջելու համար»
«Չբացառեք, որ վաղը չէ մյուս օրը Նիկոլ Փաշինյանն օրենքի մակարդակով բերի նախագիծ, որով ինքը թույլատրում է սանրվածքների 5 տիպ միայն (գիտեք, Հյուսիսային Կորեայում 5 սանրվածքի տիպ կա կանանց և տղամարդկանց համար, ու ովքեր չեն հարդարվում այդ կերպ, նրանց սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում),- 168․am-ի հետ զրույցում կառավարության նախագծին այսպես է արձագանքում հանրային, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը և հավելում,- Ես չեմ բացառում, որ վաղը Փաշինյանն իրեն հռչակի Հայաստանի գլխավոր բալետմայստեր ու ասի, որ լավ չեն պարում, պետք է այնպես պարեն, որ համապատասխանի «իրական Հայաստանին»։
Նախագիծը ենթադրում է նաև օրենսդրական դաշտ բերել որևէ դեպքում Արցախ բառը արտաբերելու, «Արցախը մերն է» ասելու պատասխանատվություն։ Օրինակ, եթե որևէ պարային համույթ որոշի «Արարատ» դնել անունը, դա էլ այս գլավլիտյան օրենքով, թերևս, ենթադրելու է պատասխանատվություն»։
Նաիրա Զոհրաբյանը հիշեց՝ տարիներ առաջ, երբ Արցախը հայկական էր, ինքը Բաքվում է եղել, ու հյուրանոցի այն սենյակը, որն իրեն հատկացված է եղել, ադրբեջանցիները դիտմամբ ողողած են եղել Արցախի խորհրդանիշներով։
«Անգամ մեր սեղանին դեմոնստրատիվ դրել էին կոնյակ և գինի՝ «Ղարաբաղ» անունով․ այսինքն՝ էդ մարդիկ 30 տարի կռիվ են տվել իրենց հորինած երազանքն իրականացնելու համար, և հիմա մենք տեսնում ենք մի իշխանություն, որը համառորեն կռիվ է տալիս մեր ինքնությունը ջնջելու համար։
Նա հայտարարում է՝ բանակը չի կարող անվտանգության երաշխիքը լինել, կամ կարող է՝ վերջին տեղում, գնում է ներկայացում նայելու, ասում է՝ Ստեփան Զորյանը սխալ էր։ Հասկանո՞ւմ եք՝ ինքը անելու է, ինքը այնքան անկեղծ է, որ ասում է՝ ես անելու եմ, կա՞ մեկը, որ կարող է իմ ձեռքը բռնել։ Հիմա, մենք էդ «կա մեկ»-ի փնտրտուքի մեջ ենք»,- ամփոփեց քաղաքական գործիչը՝ անհրաժեշտ համարելով ընդդիմադիր ճամբարի այլընտրանքային օրակարգը՝ «Նիկոլի օրակարգերը» քննարկելու փոխարեն։
«Տեսանք, որ մամուլի ասուլիսում նա ասաց՝ կառավարությունը ես եմ․ փաստորեն, այս պարագայում ինքը նաև ասում է՝ գեղագիտությունը ես եմ»
Վավերագրող ռեժիսոր, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը հանրային քննարկման ներկայացված այս հայեցակարգն ավելին է համարում, քան գրաքննությունը։
«Եթե գրաքննությունն ինչ-որ գաղափարախոսության շուրջ է տեղի ունենում, այստեղ մի անձի շուրջ է տեղի ունենում։ Օրինակ, եթե խոսենք սովետական գրաքննության մասին, ապա այն սոցիալիզմի, կոմունիզմի գաղափարախոսության շուրջ էր, ապա այս պարագայում մենք գործ ունենք մի մարդու հետ որը բոլորին ուզում է սարքել իր նման,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննես Իշխանյանը և հավելեց,- Ընդ որում, այստեղ նշվում է, թե սա պետք է լինի իրավականության ու արդարության հիմքով, ինչը, սակայն, սկզբանե հնարավոր չէ, որովհետև «իրական Հայաստան»-ում տեղ չունի այն մարդը, որն իրական Հայաստանից կտրել է իրական Հայաստանի իրական մասերը՝ խաբելով, հանձնելով թշնամուն»։
Հովհաննես Իշխանյանն այս նախաձեռնության մեջ իշխանությունների գործունեության վտանգավոր միտումների շարունակությունն է տեսնում։
«Մենք տեսանք, որ մամուլի ասուլիսում նա ասաց՝ կառավարությունը ես եմ․ փաստորեն, այս պարագայում ինքը նաև ասում է՝ գեղագիտությունը ես եմ։ Ու սրանով, փաստորեն, պետք է սկսեն գրաքննել, մարգինալացնել, ասպարեզից դուրս մղել այն արվեստի գործերը, որոնք վերաբերում են իրական Հայաստանին՝ մեր իրական Հայաստանին»,- հավելեց նա։
«Փաշինյանի ստատուսների ժողովածուն ուզում են կառավարության որոշման տակ անցկացնել»
«Այնտեղ մտքեր են, որոնք երբևէ իրավական ակտով արձանագրվելու կարիք էլ չունեն,- «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին՝ կառավարության նախագծի շուրջ այս արձանագրումն արեց իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը և հավելեց, – Նիկոլ Փաշինյանի ստատուսների ժողովածուն ուզում են կառավարության որոշման տակ անցկացնել։ Եթե ուզում են ինչ-որ գործ անել, ինչ-որ գործ են անում, բայց այստեղ կարմիր թելով անցնում է ազգային սիմվոլիկայի ու պետության ուժի ցուցադրության ցանկացած դրսևորման վերացում։ Այսինքն՝ պետք է լինի սպառողական հասարակություն, պետք է ինչ-որ ներքին տեսարաններով, զբոսաշրջության ծառայությունների մակարդակով այս պետության գոյությունը սահմանափակվի»։