
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, բայց արցախցու՝ իր բնօրրանում ապրելու իրավունքը հավերժ է». Հակոբ Հակոբյան
Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել, իսկ Ադրբեջանին միջանցք չեն տալու, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում են «Զանգեզուրի միջանցք» անվանել Սյունիքով անցնելիք ճանապարհը, ավելին՝ Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովն ավելի հեռուն է գնացել՝ հույս հայտնելով, որ միջանցքը կստանա Իլհամ Ալիևի անունը:
Այս և այլ թեմաների շուրջ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ:
«2020թ. սկսած Նիկոլ Փաշինյանն իր բոլոր պարտությունները ձևակերպում է որպես հաղթանակներ, և վերջին պայմանագիրը, որը կարելի է կոչել պարտության վերջնական արդյունքների ձևակերպում, նույնպես ներկայացնում է որպես հաղթանակ: Սակայն հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես իրենց հանրությանը ներկայացնելու խնդիր ունեն, և ուղղակի բաց հայտարարում են, որ այն, ինչ կատարվում է, կատարվում է բացառապես իրենց թելադրանքով: Այլ հարց, որ Ադրբեջանի այդ հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ ամենը կատարում է՝ անտեսելով բոլոր տեսակի միջազգային նորմերն ու իրավունքները: Մի ղեկավարություն, եթե կարող է ցեղասպանության միջոցով 120 հազարից ավելի ժողովուրդ տեղահանել բնօրրաններից և ոչ մի պատիժ չստանալ, բնական է, որ հիմա պետք է այդպիսի հոխորտանքներով խոսի: Ցավոք, Հայաստանի իշխանություններն ընդունել են պարտվողի դերակատարությունը և շարունակում են նման վարքագիծ դրսևորել»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ երբ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո դրվեց «Լաչինի միջանցք» հասկացությունը, այդ ժամանակ գրեթե ադրբեջանցիներ այդ ճանապարհին չէին տեսնում. «Երբ միջանցքի կարգավիճակից այն տեղափոխեցին սովորական ճանապարհի կարգավիճակի, կարճ ժամանակահատվածում տեղի ունեցավ Արցախի հայաթափում: Հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունենում ՀՀ-ում, այսինքն՝ երբ այդ ճանապարհը, որն ինչ-որ ձևով տարբերվում է ՀՀ մյուս ճանապարհներից, ինչ անուն էլ որ դրան դնեն, դա ունենալու է այնպիսի կարգավիճակ, որ ամբողջովին գտնվելու է այն երկրի տիրապետության տակ, որի համար ստեղծվել է: Կարճ ժամանակահատվածում մենք կտեսնենք, որ իրենք կսկսեն տիրապետել ոչ միայն այդ ճանապարհահատվածը, այլև նրա հարակից շրջանները: Ուստի կարծում եմ՝ սա շատ նման է նրան, ինչ մենք տեսել ենք: Սա պարտության ձևակերպում է, և այն ներկայացնել՝ որպես տնտեսական զարգացման ինչ-որ հնարավորություն կամ հեռանկար, ևս այդ գեղեցիկ փաթեթավորումն է, որն այս իշխանությունները վարպետորեն կարողանում են անել: Բայց մեր հանրությունն արդեն հասկացել է իրականությունը»:
Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունների հետ ոչ ոք ոչինչ չի համաձայնեցնում. «Նրանք ոչ թե բանակցող են, այլ բանակցության առարկաներ, իրենց մասին են բանակցում և իրենց ուղղակի ներկայացնում են, թե ինչ պետք է արվի: Նրանք չունեն նաև հնարավորություն դրան հակադարձելու: Ես չեմ կարծում, որ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանը քննարկեց ՀՀ իշխանությունների հետ և եկան այն մտքին, որ ճիշտ կլինի փոխել: Ո՛չ: Ադրբեջանի իշխանությունները պահանջեցին ՀՀ իշխանություններից փոխել Սահմանադրությունը, նրանք էլ մտածում են, թե ինչպես դա պետք է անել, տեխնիկական և քարոզչական ինչ հնարքների դիմեն, որ այդ ամենն այդպես բացահայտ չլինի»:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, նա նշեց, որ Արցախի հարցը դրանով չի փակվում. «Արցախի հարցը ո՛չ այս իշխանություններն են բացել, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ-ն… Ոչ մի իշխանություն հավերժ չէ, բայց արցախցու՝ իր բնօրրանում ապրելու իրավունքը հավերժ է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում