
Լեհաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Բելառուսը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Լեհաստանի քաղաքացիներին լքել Բելառուսը և զերծ մնալ այդ երկիր այցելելուց։ Այդ մասին տեղեկացնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկիի հայտարարությունը։
«Բելառուսը ժողովրդավարական երկիր չէ և բարեկամորեն տրամադրված չէ Լեհաստանի նկատմամբ։ Ես կցանկանայի, որ այս նախազգուշացումները հնարավորինս լուրջ ընդունվեն»,-ասել է Վրոնսկին։ Ավելի վաղ բելառուսական հեռուստատեսությունը ռեպորտաժ էր ցուցադրել Բելառուսում լրտեսության մեղադրանքով 1998 թվականին ծնված լեհ քաղաքացու ձերբակալության մասին։
Պնդվում էր, որ տղամարդը տեղեկություններ էր հավաքում սեպտեմբերի 12-16-ը նախատեսված ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Կրակովի բնակիչը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել բելառուս քաղաքացու հետ և առաջարկել նրան համագործակցություն լեհական հետախուզական ծառայությունների հետ: Զրույցը վերաբերել է Բելառուսում ռազմական օբյեկտների մասին տվյալների փոխանցմանը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը անհեթեթություն է անվանել Բելառուսում Լեհաստանի քաղաքացու դեմ առաջադրված մեղադրանքները։ Տուսկը հայտնել է, որ ձերբակալվածը լեհ վանական է, որը Բելառուսում այցելել է մի քահանայի, որի հետ նա բարեկամական հարաբերություններ ունի։