Ինչո՞ւ պաշտպանունակ և ոչ մարտունակ բանակ․ ի՞նչ գաղափարաբանություն է առաջ մղում իշխանությունը

Մինչ Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ քննակելու երկկողմ ռազմական համագործակցության խորացման հետ կապված հարցեր, Երևանում Նիկոլ Փաշինյանը բանակի, անվտանգության վերաբերյալ նոր թեզեր է դնում շրջանառության մեջ՝ պնդելով՝ ՀՀ-ին պետք է ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ։

Ըստ նրա, երբ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն չկա անվտանգություն։ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։

Նա նաև նշեց, որ բանակում կառավարությունը պատրաստ է ներգրավել բոլոր այն մարդկանց, որոնք կառավարության ռազմավարությունը կիսում են. հակառակ դեպքում այդ ռազմավարությունները հնարավոր չի լինի իրականացնել։ «Մենք ասում ենք՝ մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է։ Մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ, որովհետև մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ ի՞նչ խնդիր լուծելու համար։ Ո՞րն է այն հայեցակարգը, որն ինքը հետապնդում է, ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է։ Եթե կա հայեցակարգային համընկնում և կա պրոֆեսիոնալիզմ, այդտեղ, ես կարծում եմ՝ սահմանափակում ոչ միայն չունենք, այլև մենք այդտեղ արդեն գործիքներ ունենք»,- ասաց Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ անվտանգային ռազմավարությունը ձևավորվում է երկրի որդեգրած քաղաքականությունից, երկրի առջև դրված խնդիրներից։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, պաշտպանունակությունը մարտունակությունից բարդ է տարանջատել, քանի որ պաշտպանունակությունը միայն պաշտպանվելը չէ, դա բավականին լայն հասկացություն է, ինչպես և այն, որ եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Խրամչիխինի կարծիքով՝ այստեղ խոսքը որակումների մասին է, ՀՀ իշխանությունները ցանկանում են լսելի դարձնել, որ ձևավորում են պաշտպանությանը պատրաստ բանակ, այլապես բարդ է ասել՝ ինչո՞ւ նման հստակ որակում տալ։

«Պաշտպանունակ բանակը կարող է նաև մարտունակ լինել, ուստի այս տերմինաբանությունն անհասկանալի է թվում։ Ամենայն հավանականությամբ, այն ունի հստակ լսարան ու թիրախ՝ տեղավորվելով ռեգիոնալ զարգացումների ու միտումների կոնտեքստում։ Լսարանը ներքին է, ինչպես նաև ռեգիոնալ՝ արտացոլելով պնդումը, թե խաղաղություն է, ուստի պետք չէ մարտունակ բանակ։ Բնականաբար, եթե չկան մարտահրավերներ, անվտանգային ռիսկեր, բանակը կատարում է մինիմալ անվտանգային գործառույթներ։ Դա լավագույն իրավիճակների դեպքում, բայց արդյո՞ք աշխարհում ներկայումս այնպիսի իրավիճակ է, որ չկան անվտանգային ռիսկեր։ Անվտանգային ռիսկերը ներկայիս աշխարհում գլոբալ են, հետևաբար՝ նաև ռեգիոնալ։

Աշխարհը թևակոխել է անկայունության և պատերազմների փուլ։ Նույնիսկ ԵՄ-ն ներկայումս ամրապնդում է իր ռազմական ներուժը, նոր անվտանգային պրոյեկտներ են ծրագրվում, քանի որ պատերազմ է Ուկրաինայում։ Պատերազմ էր Իրանի ու Իսրայելի միջև, այդ թվում՝ ԱՄՆ մասնակցությամբ, սրացում էր Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Մերձավոր Արևելքի բարդ իրավիճակի մասին նույնիսկ ավելորդ է խոսել։ Հարավային Կովկասում հայտարարում են, որ կա խաղաղություն, թեև Խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում, ինչպես նաև բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, այսինքն՝ իրավիճակն անկայուն է, քանի դեռ չկա կայուն խաղաղություն համաձայնագրի պայմաններում, ինչպես խաղաղություն նաև փորձված ժամանակի ընթացքում, քանի որ միայն համաձայնագիրը և բանակցությունը խաղաղության երաշխիք չէ»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Սակայն, նրա դիտարկմամբ, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչ մարտահրավերներ ու ռիսկեր ունի, դրանց հակազդելու համար ինչ միջոցառումներ պետք է իրականացնի։

Ի տարբերություն Երևանի, վերլուծաբանի խոսքով, Բաքուն շարունակում է խաղադրույք կատարել իր ռազմական ներուժի վրա, ամրապնդելով ու զարգացնելով նաև ռազմարդյունաբերությունը, ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ։

«Սա ևս ամենայն հավանականությամբ կապված է այն խնդիրների հետ, որոնք իր առջև դնում է Ադրբեջանը։ Մենք վերջին տարիներին տեսել ենք, թե ինչպես է այդ ուժի գործոնը, ճնշումը գործի դրվել՝ ինչպես պատերազմի ընթացքում, որն Ադրբեջանը հաղթեց և առավելություններ ստացավ ռեգիոնում, ինչպես նաև պատերազմից հետո Ադրբեջանն իր այդ ռազմավարությունը չի փոխել և փոխելու միտումներ կարծես չկան։ Ռեգիոնալ իրավիճակը, կարծում եմ, փխրուն է, քանի դեռ բոլոր խնդիրները լուծված չեն, ինչպես նաև չկա բարիդրացիություն»,- նկատեց Խրամչիխինը։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում Հասանով-Բայրաքթարօղլու հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ընթացիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս