Երրորդ Հանրապետության պատմության մեջ երբևէ նման մասսայական բռնաճնշումներ չեն եղել. Արեգա Հովսեփյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախընտրական բռնաճնշումներին ու խախտումներին՝ ասելով. «Մենք կուսակցությամբ ունեինք այն դիրքավորումը, որ այդքան չէինք աղաղակում, բարձրաձայնում այն լայնամասշտաբ բռնաճնշումների մասին, որ տեղի են ունենում մեր թիմակիցների նկատմամբ, որովհետև համարում էինք, որ դա իշխանությունների օրակարգն էր՝ մեզ հետ տանելու մեր օրակարգից։ Պայմանական, եթե կարող էինք գնալ մի մարզ, շփվել գյուղացիների հետ, մեր ծրագրերը ներկայացնել, նրանք փորձում են մեզ տանել մի դատարանի դիմաց կամ քննչականի դիմաց ու կանգնել ի սատարումն մեր ընկերների»։
Նա համարում է, որ մեր ընտրած մարտավարությունը ճիշտ էր. քաղաքական տեսակետից ընթանում էին իրենց օրակարգով՝ չտրվելով Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգին։
«Եվ ուզում էի նշել, որ Երրորդ Հանրապետության Հայաստանի պատմության մեջ երևի նման մասսայական բռնաճնշումներ նախընտրական շրջանում երբևէ տեղի չեն ունեցել։ Հարյուրավորներին կանչում էին քննչական։ Հիմա ես նաև կարող եմ ասել, որ ինձ ևս կանչել էին քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ես դրա մասին անգամ հանրային չեմ ասել։ Երևի թե Հայաստանի Հանրապետության գլխավոր ազգային սպառնալիքն էի ես, կամ գուցե նրանք կարծում են, որ ես եմ։
Կանչել էին հարցաքննության, և բոլոր թիմակիցները առնվազն կանչվել էին, և մեծ մասին արդեն իսկ տեղում ազատ էին արձակում, որովհետև որևէ հիմք չկար նրանց նկատմամբ վարույթ հարուցելու։ Նրանք ձգտում էին այդպիսով մեզ շեղել մեր օրակարգից, չեզոքացնել որոշներին և այլն։ Բայց ուզում եմ ասել, որ մեր ընկերները, օրինակ՝ նույն Ալիկ Ալեքսանյանը, հիշում եմ, որ դատի օրը փաստաբանի միջոցով փոխանցել էր, որ մենք դատարանի դիմաց չկանգնենք, այլ գնանք հանգստանալու, որովհետև հաջորդ օրը շատ կարևոր օր է։ Կամ նույն մյուս մեր ընկերները կոչով էին դիմում մեզ, որ չգնանք դատարանի դիմաց կանգնենք, այլ գնանք իրազեկման։ Այ այսպիսի թիմ է»

